
Լուսինե Վասիլյան
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Օրվա առիթով համաժողով է հրավիրել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Համաժողովն առանձնացել է թե ձևաչափով, թե մասնակիցների կազմով ու ներկայացուցչականությամբ: Քննարկման առաջին հատվածում կլորի սեղանի շուրջ մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան իրավիճակը քննարկել ու գնահատել են ոլորտի հետ առնչություն ունեցող 7 գերատեսչությունների ղեկավարները, իսկ համաժողովի երկրորդ հատվածը նվիրվել է տնտեսական իրավունքների պաշտպանությանը:
Այս քննարկմանն արդեն մասնակցել են հանրապետության վարչապետը, դիվանագիտական կորպուսի ու տնտեսական կառույցների ներկայացուցիչներ: Հովիկ Աբրահամյանը ողջունելի է համարել օմբուդսմենի նախաձեռնությունն ու կառուցողական մոտեցումը: Ինչ վերաբերում է տնտեսական իրավունքների պաշտպանությանը, ապա վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը քաղաքացու արժանապատիվ կենսակերպի երաշխավորումն է:
Իսկ օմբուդսմենը մարդու իրավունքերի պաշտպանության առումով որոշ ոլորտներում բարելավում է արձանագրում, որոշներում էլ ՝ հետընթաց: Խոսքն, օրինակ դատախազության մասին է: Ոլորտից օմբուդսմենը դժգոհություններ ունի, իսկ համագործակցությունն, ասում է, չի ստացվում: Ի դեպ, գլխավոր դատախազն այսօրվա քննարկմանը չի մասնակցել: Ներկա են այն գերատեսչությունների ղեկավարներն, որոնց հետ մեր համագործակցությունը ստացվում է՝ ասել է Կարեն Անդրեասյնը: Իսկ անդարդառնալով քննարկման նոր ձևաչափի ընտրությանը՝ հետևյալ պարզաբանումն է արել:
«Տարվա մեջ 364 օր քննադատում ենք, կարծում եմ՝ մեկ օր էլ իրավունք ունենք լավի մասին խոսել: Լավն ասենք, որ լավ լինի՝ սա առաջին սկզբուքն է: Երկրորդը՝ վատի մեջ պետք չէ բոլորին խառնել և վերջապես ՝ արդյունավետ լինելու համար պետք է համագործակցել պետական մարմինների համար»:




