ԿարևորՀասարակություն

Վիզաների դյուրացման այս հերթական քայլը քաղաքական ենթատեքստ չունի. Ջոն Հեֆերն

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հունվարի 1-ից ԱՄՆ-ն կսկսի վիզաների տրամադրումը Հայաստանի հետ ձեռք բերված նոր փոխադարձ պայմանավորվածությունների համաձայն: Այս մասին այսօր պարզաբանումներ են ներկայացրել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ հյուպատոս Ֆրանկ Թուն: ԱՄՆ նոր վիզային ռեժիմի մանրամասներին անդրադառնալով հյուպատոս Ֆրանկ Թուն տեղեկացրել է, որ վիզաների տրամադրման կարգը մնացել է նույնը, պարզապես վավերականության ժամկետն է երկարացվել՝  դառնալով տասը տարի:

 

Տուրիստական և գործնական նպատակներով ԱՄՆ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա՝ մինչև 10 տարի ժամկետով: Փոխանակման ծրագրերի համար էլ կտրամադրվի մինչեւ 5 տարի ժամկետով վիզա: Այս մասին հայտնեց հյուպատոս Ֆրանկ Թուն:

«Սա շատ լավ նորություն է, մենք կարող ենք ՀՀ քաղաքացիներին տասը տարի վավերականության ժամկետով վիզա տրամադրել: Սա շատ ուրախալի զարգացում է, որը կնպաստի տուրիզմի զարգացմանը եւ մեր ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը»,- ասաց հյուպատոսը:

Նա նաեւ հայտնեց, որ միջնորդավճարի չափը մնում է նույնը՝ հարյուր վաթսուն դոլար՝ անկախ տրամադրվող վիզայի վավերականության ժամկետից: Հարցին, թե որքան կարող է վիզա ստացած քաղաքացին գտնվել ԱՄՆ-ում, հյուպատոսը նշեց, թե այդ ժամկետը որոշում են սահմանային անցակետի ներգաղթային պաշտոնյաները: Դա էլ իր հերթին, նրա խոսքով, կապ ունի վիզայի տեսակի հետ: Ուսանողների համար այդ ժամկետը սովորաբար երկար է լինում, իսկ զբոսաշրջիկների եւ գործարարների համար՝ մինչեւ 6 ամիս:

Հարցին, թե ովքեր կարող են դիմել նման վիզայի համար, նա պատասխանեց. «Բոլոր դիմողներն իրավասու կլինեն ստանալ այսպիսի վիզաներ տուրիստական և գործնական նպատակներով այցելելու համար: Չափանիշները նույնն են, դրանցում որևէ փոփոխություն չի կատարվել, ուղղակի հիմա, եթե համապատասխանում ես այդ չափանիշներին, վիզան տրամադրվում է տասը տարի ժամկետով»:

ԱՄՆ հյուպատոսը նաև նշեց, որ իրենք ամեն ինչ անում են, որ դիմումի ներկայացման ընթացակարգը շատ դյուրին լինի: «Անցած տարի մենք ներդրեցինք մի ծրագիր, որով մարդիկ կարող էին առցանց հարցազրույց անցնել ու ստանալ վիզա: Ինչ վերաբերում է վիզայի տրամադրմանը, ապա՝ դա արդեն այլ հարց է եւ որոշումը կայացնում են հյուպատոսական ծառայության աշխատակիցները»,-եզրափակեց մեր երկրում ԱՄՆ գլխավոր հյուպատոսը:

Լրագրողի հարցին, թե արդյոք վիզաների դյուրացման այս հերթական քայլը քաղաքական ենթատեքստ ունի՝ պայմանավորված Ռուսաստանում համանման որոշման հետ, մեր երկրում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը արձագանքեց:

Դեսպանն ասաց, որ գործընթացը մեկնարկել էր մեկ տարի առաջ Վաշնգտոնում եւ ԱՄՆ-ի նպատակը միշտ եղել եւ մնում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը եւ ամրապնդումը: Ինչ վերաբերում է գործողության մեջ դնելու ժամկետին՝ առաջարկը արվել է Հայաստանի կառավարության կողմից:

Back to top button