
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Հաշվի առնելով հայ ընտանիքին և հոգևոր-ազգային արժեհամակարգին նետված մարտահրավերները և արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիքները այսօր Երևանի Թեքեյան կենտրոնի նիստերի մեծ դահլիճում մի շարք քաղաքական և հասարակական կազմակերպությունների, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչների և անհատների մասնակցությամբ «ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ» խորագրի ներքո տեղի է ունեցել «Հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքները, դրանց դիմագրավելու ձևերը և միջոցները» թեմայով ամենամյա համաժողովը:
Համաժողովի աշխատանքների արդյունքում մի շարք հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, նախաձեռնությունների, կենտրոնների, միությունների կողմից ստորագրվել է «ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ հոգևոր-ազգային արժեհամակարգի պաշտպանության համահայկական դաշինք»-ի ստեղծման մասին հռչակագիր: Ողջունելով համաժողովը՝ Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը ներկայացրել է դաշինքի պահանջները:
«Դաշինքի պահանջներն են ընդունել օրենք, որը պաշտպանում է երեխաներին այլասերվածության քարոզչությունից: Կանխարգելել խտրականության դեմ օրենքը, որի նպատակն է պաշտպանել որոշակի հատկանիշներով մարդկանց: Առաջարկում ենք ՀՀ կառավարությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ ի աջակցություն բազմազավակ ընտանիքների: Մշակել և օրենսդրորեն ամրագրել աբորտների արգելման մասին ՀՀ օրենքը: Նաև ընդունել օրենք, որն արգելում է բռնության քարոզչությունը ԶԼՄ-ներում»:




