
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի պատմական այցի գլխավոր արդյունքը Երևանում TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի նախաստորագրումն է։
Փաստաթուղթը նախաստորագրվել է երեկ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների կարճատև հանդիպման ժամանակ։ Ինչպես պարզաբանել է Արարատ Միրզոյանը, պայմանագրի վերջնական տարբերակը կստորագրվի առաջիկա շաբաթների ընթացքում։ փաստաթուղթը երկու երկրներում էլ պետք է անցնի ներպետական մի շարք ընթացակարգեր։ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ ստորագրումից անմիջապես հետո կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը։ Ինչ ժամկետներ են նախանշվում, ինչպես է վերահսկվելու գործընթացը, որ ընկերություններն են կառուցելու ճանապարհը։
ՀՀ ԱԳՆ-ն երեկ հրապարակեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վերաբերյալ 9 էջանոց փաստաթուղթը։ Այն հաստատում է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը դառնալու է «Տրանսկասպյան առևտրային երթուղու կենսական հանգույց»։ Հայաստանի համար սա դիտվում է որպես տնտեսական շրջափակումից դուրս գալու և տարածաշրջանային ինտեգրման պատմական հնարավորություն։
Փաստաթուղթը հիմնված է դեռևս 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի վրա և նպատակ ունի խորացնել Հայաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցությունը՝ TRIPP նախագծի իրականացումը հնարավոր դարձնելու համար։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերն արդեն իսկ նմանատիպ փաստաթղթի ստորագրում էին ենթադրում։ Փորձագետը, սակայն, չէր սպասում, որ համաձայնագիրն այսքան արագ կնախաստորագրվի։
«Այն արագությունը, որով ձևակերպվեց և նախաստորագրվեց պայմանագիրը, ցույց է տալիս, որ կողմերը փաստացի չեն ունեցել կնճռոտ հարցեր և ընդամենը տեխնիկական համաձայնությունների դաշտում է եղել համագործակցությունը, ինչը բավական դրական նորություն է TRIPP նախագծի իրականացման տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ ընտրություններից անմիջապես հետո փաստաթուղթն արդեն կստորագրվի»։
Համաձայնագրում նշվում է, որ նախագիծը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանն ու ինտեգրմանը։ Միաժամանակ ընդգծվում է, որ TRIPP-ը կապելու է Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ՝ դառնալով Տրանսկասպյան առևտրային երթուղու կարևոր հանգույց։
Նախաստորագրված փաստաթուղթը TRIPP-ի իրագործման դետալավորված տարբերակն է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը։
«Որոշ մտավախություններ, որոնք գոյություն ունեն կամ ունեին Հայաստանում այդ ծրագրի հետ կապված, փարատվում են և այդ առումով առաջին հերթին այդ փաստաթղթի կարևորությունը այդ տեսանկյունից կընդգծեի։ Միակ խնդիրը, ինչպես նախկինում հրապարակված փաստաթղթերի դեպքում, այն է, որ մեծ հաշվով փոխադարձության սկզբունքը չկա սկզբունքների մեջ: Խոսքը գնում է փոխադարձ առավելությունների մասին, այսինքն՝ Հայաստանը տալիս է Ադրբեջանին պարզեցված ռեժիմով անցում սեփական տարածքով, իսկ այդ փոխադարձ առավելությունները ենթադրում են միայն ադրբեջանական և թուրքական ենթակառուցվածքներից օգտվելը Հայաստանի կողմից, ապաշրջափակումը՝ առանց որևէ պարզեցված ռեժիմի»։

Հայկական կողմը հատուկ շեշտադրում է այն հանգամանքը, որ Հայաստանը պահպանում է լիակատար իրավազորությունն իր տարածքում նախագծի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ։
Արարատ Միրզոյան․ «Ես հուսով եմ, որ մոտ ապագայում արդեն գետնի վրա աշխատանքներ կտեսնենք»։
Շրջանակային համաձայնագրով նախատեսվում է ստեղծել համատեղ ձեռնարկություն՝ «TRIPP զարգացման ընկերություն» անվամբ։ Դրանում 74 տոկոս վերահսկող բաժնեմաս կունենա ամերիկյան կողմը, 26 տոկոսը՝ Հայաստանը։ Ընկերությունը պետք է զբաղվի ենթակառուցվածքների կառավարմամբ և նախագծի իրականացմամբ։
Մինչև դրա ստեղծումը կողմերը պետք է համաձայնեցնեն ընկերության կանոնադրությունն ու բաժնետիրական համաձայնագիրը։ Փաստաթղթով նախատեսվում է նաև, որ ընկերությանը կտրամադրվեն Հայաստանում 49 տարվա բացառիկ հողօգտագործման և կառուցապատման իրավունքներ՝ հետագայում ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ընդ որում, երկարաձգման դեպքում հայկական կողմի բաժնեմասնակցությունը պետք է աճի մինչև 49 տոկոս։
Համաձայնագրում նշվում է նաև, որ ընկերությունը կարող է ունենալ դուստր կազմակերպություններ, ընտրել մասնավոր օպերատորների, կոնցեսիոներների և կապալառուների։ Սահմանային անցակետերում հնարավոր է մասնավոր օպերատորների ներգրավում՝ առաջնային սպասարկման մոդելով։ Միացյալ Նահանգները նախատեսում է աջակցել նախագծի ֆինանսավորմանը և սահմանային անվտանգության զարգացմանը։
Մասնագիտական շրջանակներում փաստաթուղթը դիտարկվում է Հայաստանի համար կարևոր տնտեսական հնարավորություն, որը երկրին տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու և միջազգային առևտրային նոր շղթաներում ներգրավվելու հիմքեր է տալիս։ Որոշ փորձագետներ, սակայն, ուշադրություն են հրավիրում նախագծի կառավարման վրա՝ հարց բարձրացնելով, թե արդյոք ամերիկյան կողմի 74 տոկոս վերահսկողությամբ ընկերության ստեղծման ու տասնամյակներով բացառիկ հողօգտագործման իրավունքը ապագայում նոր կախվածություններ չեն ստեղծի Հայաստանի համար։
Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ այս փուլում լուրջ խոչընդոտներ չեն ծագի։ Կարծում է՝ դրանք կարող են ի հայտ գալ Ադրբեջանի և Թուրքիայի ներգրավման դեպքում, իսկ որ այդ կողմերն ինչ-որ փուլում միանալու են քննարկումներին, փորձագետի խոսքով, ակնհայտ է։
«Մասնավորապես, Բաքվի մոտ կարող են ինչ-որ այլ տեսակետներ գոյություն ունենալ՝ սահմանային անցման, ստուգման ռեժիմի հետ կապված, ավելի լայն ապաշրջափակման թեմաներով։ Նույնը վերաբերում է նաև Թուրքիային, որովհետև, եթե այդ ավելի լայն ապաշրջափակումը, այդ թվում նաև թուրքական ուղղությամբ տեղի չի ունենում, TRIPP-ը մեծ հաշվով կորցնում է նպատակահարմարությունը Հայաստանի համար»։
Ռոբերտ Ղևոնդյանը չի կարծում, որ ամերիկյան 74 տոկոս վերահսկողությամբ ընկերության ստեղծումն ու երկարաժամկետ հողօգտագործման իրավունքը կարող են քաղաքական կամ անվտանգային ռիսկեր առաջացնել Հայաստանի համար։
«Ընդհակառակը՝ դա անվտանգության լրացուցիչ ռիսկերի նվազեցում է ենթադրում, որովհետև բավական բարդ է պատկերացնել, որ կլինեն ուժեր, հատկապես եթե խոսքը Ադրբեջանի մասին է, որոնք կփորձեն տորպեդահարել այն կառույցը, որը Միացյալ Նահանգներին եկամուտ է բերում։ Իսկ աշխարհաքաղաքական առումով Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանում էականորեն փոխելու է ուժերի հավասարակշռությունը և, վերջապես, մենք դուրս ենք գալու ռուս-թուրքական ակցանի միջից, որտեղ վատի ու վատագույնի միջև էինք ընտրություն կատարում»։
Հայաստանում հնչող մտահոգություններից մեկը կապված էր հարցի հետ, որ TRIPP-ի իրագործմանը կարող են ներգրավվել ադրբեջանական կամ թուրքական ընկերություններ։ Այս առնչությամբ Տիգրան Գրիգորյանը նկատում է, որ փաստաթղթում հստակ նշվում է՝ մասնաբաժինների փոխանցման հարցում Հայաստանն ունենալու է որոշիչ ձայնի իրավունք։




