ՄիջազգայինՌեպորտաժներ

Փոխադարձ պահանջներ և պատերազմի վերսկսման ենթադրություններ․ ԱՄՆ-Իրան բանակցային վեճը չի հանգուցալուծվում

Իրանական լրատվամիջոցները հրապարակել են բանակցությունները վերսկսելու՝ Վաշինգտոնի առաջարկած պայմանները, որոնց Թեհրանը պատասխանել է սեփական պայմաններն առաջադրելով։

Իրանն ավելի վաղ պահանջել էր պատերազմը դադարեցնել Լիբանանում, ինչպես նաև վերացնել պատժամիջոցները, փոխհատուցել պատերազմի պատճառով կրած վնասները, ճանաչել Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանությունը և ապասառեցնել իրանական ակտիվները:

Բանակցային անհամաձայնության հիմնական առարկան, ըստ միջազգային մամուլի, շարունակում է մնալ Իրանի միջուկային ծրագիրը:

Փոխադարձ առաջարկներ, պատերազմը վերսկսելու սպառնալիքներ, վերջնաժամկետներ․ Իրանի դեմ ամերիկաիսրայելական պատերազմն ընթանում է հրադադարով ու բանակցությունների կարևորության մասին պարբերաբար հնչող հայտարարություններով։

Առաջարկ, առաջարկին ի պատասխան նոր առաջարկ և էլի պատասխան առաջարկ․ Վաշինգտոնը Թեհրանին հերթական առաջարկներն է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար, Թեհրանն էլ հրապարակել է իր պայմաններն ու պահանջները։

Ըստ իրանական պետական Fars գործակալության՝ ամերիկյան հինգ պահանջներից մեկում նշվում է, որ ԱՄՆ-ն նախատեսում է Իրանից դուրս բերել 400 կգ հարստացված ուրանը, ինչից հետո միայն թույլ կտա, որ երկրում գործի մեկ միջուկային համալիր։

Բացի այդ՝ Թրամփի վարչակազմը հրաժարվում է Իրանի ակտիվների նույնիսկ 25%-ը ապասառեցնելուց և պատերազմի ավարտը ուղղակիորեն կապում է բանակցությունների առաջընթացի հետ։

Վաշինգտոնը հրաժարվում է նաև պատերազմի ժամանակ Թեհրանին պատճառած վնասը փոխհատուցելուց։

Սրանք խաղաղության բանակցությունների երկրորդ փուլի համար Թեհրանին ներկայացված ԱՄՆ պահանջներն են, որոնք արվել են ի պատասխան Իրանի ավելի վաղ արած առաջարկների։

Իրանական կողմը կարծում է, որ նման պայմաններ առաջադրելով՝ Վաշինգտոնը փորձում է հասնել իր այն նպատակներին, որոնք չի կարողացել իրականացնել ռազմական գործողությունների միջոցով։ Թեհրանը նշում է, որ ամերիկաիսրայելական ագրեսիայի սպառնալիքը բարձր կմնա նույնիսկ բոլոր պահանջները բավարարվելու դեպքում։

Այնուամենայնիվ, Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Պակիստանի միջնորդությամբ Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացը դեռևս շարունակվում է․

«Հակառակ այն հանգամանքին, որ ամերիկյան կողմը հրապարակայնորեն հայտարարեց մեր ներկայացրած առաջարկը մերժելու մասին, պակիստանցի միջնորդի միջոցով մենք ստացանք մի շարք վերանայված կետեր և նկատառումներ, որոնք արտացոլում են նրանց տեսակետները։ Հետևաբար, Պակիստանի միջոցով հերթական անգամ մեր տեսակետները փոխանցվել են ամերիկյան կողմին»։

Fars գործակալությունը հիշեցնում է նաև իրանական կողմի նախորդ առաջարկները ԱՄՆ-ին, որոնք ներառում են պատերազմի ավարտ, այդ թվում՝ Լիբանանում, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում, բոլոր ակտիվների ապասառեցում, պատերազմի պատճառած վնասի փոխհատուցում և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։

Մայիսի 12-ին, երբ հրապարակվեցին Իրանի առաջարկած այդ հինգ կետերը, Թեհրանը, ըստ իրանական լրատվամիջոցների, մտադիր չէր վերադառնալու բանակցությունների, եթե չբավարարվեին այդ պայմանները:

Սակայն այժմ Իրանի արտգործնախարարության խոսնակ Բաղային նոր հայտարարություն է անում․

«Այսպիսով, գործընթացը շարունակվում է պակիստանցի միջնորդների միջոցով: Իրավունքները այն բանը չեն, որոնց շուրջ մենք պետք է բանակցենք կամ զիջումներ անենք»:

Ապրիլին Պակիստանի միջնորդությամբ կնքված հրադադարը հակամարտող կողմերը պարբերաբար խախտում են։ ԱՄՆ ռազմածովային ուժերը ապրիլի 13-ից շրջափակել են իրանական նավահանգիստները, իսկ իրանական անօդաչու սարքերը հարձակվում են Հորմուզի նեղուցը հատել փորձող նավերի և Ծոցի երկրների ամերիկյան թիրախների վրա։

NYT-ը, իր աղբյուրներին հղումով, գրում է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ակտիվորեն պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը արդեն հաջորդ շաբաթ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ քննարկվող տարբերակներից է ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի, այսպես ասած, «գործուղումը» Իրան միջուկային նյութերը գտնելու համար։ Պարբերականը գրում է, որ 5․000 ծովային հետևակայիններ և բանակի էլիտար 82-րդ օդադեսանտային դիվիզիայի մոտ 2․000 զինվորներ արդեն  տարածաշրջանում են և սպասում են հրամանի։

Կարդացեք նաև

Back to top button