
Հորմուզի նեղուցում երթևեկության խափանումներն ազդում են ոչ միայն էներգակիրների, այլև գյուղատնտեսության համար էական նշանակություն ունեցող ապրանքների վրա։ Դրանով պայմանավորված՝ պարենային ապրանքների թանկացման մեծ վտանգ կա։ Համաշխարհային շուկաներում արդեն արձանագրվում է գների թռիչքաձև աճ։ Հայաստանն էլ անմասն չէ նման վտանգներին։ Ավելին՝ կանխատեսվում է, որ գնաճը Կենտրոնական բանկի սահմանած 3 % թիրախից բարձր է լինելու։ Հունվար–ապրիլին մոտ 4,5 % է կազմել։
ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ ապրիլին՝ երրորդ ամիսն անընդմեջ, պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսն աճում է։ Դա պայմանավորված է Պարսից ծոցի երկրներում տեղի ունեցող իրադարձություններով։ Հորմուզի նեղուցի շուրջը ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ աճել են հատկապես հացահատիկային մշակաբույսերի, բուսական յուղերի և մսամթերքի գները։ Նավթամթերքի բարձր գների և կենսավառելիքի պահանջարկի աճի պատճառով բուսական յուղերի գները հասել են 2022-ից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Գյուղմթերքի արտադրության խնդիրները սրվում են հատկապես պարարտանյութերի թանկացման պատճառով։
Ջեք Լինվելը պարարտանյութեր արտադրող ընկերություններից մեկի փոխնախագահն է։ Նա բացատրում է շուկայում տիրող իրավիճակը։
«Ազոտի և ֆոսֆատի համաշխարհային առաջարկն ու պահանջարկը, որոնց այնքան էլ ուշադրություն չի դարձվում, ավելի կարևոր են դառնում։ Բոլորը խոսում են նավթի, գազի մասին, որ անցնում է այնտեղով։ Քչերը գիտեն, որ աշխարհում ամենաշատ վաճառվող ազոտային արտադրանքը, իր համաշխարհային ծավալի մոտ մեկ երրորդով, անցնում է Հորմուզի նեղուցով»։
Կրկնվող հակամարտությունների և լոգիստիկ անորոշության պայմաններում ներքին ռազմավարական ներդրումների անհրաժեշտությունը գնալով ավելի կարևոր է դառնում գյուղատնտեսության համար: Իրավիճակը մտահոգիչ է հատկապես ֆերմերների համար։
Պարենի համաշխարհային կազմակերպության փորձագետները ապրիլյան զեկույցում ևս արձանագրում են, որ 2026 թվականի ցորենի բերքի հեռանկարը անորոշ է։ Հայաստանն էլ անմասն չէ համաշխարհային շուկայի փոփոխություններին։ ԿԲ–ում արձանագրում են, որ 2026–ի սկզբից աշխարհում ավելացել են անկայունություններն ու ռիսկերը՝ կապված էներգակիրների գների և դրանց տատանողական աճի, առևտրային ուղիների սահմանափակումների հետ։ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ևս դիտվում են տնտեսական աճի հեռանկարների հետագա վատթարացման և գնաճի միջավայրի զգալի ընդլայնման ռիսկեր։ Մասնավորաբար, տնտեսական աճն ԱՄՆ-ում վերջին եռամսյակում որոշակիորեն դանդաղել է՝ դրսևորելով զգալի տատանողականություն։ Եվրագոտում տնտեսական աճը շարունակել է թուլանալ։ Ռուսաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշները վկայում են առաջին եռամսյակում տնտեսական աճի դանդաղումը և ներքին պահանջարկի զգալի թուլացումը։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տեղեկացնում է․
«2026 թ․ անցած ամիսների ընթացքում գնաճը շարունակել է արագանալ և ապրիլին կազմել է 5,3 %։ Սա հիմնականում պայմանավորվել է ինչպես ներմուծվող, մասնավորաբար էներգակիրների և պարենային ապրանքների գների բարձրացմամբ, այնպես էլ ներքին տնտեսությունում առաջարկի որոշակի գործոնների ազդեցությամբ»։
ԿԲ նախագահի խոսքով՝ արդեն մայիսին 12-ամսյա գնաճը գնահատվում է 4 %–իշրջակայքում, որը թիրախից բարձր է։
«Մենք աշխարհից անմասն չենք կարող մնալ, աշխարհում ստեղծված գնաճային իրավիճակը բնականաբար ազդելու է նաև Հայաստանի վրա, ու Կենտրոնական բանկի հիմնական գործն այս պահի դրությամբ լինելու է հասկանալը, թե գնաճը, որ հիմա ունենք՝ 5,3 ու ավելի վերև է գնալու, պայմանավորված է բացառապես առաջարկի գործոններով, ու կարելի է սպասել, որոշակի ազդակ չտալ, կամ եթե կան որոշակի պահանջարկի գործոններ, մենք պետք է որոշակի արձագանք ունենանք»։
Նրա խոսքով՝ մսի բավական բարձր գնաճ էլ կա, որը ներքին իրավիճակով է պայմանավորված, իսկ բենզինի թանկացումը հիմնականում միջազգային ազդեցությունների ներքո է։ Այժմ նաև ծառայությունների որոշակի գնաճ է նկատվում, որը պայմանավորված է և՛ ներքին, և՛ արտաքին պահանջարկի աճով։ Ինչո՞ւ են Հայաստանում թանկանում հատկապես սննդամթերքն ու գյուղմթերքը։
Tvyalner.com կայքի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը կարծում է, որ գնաճը արտաքին ու ներքին պատճառներ ունի․
«Մեզ սպառնում է գնաճ․ այն մենք արդեն իսկ տեսնում ենք։ Հենց Հորմուզը փակվեց, գնաճը ակնհայտ դարձավ ՝ միանգամից թանկացան առաջին անհրաժեշտության ապրանքները։ Այս տենդենցը շարունակվելու է։ Տեղական արտադրության ապրանքների հումքի մեծ մասը ներկրվում է, կաթնամթերքի արտադրության համար հումքի մի մասը գալիս էր Իրանից, կան սահմանափակումներ ու թանկացումներ։ Էներգակիրերի գնի բարձրացումը նույնպես ունեցավ իր ազդեցությունը։ Բենզինը թանկացել է, իսկ ապրանքները խանութ են հասնում բենզինով կամ դիզելով»։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թ. հունվար-ապրիլ ամիսներին, 2025 թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4,5%-ով։ Այս ցուցանիշը ԿԲ սահմանած 3 % թիրախից արդեն բարձր է։ Փորձագիտական դաշտում ակնկալում են, որ առաջիկայում Կենտրոնական բանկը կհայտարարի վերաֆինանսվորման տոկոսադրույքի բարձրացման մասին։ Վերջին նիստում այն անփոփոխ մնաց՝ 6,5 %։




