ԿարևորՏնտեսական

Հարկեր բաժնետերերին․ ինչպես է պետությունը հարկելու բանկերի շահույթը

Բանկերի կողմից կատարվող ֆինանսական գործարքների եւ գործառնությունների հիմնական մասն ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ): Պատճառն այս ոլորտի առանձնահատկությունն է, առաջինը՝ գործարքների եւ գործառնությունների մակարդակում նոր ստեղծվող արժեքի մեծությունը որոշելը բարդ է, իսկ ԱԱՀ հարկով հարկման օբյեկտը հենց այս կամ այն գործառնությունների շրջանակում ձեւավորվող նոր արժեքն է: ԱԱՀ-ից ազատելու մոտեցումը միջազգայնորեն լայն տարածում ունի եւ Հայաստանը բացառություն չէ. Մեր երկրում եւս բանկային ոլորտում մատուցվող ծառայությունների գերակշիռ մասն ազատված է ԱԱՀ-ից:

Որպեսզի որեւէ ձեւով փոխհատուցվի չվճարված այս հարկը, միջազգային պրակտիկայում տարբեր մոտեցումներ են կիրառվում: Երկրների մի մասը հատուկ բանկային ոլորտի համար սահմանում է հարկատեսակներ, մյուս մասը՝ պարզապես շահութահարկի ստանդարտ դրույքաչափը բանկային ոլորտի համար չի կիրառում, այլ ավելի բարձր շահութահարկի դրույքաչափ է կիրառում: Որոշ երկրներում կիրառվում է, այսպես կոչված, գերշահույթի հարկ: Բոլոր տարբերակներն ունեն իրենց ուժեղ եւ թույլ կողմերը:

Գործադիրը տեւական ժամանակ քննարկել է բոլոր հնարավոր տարբերակները, նաեւ դրանց դրական ու բացասական կողմերը, ազդեցությունները: Նպատակն է եղել գտնել այնպիսի լուծում, որը բանկային ոլորտի ծառայությունների գների բարձրացման չհանգեցնի, մեր քաղաքացիների կամ գործարարների համար մատուցվող ծառայությունների գների վրա ճնշում չլինի եւ գնաճային ռիսկեր չգեներացվեն:

Հարկային օրենսգրքում եւ «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող լրացումներ եւ փոփոխություններն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Ընտրված մոդելով բանկերի կողմից իրենց բաժնետերերին, մասնակիցներին բաշխվող շահաբաժինները կհարկվեն ոչ թե ստանդարտ 5 տոկոս դրույքաչափով, ինչպես տնտեսության մյուս ոլորտների պարագայում է, այլ ավելի բարձր՝ 15 տոկոս դրույքաչափով: Խոսքը ե՛ւ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ, ե՛ւ կազմակերպություններին, այդ թվում՝ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ, բաշխվող շահաբաժինների հարկի դրույքաչափը բարձրացնելու մասին է:

«Այսինքն՝ քանի դեռ շահույթը մնում է բանկում եւ վերածվում տարբեր բանկային պրոդուկտների, այդ թվում՝ վարկերի, միջնորդությունների, ապա Կառավարությունը հավակնություն չունի լրացուցիչ բեռ սահմանել բանկերի համար, բայց երբ այդ շահույթը դուրս է բերվում բանկային համակարգից, ապա այս փուլում Կառավարությունն առաջարկում է հարկը սահմանել ավելի բարձր դրույքաչափով»,- պարզաբանել է նախարարի տեղակալը: Նպատակն է նաեւ բանկերում ներդրումների կատարումը կամ բաժնետիրացումը դարձնել ավելի մասնակցային, որ փոքր բաժնետերերը շահագրգիռ լինեն եւ հնարավորություն ունենան բաժնեմասնակցություն ձեռք բերել բանկերում: Առաջարկվում է շահաբաժնից պահվող հարկը պահպանել նախկին մակարդակում, եթե բանկի բաժնետոմսերը ցուցակված կլինեն Կառավարության հաստատած ցանկում ներառված ֆոնդային բորսայում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նկատել է, որ օրենքի գործողության արդյունքում երեք հանգամանք կարող է տեղի ունենալ. կա՛մ բանկերն ավելի շատ հարկ են վճարելու շահաբաժնի տեսքով, կա՛մ մեզ մոտ խթանվելու է բաժնետիրացման գործընթացը, կա՛մ շահաբաժին չեն բաշխելու, եւ բանկերն այդ գումարն ուղղելու են իրենց կապիտալի ավելացմանը: «Ցանկացած պարագայում մենք ինչ-որ արդյունք ակնկալում ենք կամ բոլոր արդյունքները մաս-մաս»,- նշել է հանձնաժողովի փոխնախագահը:

«Այս կամ այն կերպ Ձեր նշած հնարավոր սցենարներից մեկը պետք է դրսեւորվի, իսկ երեքի դեպքում էլ մենք արձանագրելու ենք հանրային օգուտներ»,- Բաբկեն Թունյանի նկատառմանն ի պատասխան՝ ընդգծել է ֆինանսերի փոխնախարար Արման Պողոսյանը:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Կարդացեք նաև

Back to top button