Քաղաքական

Ադրբեջանի տեռորիստական էությունը նորություն չէ. Լարիսա Ալավերդյան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ստեփանակերտում ընթացող ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանն է այսօր անդրադարձել Հայաստանի  Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Նա հայտարարել է, որ կասկած չկա՝ ԼՂՀ-ն գործընաթցի ողջ ժամանակահատվածում պահպանում է միջազգային կոնվենցիաներով ամրագրված բոլոր նորմերը: Իրավապաշտպանը նշել է, որ դռները բաց են եւ դրանում բոլորը կարող են համոզվել: Ինչ վերաբերում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից այս գործընթացին արձագանքի բացակայությունը, ապա, Ալավերդյանի գնահատմամբ, դա նույնպես ինչ-որ ազդակ է, քանի որ հարցով առաջինը նրանց էր դիմել Ադրբեջանը:

 

 

Թեպետ որեւէ մեկը ԼՂՀ-ն չի ճանաչում դե յուրե, սակայն, դե ֆակտո բոլորն են ճանաչում, թեկուզ նրանով, որ այնտեղ կան ԼՂ ներկայացուցչություններ եւ խոշոր պետությունների իշխանությունները բանակցում են ԼՂՀ դե ֆակտո իշխանությունների հետ:  Հետեւաբար՝ անգրագիտությունից այն կողմ, քաղաքական կոպիտ սխալ եւ հանցագործություն են Ադրբեջանի հայտարարությունները, որոնք անտեսում են տվյալ փաստը՝ արձանագրեց Լարիսա Ալավերդյանը: Հենց այդպիսի հանցագործության դրսեւորում է ադրբեջանցի դիվերսանտների հայտնվելը ԼՂՀ-ում:

Ալավերդյանը շեշտեց, այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն, լինելով դե յուրե չճանաչված հանրապետություն, պահպանում եւ պաշտպանում է թե հումանիտար իրավունքը, թե միջազգային նորմերը, մասնավորապես՝ արդար դատավարության իրավունքը, ինչն ամրագրված է նաեւ եվրոպական կոնվենցիայով:

Այս դատական գործընթացին միջազգային կառույցների արձագանքի բացակայությունը, Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, ինչ-որ մի ազդակ է՝ մեզ համար դրական:

«Որովհետեւ առաջինը միջազգային հանրությանն է դիմել Ադրբեջանը, իր անհիմն թեզերը հստակ հիմնավորելով, թե պատանդ են պահում»:

Ադրբեջանի տեռորիստական էությունը նորություն չէ: Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ դա ունի իր տրամաբանությունը. Ադրբեջանին հստակ հասկացրել են, որ որեւէ մեկը շահագրգիռ չէ եւ թույլ չի տալու այս տարածաշրջանում լայնածավալ պատերազմով լուծելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, որը քաղաքական է: Սա հասկանալով էլ Ադրբեջանը պարբերաբար ջղաձգումների դրսեւորումներ է ունենում՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմերի վրա:

«Ես համոզված եմ, որ Ադրբեջանը որդեգրել է այս քաղաքականությունը, որը իրենց բնութագրում է ոչ թե որպես ճանաչված երկիր, ՄԱԿ-ի անդամ երկիր, այլ որպես տեռորիստական խումբ»:

Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ Կարեն Պետրոսյանի գործով շուտով կստանան փորձաքննության արդյունքները եւ կարծում է, որ Եվրոպական դատարանը կտա Ադրբեջանի գործելաոճի հստակ ու արժանի գնահատականը:

Back to top button