Ամանորյա բարեգործական տոնավաճառ՝ Երևանի քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետարանի նախասրահներում դեկտեմբերի 13-ին և 14-ին անցկացվում է ավանդական դարձած ամանորյա բարեգործական տոնավաճառը, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ն։
«Առաջին հայացքից տոնական այս միջոցառումը բավականին խորունկ նշանակություն ունի՝ բարեգործություն, աջակցություն մարզերում բնակվող կանանց, ում օգնության ձեռք եք մեկնում նրանց ինքնուրույն նախաձեռնություններում։ Ձեզ հաջողություն եմ մաղթում օրինակելի այս ձեռնարկման ընթացքում»,- նշել է Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։
«Բարեգործական այս տոնավաճառի հասույթը տրամադրելու ենք մարզերում բնակվող կանանց տնտեսական մասնակցության խթանման նպատակով իրականացվող ծրագրերին: Իմ շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ Ասոցիացիային աջակցելու համար»,- նշել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը։
Ամանորյա բարեգործական տոնավաճառի շուրջ 80 տաղավարներում իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքներն են ներկայացնում արտադրող ընկերություններ, անհատներ, միջազգային կառույցներ, դեսպանություններ, մասնավորապես, ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը, որի ազգային կոլորիտով տաղավարը ներկայացրել է անձամբ դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն և Շվեյցարիայի դեսպանատունը, որի տաղավարը ներկայացրել է դեսպանի տիկինը։
Տոնավաճառին մասնակցում են նաև 20 սիրիահայեր՝ քաղացրավենիքի, համեմունքների ու ձեռագործ իրերի արտադրանքներով։
Երևանի քաղաքապետարանում անցկացվող բարեգործական տոնավաճառի մուտքն ազատ է։