
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Դեկտեմբերի 15-ին ժամը 12-ին կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարի: Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ, արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու են 8 միջազգային պայմանագրեր, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն վերաբերող մի շարք օրենքներ, ինչպես նաև այնխիսի օրենքներ, որոնց ուժի մեջ մտնելը խիստ անհրաժեշտ է, ինչպես օրինակ, ՀԴՄ-ների հետ կապված ՓՄՁ –երի պահանջի հետաձգումը, ՏՏ ոլորտի արտոնությունների շնորհումը, «Տեղական հանրաքվեի մասին» օրենքը, ինչպես նաև՝ Գյումրիի օդանավակայանին օդի տուրքից ազատելու նախագիծը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությանյանն առաջարկել է նաև արտահերթ նստաշրջանի օրակարգ ընդգրկել ԱԺ գազի հանձնաժողովի ժամկետի երկարացման հարցը: Կառավարության ղեկավաը, սակայն, չի համաձայնել: Կառավարության անդամներին Հովիկ Աբրահամյանն առաջարկել է հրատապ նախագծերի առկայության դեպքում տեղեկացնել ու դրանք էլ ընդգրկել արտահերթ նստաշրջանի օրակարգում: Եվ քանի որ տարին մոտենում է ավարտին վարչապետը կառավարության անդամներին հորդորել է հանդիպել ԶԼՄ-ների հետ և մանրամասնորեն ներկայացնել կատարած առաջարկները:
Սա միակ հորդորը չի եղել նախարարներին. «Շատ կարևոր է, որ լինեք ակտիվ և բոլոր հարթակներն օգտագործեք: Կարևոր է, որ ասուլիսների ժամանակ կոռեկտ լինեք, և լրագրողներին շահարկելու առիթ չտաք»:




