Հասարակություն

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որով տեղեկացնում է աշխատողների հնարավոր կրճատումների ու կուտակված պարտքերը վճարելու մասին։ Վերոնշյալի հետ կապված տարակարծություններից խուսափելու և կոլեկտիվին ու հանրությանը  «Նաիրիտի» դիրքորոշումը ներկայացնելու նպատակով գործարանը հայտարարում է, որ աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա  պարտքերի կուտակումը կանխելու նպատակով:

Աշխատողների թվաքանակի հնարավոր կրճատման դեպքում ընկերությունը վստահեցրել է, որ գործելու է բացառապես գործող օրենսդրության սահմաններում, այն է` ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, մինչև հնարավոր կրճատման օրը, աշխատողները  գրավոր կծանուցվեն այդ մասին, ինչպես նաև ընկերության աշխատակիցներից յուրաքանչյուրի հետ կկատարվի վերջնահաշվարկ, այդ թվում` աշխատավարձի գծով պարտքերի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով:

«Ոչ ոք և երբևէ չի հայտարարել, որ «Նաիրիտի» աշխատողներին չեն վճարվի աշխատավարձի մասով կուտակված պարտքերը»,-հայտարարում է ընկերության ղեկավարությունը` հավաստիացնելով, որ գործարանը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողների հետ, նաև ընդգծելով, որ նոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես «Նաիրիտի» ներկայիս  աշխատակիցների հետ: Ընկերությունը հայտարարում է, որ համաձայն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հայտարարության` այս ամիս գործարանի աշխատակիցներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձը:

Կարդացեք նաև

Back to top button