Ազգային ժողովն այսօր քվեարկել է երեկ՝ արտահերթի առաջին օրը քննարկված հարցերը: Ինչպես քննարկումներն, այնպես էլ քվեարկությունները կայացել են խորհրդարանական 4 ուժերի բոյկոտի պայմաններում՝ հանարապետական, դաշնակցական և անկախ 76 պատգամավորի մասնակցությամբ: Քվեարկության է դրվել նաև «Մաքսային կարգավորումների մասին» օրինագիծը՝ հարակից փաթեթով, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանի ԵՏՄ անդամակցությամբ: Մինչև քվեարակությունը Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ բախտորոշ փաստաթուղթ է է քվեարկվում, իսկ խուսափողականությունն անընդունելի է:
«Ես հարգում եմ ցանկացած ուժի բոյկոտի իրավունքը, բայց մենք պարտավոր ենք մնալ և կարծիք հայտնել այս բախտորոշ պայմանագրի մասին»:
Ի դեպ, քվեարկությանը մասնակցելու համար բոյկոտից հրաժարվել է նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա խորհրդարանին կոչ է արել դեմ քվեարկել փաթեթին, իսկ Խաչատուր Քոքոբելյանն առաջարկել է հետաձգել քվեարկությունը՝ մինչև Ղազախստանի և Բելառուսի խորհրդարանները կվավերացնեն Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
Մաքսային փաթեթն ընդունվել է ձայների 70 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ: