
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած Գալա համերգով եզրափակվեց Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը։
Ժյուրիի որոշմամբ՝ կրտսեր (մինչեւ 13 տարեկաններ) խմբում Հատուկ մրցանակի արժանացավ Հրաչյա Ղազարյանը (դաս.՝ Արփինե Կալինինա), երրորդ հորիզոնականը զբաղեցրեցին Ադրիանա Շահինյանը (դաս.՝ Գայանե Գրիգորյան) եւ Արայիկ Սարգսյանը (դաս.՝ Նելլի Մնացականյան), իսկ երկրորդ մրցանակի արժանացան Արթուր Գրիգորյանը (դաս.՝ Արփինե Կալինինա) եւ Մոնթե Միքայելյանը (դաս.՝ Նելլի Մնացականյանը):
Ավագ խմբում (14-ից 18 տարեկաններ) երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Գրիգոր Խաչատուրյանը (դաս.՝ Արփինե Կալինինա), իսկ երկրորդ հորիզոնականը՝ Նորայր Նիկողոսյանը (դաս.՝ Աշոտ Ղազարյան): Ժյուրիի կայացրած որոշման համաձայն, Ավագ խմբում հաղթող ճանաչվեց երկու մասնակից՝ Վիկտորյա Ուլիխանյանը (դաս.՝ Միխայիլ Կոկժաեւ) եւ Գարիկ Հարությունյանը (դաս.՝ Աշոտ Ղազարյան):
Մրցույթի հաղթողների համար սահմանված էր նաեւ մեկ այլ մրցանակ.մինչեւ տարվա վերջ նրանց ստեղծագործությունների հիման վրա կբեմադրվեն խորեոգրաֆիկ պատկերներ:
Ի դեպ, պատանեկան կոմպոզիտորական նախագծերի պատմության մեջ առաջին անգամ ներմուծվեց խորեոգրաֆիկ տարր. երեկոյի ընթացքում նախորդ տարվա մրցանակակիրներ Գագիկ Ավետիսյանի եւ Գարիկ Հարությունյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Մղձավանջ» խորեոգրաֆիկ պատկերը ներկայացվեց հանդիսատեսին «Կադանս» ստուդիայի (գեղարվեստական ղեկավար՝ Ասատուր Քալաշյան) սաների եւ մենապարող Կարեն Խաչատրյանի կատարմամբ:
Առջեւում Աշտարակում կայանալիք համերգն է, որին, մրցույթի կազմկոմիտեի որոշմամբ, իրավունք կունենան մասնակցելու մրցույթի բոլոր մասնակիցները:
Ժյուրիի կազմում էին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոեւ գործիչներ Ռուբեն Ասատրյանը, Էդուարդ Հայրապետյանը, Նարինե Զարիֆյանը, Աննա Ասատրյանը, ինչպես նաեւ մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:
Ավարտվեց Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ անցկացվեց մայիսի 12-18-ը Երեւանում։ Իրավունք էին ստացել մասնակցելու մինչեւ 18 տարեկան 15 պատանի կոմպոզիտոր:




