
Երկօրյա պաշտոնական այցով Չինաստանում է Ռուսաստանի նախագահը։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Վլադիմիր Պուտինը քննարկել է տնտեսական գործակցության հարցեր, միջազգային ու տարածաշրջանային կարևոր թեմաներ։ Պուտինի այցը Պեկին համընկնում է Ռուս–չինական բարեկամության պայմանագրի ստորագրման 25-ամյակին։ Իսկ այս այցի ժամանակ կողմերը ստորագրել են 4 տասնյակի հասնող փաստաթղթեր, շեշտել են հարաբերությունները ավելի խորացնելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը։
Պեկինը ձգտում է կայուն հարաբերություններ պահպանելու Միացյալ Նահանգների հետ՝ միաժամանակ չթուլացնելով կապերը Ռուսաստանի հետ, գրում է միջազգային մամուլը՝ անդրադառնալով այս ամիս միաժամանակ երկու գերտերությունների առաջնորդների՝ Պեկին այցերին։
Ուշագրավ է, որ ՌԴ նախագահ Պուտինի այցը Չինաստան տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից ընդամենը մեկ շաբաթ հետո։
Պեկինը և Մոսկվան երկարաձգել են Բարիդրացիության, բարեկամության և գործակցության մասին պայմանագիրը:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պարզաբանել է, որ Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների երկարաժամկետ, կայուն, առողջ զարգացումը խթանելը ռազմավարական ընտրություն է, որի շուրջ որոշումը ընդունվել է հաշվի առնելով երկու երկրների շահերը և աշխարհաքաղաքական փոփոխությունների միտումները:
«Վերջին երեք տասնամյակներին Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները դիմացել են փոփոխվող հանգամանքների փորձությանը և զարգացել են: Երկկողմ կապերը շարունակ զարգացել են՝ հասնելով պատմության մեջ ռազմավարական գործընկերության ամենաբարձր մակարդակին: Սա օրինակ է գերտերությունների միջև նոր տեսակի հարաբերությունների համար:
Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները դարձել են հիմնական կայունացնող ուժ՝ դարում չտեսնված փոփոխությունների պայմաններում»:
ՌԴ նախագահ Պուտինը ևս փաստել է, որ Չինաստանի հետ հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի՝ հակառակ անբարենպաստ արտաքին գործոններին։ Երկու երկրների ղեկավարների քննարկումների առանցքում նաև միջազգային հարցերն են եղել․
«Գլխավորն այն է, որ Ռուսաստանը և Չինաստանը հանձնառու են անկախ և ինքնավար արտաքին քաղաքականությանը, գործում են ռազմավարական սերտ գործընկերության սկզբունքով և կարևոր կայունացնող դերակատարում ունեն համաշխարհային ասպարեզում»:
Ռուսաստանն ու Չինաստանը միջկառավարական, միջգերատեսչական մակարդակի մոտ 40 փաստաթուղթ են ստորագրել։ Դրանց մեծ մասը ուղղված է տնտեսական գործակցության հետագա խորացմանը․
«Ռուսաստանը և Չինաստանը առևտրային կարևոր գործընկերներ են: 2025–ին երկկողմ առևտրաշրջանառությունը հասել է գրեթե 240 մլրդ դոլարի: Արտահանման և ներմուծման ռուս-չինական գրեթե բոլոր գործարքները կատարվում են ռուբլիով և յուանով: Այսպիսով, մենք, ըստ էության, կառուցել ենք փոխադարձ առևտրի կայուն համակարգ, որը պաշտպանված է արտաքին ազդեցությունից և համաշխարհային շուկաների բացասական միտումներից»:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը նավթի, բնական գազի, հեղուկացված գազի և ածխի խոշորագույն արտահանողներից մեկն է Չինաստան և շարունակելու է էներգակիրների անխափան մատակարարումը:
Պուտին-Ծինփին բանակցությունների ժամանակ չի շրջանցվել նաև զբոսաշրջային հոսքերն ավելացնելու թեման։ ՌԴ նախագահը նշել է, որ զբոսաշրջության աճը նպաստում է վիզային ռեժիմի փոխադարձ չեղարկման ժամկետների երկարաձգմանը, որի հիմքը դրվել է 2025 թվականին։ Արձանագրվել է, որ 2025–ին Չինաստան է այցելել ՌԴ ավելի քան 2 մլն քաղաքացի, իսկ Ռուսաստան՝ Չինաստանի ավելի քան 1 մլն քաղաքացի: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի ուշ հայտարարել է, որ ՌԴ–ն նախատեսում է մինչև 2027 թվականը երկարաձգել առանց վիզայի ռեժիմը Չինաստանի հետ։ Պեկինը ևս երկարաձգել է վիզային ռեժիմի չեղարկումը մինչև 2028 թվականը։ Ի դեպ, Պեսկովը չի բացառել, որ այս տարվա նոյեմբերին Չինաստանում կարող են հանդիպում ունենալ ՌԴ և ԱՄՆ նախագահները։




