ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Տնտեսական «պատժամիջոցներ» ընտրություններից առաջ․ Մոսկվան զգուշացնում է Երևանին

ՌԴ-ում արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրի, հայկական արտադրության ակլոհոլային որոշ խմիչքների վաճառքը, սահմանափակվել մի շարք ապրանքների ներկրումը։ Նախընտրական Հայաստանում այս որոշումներն ընկալվում են որպես ազդակներ, որոնք ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական բովանդակություն ունեն։ Ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին շատ է խոսվել։ Եթե նախկինում դա արվում էր տարբեր պաշտոնյաների հայտարարությունների միջոցով, ապա այժմ իրականացվում է գործնական «պատժամիջոց» հիշեցնող քայլերի միջոցով։ Այս զարգացումներին  զուգահեռ Ռուսաստանի միջամտությունը փաստող հերթական բացահայտումն արել է Ռուսաստանից վտարանդի փորձագետների խումբը։

«Ջերմուկ», ծաղիկներ, ոգելից խմիչքի որոշ տեսակներ, գյուղմթերք․ ռուսական շուկայում հայկական այս ապրանքների օրական շրջանառության ընդհանուր արժեքը, ըստ տարբեր հաշվարկների, շուրջ 1.8 միլիոն դոլար է։ Այսքան եկամուտ չի ստացվել Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ տնտեսական ճնշումների հետևանքով։ «Ռոսսելխոզնադզորն» ու «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայկական որոշ ապրանքատեսակների որակի հետ կապված խնդիրներ են արձանագրել, բայց որ տնտեսական ճնշումները քաղաքական հիմք ունեն, թերևս ապացուցում են ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունները։

Հայաստանյան զարգացումները ռուս պաշտոնյան գնահատում է որպես Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու ճանապարհ, և կարծիք հայտնում, որ դա «կվնասի ամբողջ հայ ժողովրդին և երկրի տնտեսությանը»։ Իր վերջին հարցազրույցում Մեդվեդևն  ուղիղ տեքստով ասել է, որ ՀԱՊԿ–ը, ԵԱՏՄ–ն և Ռուսաստանը վտանգող քայլերը «հետևանքներ կունենան»։  Նա իրավիճակը համեմատել է ուկրաինականի հետ և չի թաքցրել, որ Կրեմլը ընտրություններից հետո Երևանում «կառուցողական ղեկավարություն» տեսնելու  ակնկալիք ունի։ Միաժամանակ, ռուսաստանցի պաշտոնյան նախազգուշացրել է՝ Հայաստանը ստիպված կլինի ռուսական գազը գնել եվրոպական գնով, ինչը գործողից երեք անգամ բարձր է։

Հայաստանի իշխանությունն արձագանքում է՝  պաշտոնական Երևանը շահագրգռված չէ Մոսկվայի  հետ քաղաքական, տնտեսական կապերը խզելու հարցում, ընդհակատակը,  բնականոն հարաբերությունները պահպանելու և խորացնելու ցանկություն ունի։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյան․

«Կոնկրետ Ձեր մատնանշած պաշտոնյան ժամանակ առ ժամանակ բոլորի նկատմամբ իրեն որոշակի այդպիսի խոսելաոճ է թույլ տալիս, բայց առհասարակ անդրադառնալով Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին, խնդիրներ բոլոր հարաբերություններում էլ կան։ Մենք ընդհանրապես տրամադրված չենք մթնոլորտը է՛լ ավելի լարելուն կամ սրելուն։ Ու այդ խնդիրներից շատերը նախկինում էլ` 10 տարի առաջ, 15 տարի առաջ եղել են ծիրանի մուտք, գինու մուտք, օղու մուտք արտահանման։ Մենք կառուցողական, առողջ մթնոլորտում մեր գործընկերների հետ կքննարկենք և հուսով եմ` կգտնենք լավ լուծումներ։ Մշտապես շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր նորմալ գործընկերությունը պահպանելուն և զարգացնելուն, և մեր որևէ հարաբերություն երրորդ գործընկերոջ դեմ ուղղված չէ»։

Պաշտոնական Երևանն այս դեպքում խոսում է ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքի մասին։ Նաև կարծում է, որ խնդիրներն այն ծավալի և խորության չեն, ինչպես ներկայացվում են։ Պաշտոնական մեկնաբանություններում չեն բացառվում նաև արտադրանքի որակի հետ կապված  խնդիրները․ իշխանությունն առաջարկում է արտադրողներին պահպանել անհրաժեշտ չափորոշիչները։  

Ռուսաստանից եկող ազդակներն անհանգստացնում են նաև Հայաստանի ներքաղաքական դաշտի այլ «խաղացողներին»։ «Ռուսաստանն ընտրություններում իր նախընտրած թեկնածուին աջակցելու համար տնտեսական ճնշումների է դիմում, որից տուժում են գյուղացին ու գործարարը»,– հայտարարում է Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը։

2 – «Ինձ համար պարզ է, որ Ռուսաստանը Հայաստանին չի համարում գործընկեր պետություն, մեզ նայում է որպես իրենից կախված պետություն։ Այս ամենը պարզ է, չէ՞ որ Ռուսաստանն անում է, որպեսզի իր ուզած հարցերը առաջ տանի։ Օրինակ` նախընտրական այս վիճակում ինչու՞ է նման բան անում։ Ես կարծում եմ` դա անում է, որ կա այս նախընտրական փուլում մասնակցող, Մոսկվայի նախընտրած քաղաքական ուժ, թեկնածու և արվում է նրանց օգտին։ Տեսեք, մեր տնտեսության մեջ կան ցավացող կետեր, զգայուն, խոցելի կետեր, դրանց վրայով գնում են, որով ճնշում են առաջացնում իհարկե։ Այսինքն` ի՞նչ է ստացվել արտաքին կողմնորոշումը դարձել է ներքին պայքարի գործիք, իրար դեմ պայքարի գործիք»։   

Ռուսաստանի համար ազդեցության գործիք է նաև գազի գինը։ Այս խնդրին անդրադարձել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  Նա հայտարարել է, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Մեջբերում Պեսկովի խոսքից․

«Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ ռուսական գազի և ռուսական էներգիայի համար կա շատ գրավիչ, ավելի քան արտոնյալ գին։ Սա իսկապես ճիշտ է. Ռուսաստանը մնում է էներգակրի հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների, և հատկապես իր ամենամոտ դաշնակիցների և գործընկերների համար։ Նման ռեժիմ չի կարող գործել այլ ինտեգրացիաների մասնակիցների համար։ Այնտեղ գնագոյացումը բոլորովին այլ է․ այն շուկայական է։ Մեր ընկերները Երևանում լավ գիտակցում են դա»։

Ամեն դեպքում Պեսկովը հայտարարել է նաև, որ «Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ են և շարունակում են երկխոսել»։

Գազի գնին ոչ այնքան դիվանագիտորեն է անդրադարձել Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ խորհուրդ տալով Հայաստանին  արդեն իսկ սկսել բանակցությունները ԱՄՆ-ից հեղուկ բնական գազ գնելու շուրջ։

Պաշտոնական Երևանը արդեն պատասխանել էր այս հարցի շահարկումներին՝ հիշեցնելով, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունների լարման ֆոնին անգամ ռուսական գազը չի կարող թանկանալ Հայաստանի համար։ Հայաստանի  գործադիր իշխանությունը խոսել էր երկկողմ համաձայնագրերի ու պայմանագրերի մասին, որոնք խստորեն կարգավորում են ռազմավարական վառելիքի գնագոյացումը։ Պայմանագրում կան հստակ դրույթներ, և գազի գնագոյացման հարցում կողմերն ունեն ռազմավարական պայմանավորվածություններ, որոնք պետք է պահվեն՝ հայտարարել է Հայաստանի կառավարությունը։ Երևանն ընդգծում է, որ հայ–ռուսական այդ փաստաթղթերը փոխշահավետ են։    

Քաղհասարակության ներկայացուցիչները, մինչդեռ ի պատասխան ռուսական տնտեսական պատժամիջոցների նշում են, որ Հայաստանը նույնպես լծակներ ունի և կարող է համարժեք պատասխան տալ։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն առնվազն 6 կետ է նշում, որոնք կարող են լինել Հայաստանի  պատասխան քայլերը։ Նրա կարծիքով՝  հենց Ռուսաստանի համար է վտանգավոր, օրինակ, ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալը․ դա խնդիր կարող է դառնալ հենց կառույցի կայացման համար։ Իոաննիսյանը հիշեցրել  է նաև երկաթուղու ազգայնացման և  102–րդ ռազմաբազայի տեղակայման հարցերը։ Տնտեսական հարթությունում առանձնացրել է արևմտյան ապրանքների՝ Հայաստանով Ռուսաստան մուտք գործելու արգելքի հնարավորությունը։ «Մոլորակի կեսը կպտտվեք, Ղրղզստանով կներմուծեք, այդ մաքսատուրքերի 98,7%-ը մերը չէր»,- գրել է Իոաննիսյանը։

Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին փաստող հերթական բացահայտումն արել է Ռուսաստանից վտարանդի փորձագետների խումբը ekstrategies.org կայքում։ Իոաննիսյանի դիտարկմամբ՝ Ekstrategies communication center–ի զեկույցը Հայաստանում գրեթե աննկատ մնաց, մինչդեռ այն ներկայացնում էր ռուս բարձրաստիճան պաշտոնյաների ամբողջական նկարագիրը, որոնք զբաղվում են Հայաստանի ընտրություններին միջամտելու գործով։

«Ցանկը երկար է։ Առաջին անունը Սերգեյ Կիրիենկոն է Պուտինի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն է, ղեկավարել է «Ռոսատոմ»–ը՝ Ռուսաստանի միջուկային կորպորացիան, որը Աֆրիկայում, Ասիայում էներգետիկ գործարքներ կնքելով, կախման մեջ է դրել մի շարք երկրներին Ռուսաստանից։ Կիրիենկոն կառուցել է Ուկրաինայի օկուպացրած տարածքների կառավարման համակարգը։ Հայաստանը Կիրիենկոյի հերթական փորձադաշտն է։ Նա բերում է Կրեմլի ներքին մեթոդները` խաղը վերահսկել դրա վաղ փուլում, որոշել, թե որ հակամարտությունները պետք է բաց մնան, զայրույթը տեղափոխել իր համար օգտակար ուղղություններով և նախապատրաստել մի քանի սցենար դեռևս ընտրություններին նախորդող շրջանում»։

Բոլոր շահարկումներին, բացահայտումներին և  հեռակա բանավեճերին ի պատասխան ԵՄ–ից պարզապես պատասխանում են, որ Հայաստանն ինքը կորոշի իր ապագա ճանապարհը։ Դա վերաբերում է նաև ԵՄ–ին անդամակցելու մտադրությանը։

Կարդացեք նաև

Back to top button