ԿարևորՏնտեսական

Որոշ բանկեր կասեցրել են դրամով վարկավորումը, ոմանք էլ սպասում են նոր զարգացումների

Լիանա Եղիազարյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Հայաստանում արվում է ամեն բան, որպեսզի բյուջեի կատարողականն ապահովելու համար առավել մատչելի, դյուրին ցուցանիշներ վերցվեն՝ հեշտ հաղթահարելու համար: Մի երկրում, որն ունի շատ սահմանափակ հնարավորություններ, բյուջեի 18-20 տոկոսը ծախսվում է կառավարող անձանց վարվարձատրելու վրա, մարդկանց, որոնք ուղղակի չեն կարողանում կառավարել այս երկիրը»: Քննադատության էլ, դիտարկումների էլ հեղինակը տնտեսագետ Վարդան Բոստանջյանն է: Ստվերային տնտեսություն, ինչի ապացույցը հարկեր-ՀՆԱ 17 տոկոսանոց անչափ ցածր հարաբերակցությունն է, արտագաղթ, ներդրումների քաղց, առկա է ամեն բացասական բան, ասում է նա:

2015 թվականի պետբյուջեն շատ զուսպ և խեղճ է, ասում է Վարդան Բոստանջյանը: Դրա հիմքում ծրագրային դրույթներ չկան, գնահատում է անում նա ու հարցին հարցով էլ պատասխանում՝  ինչպե՞ս կարելի է հույսեր փայփայել, երբ այդ բյուջեում 23 միլիարդով կրճատվել են տնտեսական ծախսերը, իսկ ոստիկանությանը և ԱԱԾ-ին վարձատրելու, իշխանություններին պահելու համար 45 մլն դոլարով ավելի հատկացումներ են արվել:

Քիչ է մնում Անտարկտիդայում ու Հոնդուրասում էլ դեսպանություններ բացենք միայն նրա համար, որ ինչ-որ մեկն ուզում է դեսպանի աշխատանքի նշանակվել, ասաց։ «Մարդիկ, ովքեր «սամակատ» քշելու մասին չեն երազել, այսօր շքեղ ավտոմեքենաներ են վարում, եվրովերանորոգումներ անում»,- նկատում է նախկին պատգամավորը։

Անդրադառնալով դրամի կտրուկ արժեզրկմանը՝ Վարդան Բոստանջյանը նկատում է՝ իրադարձությունների զարգացումները ցույց տվեցին՝ հայկական դրամը կեղծ կատեգորիա է, և բնական է, որ ռուբլու գահավիժումը պետք է հանգեցներ ՀՀ ֆինանսական շուկայի անկառավարելի վիճակին:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակում են արտացոլվել Հայաստանի տնտեսության վրա: Հզոր տնտեսություն ունեցող այդ երկիրը քայլեր է ձեռնարկում հակազդելու պատժամիջոցներին ու ավելին, կայուն պահելու ֆինանսական համակարգը: Հայաստանը կարո՞ղ է հետեւել այդ օրինակին՝ կայունացնելու ֆինանսական ներքին վիճակը, Կենտրոնական բանկի վերջին քայլերը նման հույսեր տալի՞ս են:

Հայաստանյան տնտեսությունը վատթարագույն վիճակում է, երկրի տնտեսական պատկերը խիստ տխուր է. կարծում է տնտեսագետ Զոյա Թադևոսյանը: Ֆինանսական ծանր հարվածները, որոնք ստանում ենք արտաքին աշխարհից, ցույց են տալիս, որ մեր տնտեսությունն ի զորու չէ դիմակայելու մարտահրավերներին, որ այն խիստ անկայուն վիճակում է, ինչը զուգորդվում է, նրա ձեւակերպմամբ, իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականությամբ:

Այս ամենը դեռ երկար կտևի, տնտեսության մեջ անսպասելի հրաշքներ չեն լինում, ասում է Զոյա Թադևոսյանն ու շեշտում՝ Կենտրոնական բանկի քաղաքականությունը տանում է ոչ թե դրամի արժեզրկման կանխարգելմանը, այլ ընդամենն՝ արժեզրկումը որոշակի մակարդակի վրա պահելուն:

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահը վստահեցնում է՝ հայաստանյան ֆինանսական համակարգը կայուն է: Իսկ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ազգային դրամատունը  քայլեր է ձեռնարկում: Ամեն օր սակարկությունների միջոցով իրականացվում են արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Դա էլ արվում է՝ երկրում դոլարադրամային պայքարը մեղմելու նպատակով: Գլխավոր դրամատունը նաեւ հերքում է՝ իրենք դրամային վարկերի տրամադրումը դադարեցելու հրահանգ ու հորդոր չեն իջեցրել:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք հայաստանյան առեւտրային բանկերնայժմ ձեռնպահ են մնում մեր ազգային արժույթով՝ դրամով վարկերի տրամադրումից, «Ռադիոլուրը փորձեցի պարզել հենց բանկերից: Դրանք ոչ համատարած, բայց, այո, կասեցրել են դրամով վարկերի տրամադրումը, այնինչ դոլարով վարկերի տրամադրման համար այսօր ավելի գրավիչ պայմաններ են առաջարկում: Հայաստանյան մի շարք բանկեր բարձր են գնահատել իրենց ռիսկերը ու դադարեցրել են վարկերի տրամադրումը, ընդ որում՝ անորոշ ժամանակով:

Որոշ բանկեր մասամբ են կասեցրել ու չեն տրամադրում դրամով վարկեր ասենք մեքենա գնելու համար: Ի դեպ, որոշ բանկերում ընդհանրապես հրաժարվեցին պատասխանել այս հարցերին:  Որոշ բանկերից էլ հստակեցրին՝ դեռ տրամադրում ենք, բայց շատ հնարավոր է շուտով դադարեցվի՝ պայմանավորված նոր զարգացումներով:

Back to top button