
Հայաստանը գիտակցում է, որ միաժամանակ չի կարող անդամակցել թե՛ Եվրոպական միությանը (ԵՄ), թե՛ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իսկ նման անհրաժեշտության դեպքում համապատասխան որոշումը կընդունվի Հայաստանի քաղաքացիների կողմից, ՏԱՍՍ-ին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ապագայում կարող է առաջանալ այդպիսի ընտրության անհրաժեշտություն, սակայն այս պահին նման հարց օրակարգում չկա։
«Մենք հստակ հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ԵՄ-ի անդամ։ Ակնհայտ է, որ ապագայում կարող է անհրաժեշտ լինել համապատասխան որոշում կայացնել, և այդ որոշումը, անշուշտ, կընդունվի Հայաստանի քաղաքացիների կողմից», — նշել է Գրիգորյանը։
Փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանը ներկայում ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է, կառուցողական համագործակցում է միության շրջանակում և լիարժեք մասնակցում է բոլոր քննարկումներին ու որոշումների ընդունման գործընթացներին։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ ընտրելով ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի միջև՝ նշելով, որ այդ դեպքում հնարավոր կլինի «քաղաքակիրթ բաժանում»։
2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք, որով մեկնարկում է երկրի՝ Եվրոպական միությանը անդամակցության գործընթացը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, նշել էր, որ դա չի նշանակում անդամակցության ավտոմատ մեկնարկ, քանի որ հարցը ենթակա է հանրաքվեի։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվայում այդ քայլը դիտարկում են որպես Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի սկիզբ՝ ընդգծելով, որ ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ անդամակցության հետ։




