
Մայիսի 29-ին Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիայի միավորված համայնքներ կառույցը կազմակերպել է «Տարածքների դիվանագիտություն» խորագրով հանդիպում-քննարկումների շարք՝ Ֆրանսիայի ապակենտրոնացված դերակատար կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման նպատակն էր՝ շեշտելու ապակենտրոնացված համագործակցության դերը միջազգային համագործակցության զարգացման գործում։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հատնում են, որ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հաջողված օրինակ լինելու համատեքստում հանդիպմանը, որպես բանախոս, հրավիրվել էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը։

Դեսպան Խաչատրյանը մասնակցել է տարածքային միավորների արտաքին գործունեությանը վերաբերող կլոր սեղանին։ Շնորհակալություն հայտնելով համաժողովին հրավիրելու համար՝ դեսպանն անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը, որում իր ուրույն տեղն ունի երկու երկրների միջև դինամիկ զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը՝ հիմնված հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամական, անկեղծ շփումների վրա։
Ընդգծել է, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ռազմավարական նշանակության համար կարևոր հանգրվան էր 2025թ. հունիսին Գորիսում կայացած ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը՝ ինչպես միջոցառման անցկացման վայրի, այնպես էլ՝ ձևավորված ընդգրկուն օրակարգի տեսանկյունից։
Արման Խաչատրյանը խոսել է Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության շրջանակում Հայաստանում ռազմավարական կարևորություն ունեցող՝ տնտեսության, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում իրականացված ծրագրերի մասին։ Կարևորել է ծրագրերի իրականացման գործում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Ֆրանսիայի Զարգացման գործակալության շարունակական աջակցությունը։
Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայի Սենատի, Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, Զարգացման ֆրանսիական գործակալության, ինչպես նաև ռեգիոնների, դեպարտամենտների, քաղաքների ընտրված ներկայացուցիչներ։




