Հասարակություն

Հանրային խորհրդին ներկայացվել է Կրթության գերազանցության ազգային ծրագիրը

Այսօր ՀՀ Հանրային խորհրդում «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը ներկայացրել է Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի նպատակը հայկական բակալավրիատի կամ ինչպես իրենք են անվանում՝ «Արարատյան Բակալավրիատի» համակարգի ներդրումն է` որպես միջազգայնորեն ճանաչված և գրավիչ կրթական հարթակ:
Ծրագրի առաջին փուլով առաջարկվում է իրականացնել ուսուցիչների վերապատրաստման և հավաստագրման գործընթաց՝ միջազգային չափորոշիչներով:
Հեղինակներն ակնկալում են, որ Կրթության գերազանցության ազգային ծրագիրն առանցքային դեր կունենա կրթված, արհեստավարժ և հային արժանի արժեհամակարգով երիտասարդ սերնդի դաստիարակման գործում:
Դավիթ Սահակյանը նաև ներկայացրել է «Այբ» դպրոցի գործունեությունը և պարզաբանել, թե հատկապես ինչու է ծրագրի հիմքում դրվել «Այբ»-ի մոդելը:
Նա տեղեկացրել է, որ ծրագիրը հանրային քննարկումների ակտիվ փուլում է, որից հետո միայն այն կվերամշակվի, կամբողջացվի և գարնանը կներկայացվի ՀՀ կառավարության դատին:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, կարևորելով կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականցնելու անհրաժեշտությունը, շեշտել է, որ Հանրային խորհրդի թիրախային խնդիրներից մեկը եղել և մնում է Հայաստանի կրթական համակարգը՝ մասնավորապես հանրակրթությունը, որտեղ կան բազմաթիվ չլուծված հարցեր՝ կապված դասագրքերի, մանկավարժների մասնագիտական որակավորման և շատ այլ հարցերի հետ:
Նա ընդգծել է, որ կրթական ոլորտում պետք է լուծել երկու հիմնական խնդիր. առաջին՝ բարձրացնել ողջ կրթական համակարգի որակը, երկրորդ՝ ստեղծել կրթական մի մոդել, որը թելադրված չէ դրսից և կարող է առաջատար օրինակ դառնալ ու տարածվել ողջ կրթական համակարգում՝ միաժամանակ ապահովելով շրջանավարտների ինտեգրումը միջազգային կրթական ծրագրերին և դաստիարակելով ազգային մտածելակերպով ու ազգային արժեհամակարգով քաղաքացիներ:
Քննարկմանը հրավիրված են եղել նաև Հայաստանի մասնավոր ու պետական կրթական հաստատությունների ղեկավարներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, որոնք մի շարք հարցեր են ուղղել Դավիթ Սահակյանին ծրագրի իրականացման հնարավորությունների, դրա արդյունավետության, ակնկալվող արդյունքների վերաբերյալ:
Ամփոփելով հանդիպումը՝ ՀԽ նախագահը նկատել է, որ քննարկման ընթացքում ծրագրի բովանդակային մասի հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնք հնարավոր կլինի պարզաբանել միայն մասնագիտական լուրջ քննարկումների արդյունքում. օրինակ, թե որքանո՞վ է պետությունը ներգրավված այս ծրագրի մեջ, ընտրված մոդելը ի՞նչ խորությամբ է ուսումնասիրվել, ի՞նչ գնահատական է տրվել դրան, արդյոք այդ մոդելը կարո՞ղ է տարածվել կրթական ողջ համակարգի վրա և այլն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հանրային խորհրդում այդ հարցերի վերաբերյալ առաջիկայում կազմակերպել առավել խորը և բովանդակային քննարկում:
Back to top button