

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Ազատամարտիկների դաշինքի անդամ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է մեկ շաբաթ առաջ անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվելու փաստին՝ ընդգծելով, որ ինքը հստակ չգիտե, թե ում պատվերով են իրեն ծեծի ենթարկել: Նա շեշտել է, որ կան ուժեր, որոնք փորձում են երկիրն ապակայունացնել եւ պղտոր ջրում ձուկ որսալ, սակայն ազատամարտիկները դրան չեն տրվի եւ գիտեն ինչպես գտնել թշնամուն: «Մենք արյան ծով չենք սարքելու, բայց կատարվածն անպատիժ չի մնալու: Ամեն ինչ ունի իր ժամանակը»,-հայտարարել է Ազատամարտիկների խորհրդի անդամը:
Սուրեն Սարգսյանը տեղեկացրեց, որ իրեն ամիսներ շարունակ հետեւել են, սակայն, ինքը չգիտե, թե ովքեր են եղել հետեւողները:
«Ես չգիտեի՝ դա Գորիկ Հակոբյանի տղերքն են, թե ուրիշինը: Այդ օրը ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ էր կազմակերպված, սեւ ֆորմով էին, մտածեցի, որ ինձ ձերբակալում են, դրա համար քայլեր չձեռնարկեցի: Ինձ փորձեցին ապակողմնորոշել` տալով Թոխմախի Մհերի անունը, բայց եթե խնդիր լիներ, ապա մենք ընդհանուր ծանոթների միջոցով կարող էինք կապվել եւ հարցը քննարկել: Դեպքից հետո տարբեր մարդիկ մոտեցան` ասելով, թե Սերժ Սարգսյանին ձեռնտու չէ, սլաքներն ուղղեցին քոչարյանական ժամանակների վրա: Ես դեմ չեմ` կարող է ինքն էլ լինի»:
Բանախոսը հավելեց, թե իր կարծիքով դա երկիրն ապակայունացնելու ձեւ է եւ այդ կերպ իշխանությունները ցանկանում են, որ ազատամարտիկները, նրա ձեւակերպմամբ, թուրն ու թվանքը վերցնեն եւ աջ ու ձախ գնդակահարեն: «Բայց դա չի լինի, մենք մեր երկիրը չենք ապակայունացնելու»,-շեշտեց Սուրեն Սարգսյանը:
«Իշխանությանը ձեռնտու չէ, բայց իշխանությունները մեղավոր են այս ամենի համար»:
Հիշեցնենք, որ Սուրեն Սարգսյանի հետ կապված դեպքից օրեր առաջ էլ բռնության էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը եւ Ռազմիկ Պետրոսյանը: Ավելի ուշ էլ իրենց շենքի մուտքում հարձակման էր ենթարկվել Աժ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ազատամարտիկների դաշինքի անդամը հակադարձեց նաեւ իր հասցեին հնչած մեղադրանքներին, թե՝ ազատամարտիկ չէ: Նման հայտարարություն էր արել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:
«Բաղմանյան Հայկազն այն տարիներին շատ շնորհքով գործ արեց, որ մեր զինվորականները կարողացան զենք հայթայթել N զորամասից: Վարդան Ավետիսյանի ջրերն ընկնելը պատիվ չի բերում»:
Ամեն ինչի արդյունքում՝ ազատամարտիկները միավորվում են, — նշեց բանախոսը: Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձին առնչվող հարցին Ազատամարտիկների խորհրդի անդամը կարծիք հայտնեց, թե դա կնշանակի քաղաքացիական պատերազմ: Ի պատասխան դիտարկմանը, որ կարծիքներ կա, որ եռյակի հետեւում կանգնած է հենց երկրորդ նախագահը, իսկ Ազատամարտիկների դաշինքն էլ եռյակի կողքին է, Սուրեն Սարգսյանը հակադարձեց՝ շեշտելով, թե բացառվում է, որ նման բան լինի: «Եթե մի օր եռյակի հետեւում երեւան Քոչարյանի ականջները, ազատամարտիկները նույն պահին դուրս կգան»,-եզրափակեց Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամը:




