ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հազվագյուտ մետաղների փնտրտուք ողջ աշխարհում․ ԱՄՆ-ի հետ հուշագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կարճատև այցի ժամանակ Կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը ստորագրվեց։

Դա անմիջապես գրավեց միջազգային մամուլի ուշադրությունը։ Այդ փաստաթղթին անդրադարձել են նաև հայ փորձագետները՝ ներկայացնելու հուշագրի տողատակերը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի երևանյան կարճատև այցը մի քանի առանձնահատկություն ուներ՝ սոցցանցում գրում է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ Վերլուծելով Ռուբիոյի այցի նշանակությունը, նա մասնավորապես կենտրոնանում է ստորագրված փաստաթղթերի, հատկապես Կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի վրա։

«ԱՄՆ-ն և Չինաստանը գտնվում են լուրջ մրցակցության մեջ օգտակար հանածոների, հատկապես՝ կրիտիկական միներալների շուրջ։ Այս ոլորտում Վաշինգտոնի հիմնական նպատակներն են՝ նվազեցնել սեփական կախվածությունը չինական մատակարարումներից և միաժամանակ ազդեցություն հաստատել հանքարդյունաբերության ոլորտում ռեսուրսներով հարուստ երկրներում։ Այս նպատակով ԱՄՆ-ն նմանատիպ համաձայնագրեր է ստորագրել Ուկրաինայի, Սաուդյան Արաբիայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ավստրալիայի, Ղազախստանի և տասնյակ այլ երկրների հետ։

Ի դեպ, Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ նկրտումների հիմնավորումներից մեկը նույնպես նրա հանքային հարստությունն է, ինչի մասին Թրամփի վարչակազմը բազմիցս խոսել է»։

Ամփոփելով պետքարտուղար Ռուբիոյի՝ Հայաստան այցի արդյունքները, Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը գրում է, որ կարևորագույն հանքանյութերի մասին փոխըմբռնման հուշագիրը և ստորագրված մյուս փաստաթղթերը խորացնում են երկկողմ հարաբերությունները։ Դրանից զատ՝ այդ փաստաթղթերը առաջ են մղում Միացյալ Նահանգների և Հայաստանի՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածությունները:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո․ «Փոխըմբռնման հուշագիրը կարևոր մետաղների մասին փոխադարձ բարեկեցությունը մեծացնելուն միտված քայլ է, և դրանց մշակումը, վերամշակումն ու արդյունահանումը կարևոր են ապագա բարեկեցության համար։ Այն երկրները որոնք կկարողանան դա անել՝ կկարողանան տնտեսական անկախության ձեռք բերել, կկարողանան հայտնվել նորարարությունների կենտրոնում 21-րդ դարում, իսկ ովքեր հետ կմնան, կտուժեն դրանից։ Մենք կարող ենք աշխատել, որպեսզի մեր երկու երկրները, մեր երկու տնտեսությունները ունենան հուսալի հասանելիություն կարևորագույն հանքանյութերին, և սա ոչ միայն օգտակար կլինի ֆինանսապես, այլ նաև կնպաստի նորարությունների շրջափուլի ապահովմանը, որը կարևորագույն գործոն է 21-րդ դարի համար։ Եվ դուք ճանապարհ եք հարթում ավելի պայծառ և ավելի անկախ ապագա Հայաստանի համար։ Եվ մենք ուրախ ենք այստեղ մեր աջակցությունը տեսնելու»։

Reuters-ը նշում է, որ TRIPP-ն ավելի լավ կկապի Ասիան ու Եվրոպան՝ շրջանցելով Ռուսաստանը և Իրանը՝ այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրություն է ցուցաբերում ռեսուրսներով հարուստ Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյան․ «Ընդհանրապես, եթե նկատել եք, ողջ աշխարհն այսօր մի յուրօրինակ մրցավազքի մեջ է հայտնվել կրիտիկական մետաղների, կիսահաղորդիչների, ԱԲ և մատակարարման շղթաների նոր ուղիների հաստատման հարցում։ Ես պետք է հպարտությամբ ասեմ, և սա ամենևին չափազանցություն չէ․ ՀՀ-ն այս պահին ունի իսկապես պատմական հնարավորություն հայտնվելու այդ նոր մատակարարման ճանապարհների վրա, դառնալու այդ ճանապարհների, լոգիստիկ ուղիների կարևորագույն հանգույցներից մեկը, կարևորագույն օղակներից մեկը և մեր այս բոլոր քայլերը ուղղված են դրան, որպեսզի ապահովեն Հայաստանի շատ կարևոր դերը այս նոր աշխարհում»։

Reuters-ը նաև շեշտում է, որ Ռուբիոյի այցը Երևան տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանը սպառնում է, որ Երևանի վրա տնտեսական ճնշում կգործադրի Արևմուտքի հետ կապերն ամրապնդելու համար։

Կարդացեք նաև

Back to top button