Հասարակություն

2013- ին մամուլի հետ կատարվեց այն, ինչ այսօր կատարվում է դրամի հետ

Լուսինե Վասիլյան
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ 2014-ի առաջին 9 ամիսների ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության 7 դեպք է գրանցվել, ճիշտ այնքան, որքան  2013-ի նույն ժամանակահատվածում:  Բայց եթե 2013-ը նախագահական ընտրությունների տարի էր, հետևավար բավական լարված լրատվամիջոցների համար,  ապա 2014-ն այդպիսին չէր ու գործունեության համամատաբար  հանգիստ ժամանակահատված էր լրատվամիջոցների համար: Մինչդեռ՝ ֆիզիկական բռնությունները չեն նվազել ու սա, Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ, մտահոգիչ է: «Առավել մտահոգիչ է, որ դրանցում ակտիվորեն մասնակցում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները»,- ասում է նա։

Նույն դիտարկումը շարունակում է իրավաբան Արա Ղազարյանը:  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ամեն տարի հրապարակում է  լրագրողների նկատմամբ ճնշումների, ֆիզիկական բռնության  դեպքերի վիճակագրությունը,  բայց դժվար է հիշել որևէ դեպք, երբ բռնություն կիրառողը պատասխանատվության ենթարկվի: Վերջին շրջանի ամենաքննարկված դեպքը  «Ա1+— ի լրագրողի հետ տեղի ունեցած  միաջադեպն էր և իրավական այն ընթացքը, որ ունեցավ այս գործը։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին ԱԺ անվտանգության ծառայության պետը  խոչընդոտել  էր շենքի մոտ  ընթացող ակցիան լուսաբանող    լրագրողի մասնագիտական գործունեությունը, նաև    բռնություն էր գործադրել։ Կատարվածը դատապարտող հայտարարությամբ էին հանդես եկել լրագրողական կազմակերպությունները։ Սակայն, քննելով միջադեպը՝  Հատուկ քննչական ծառայությունը  որոշեց մերժել  քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հոկտեմբերի 7-ին գլխավոր դատախազությունը վերացրեց  մերժման մասին որոշումը՝ ՀՔԾ–ին պարտավորեցնելով  քրեական գործ հարուցել : Հատուկ քննչական ծառայությունը   երկրորդ անգամ  կարճեց  քրեական գործի վարույթը՝ նույն հիմնավորմամբ, նշելով, որ պաշտոնյայի արարքում բացակայում են լրագրողին  ծեծի ենթարկելու, նրա  գույքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ վնասելու համար նախատեսված հանցակազմերը: Գլխավոր դատախազությունը  երկրորդ անգամ վերացրեց  հատուկ քննչականի  որոշումը և  քրեական գործը  դարձյալ վերադարձվեց  ծառայությանը՝ նախաքննություն իրականացնելու համար: Լրագրողի նկատմամաբ բռնության գործն այժմ այդ փուլում է:

Ոլորտի մասնագետները համոզված են, որ քանի դեռ  որևէ պաշտոնյա կամ այլ անձ  պատասխանատվության չի ենթարկվել , լրագրողների նկատմամաբ բռնությունների դեպքեր շարունակվելու են  գրանցվել:

Եվ որոշ գնահատականներ էլ ԶԼՄ-ների բովանդակության կամ որակական փոփոխությունների մասին: Մեդիա ոլորտի փորձագետ  Սամվել Մարտիրոսյանը ԶԼՄ-երի որակի կամ բովանդակության մասին գնահատականը սկսում է դրանց քանակի մասին դիտարկումից: 2012-2013թթ. ընթացքում, նախ խորհրդարանական, ապա նախագահակն ընտրություններով պայմանավորված, ԶԼՄ-ների, հատկապես կայքերի հայաստանյան քարտեզի  աննախադեպ աճ արձանագրեց ու սա ամենևին չնպաստեց որակի բարձրացմանը. լրատվական դաշտում տեղի ունեցավ մոտավորապես այն, ինչ այսօր դրամի հետ է տեղի ունենում:

2014-ը, փորձագետի կարծիքով դրական է նախ այդ կայքերի քանակի կրճատման առումով: Մյուս միտումը, որ նկատում է  Սամվել Մարտիրոսյանը, լրատվական դաշտի այսպես ասենք սև սպիտակ բաժանումից անցումն է գունային ավելի լայն սպեկտորի:

Փորձագետը նաև նշում է, որ կայացած լրատվական  դաշտում կարգավորման ինքանկարգավորման մեխանիզմները սկսում են ավելի լավ աշխապատել, ինչը դրական է համարում: Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ հաջորդ տարի կստեղծվի լոկալ ինտերնետի կառավարման ֆորում՝ միջավայր, որտեղ հնարավորություն կլինի քննարկել ու լուծել առցանց ոլորտի հետ առնչվող խնդիրները:

Back to top button