
Երևանում աշխատանքն է սկսել «Արևային էներգետիկայի ապագան» խորագրով պետություն-մասնավոր հատված համաժողովը։ Օրակարգում արևային էներգիայի զարգացմանը, կուտակմանը և պահեստավորմանը վերաբերող հարցեր էին։
Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել, որ Էներգետիկան, ընդհանրապես, ազգային անվտանգության, տնտեսական մրցունակության առանցքային բաղադրիչներից է։ Իսկ վերականգնվող էներգետիկան, մասնավորապես, նոր իրականություն է ձևավորում, որտեղ Հայաստանը պետք է հստակ դերակատարում ունենա։
Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների կառավարման, արտադրության ու բեռի բալանսավորման խնդիրներ․ արևային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ՝ ոլորտում նաև այս խնդիրներն են ավելանում։ Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Ստեփան Հովհաննիսյանն ընդգծում է՝ Հայաստանին անհրաժեշտ են համակարգված ու հիբրիդային լուծումներ։ Դրանցից են արևային էներգիայի համակարգային ու բնակելի հատվածների կուտակիչները․
«Որոնք կիրականացնեն ոչ միայն ակտիվ հզորության կուտակումը, նաև ՝ ռեակտիվ հզորության, կհետևեն համակարգի հաճախականությանը, կբարձրացնեն էլեկտրաէներգիայի որակը, կբերեն նրան, որպեսզի այսօրվա արդեն իսկ ստեղծած խնդիրները լինեն լուծելի»։
Իսկ խնդիրներից կարևորագույնն այս պահին արտադրվող էներգիան կուտակելն է։ Վերջին տարիներին Հայաստանում էականորեն ավելացել է արևային կայանների քանակը։ Ոլորտի զարգացման մինչև 2040 թ-ի ռազմավարության համաձայն՝ 2030-ին Հայաստանը պետք է ունենա 1․000 Մվտ հզորությամբ արևային կայաններ, բայց հիմա արդեն առկա հզորությունը գերազանցել է այդ ցուցանիշը։ Այս տարվա մարտի 1-ի դրությամբ արևային կայանների գումարային հզորությունը 1․141 Մվտ է։
Հայաստանում գործում է 72 արևային էլեկտրակայան։ Եվս 47-ը կառուցվում է։ Արևային կայաններ կառուցվում են, սակայն այստեղ որոշ խնդիրներ կան․ արևային էլեկտրակայան կառուցելու լիցենզիաներ իրավաբանական ու ֆիզիկական անձանց տրվել են, սակայն կայաններն ավելի արագ տեմպերով են զարգացել, քան վերազինվել է բաշխման ցանցը կամ ՀԷՑ-ը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ընդգծում է՝ հայկական էներգետիկան զարգացման նոր փուլ է մտել։
«Առանցքային զարգացման ուղղություններն են արդեն հայտնի արևային էներգետիկայի թռիչքաձև աճը, էներգետիկ շուկայի ազատականացումը։ Շրջանառության մեջ է «էլեկտրաէներգետիկայի մասին» նոր օրենքը, ինչպես նաև առանձին օրենք ունենք վերականգնող էներգետիկայի մասին։ Ընթացքի մեջ է Հայկական ատոմակայանի շահագործման տարիքը 10 տարով երկարաձգելը, օրակարգում նաև նոր ատոմակայան կառուցելու հարցն է»։
Հայաստանի կառավարությունը փոխել է կուտակիչ կայանների հավաստագրման կարգը։ Առաջարկվում է էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ևս մեկ տեսակ ավելացնել։ Խոսքը պահեստավորման լիցենզիայի մասին է։ Ըստ այդմ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր արտոնագիրն ունեցողը կարող է նաև էներգիա պահեստավորել։ Լիցենզավորման ենթակա չէ մինչև 1 Մվտ հզորությամբ կայանում էներգիայի պահեստավորումը։ Չի լիցենզավորվի նաև 1 Մվտ-ից ավելի հզորությամբ կայանում սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա պահեստավորելը։
Բիզնես խորհրդատու Մանե Մաշինյանը ներկայացնում է էներգիայի պահեստավորման առավելությունները․
«Էներգետիկ անկախության հասնելու կարևոր գործիքներից մեկը դա իհարկե պահեստավորումն է, քանի որ Հայաստանը շարունակում է մնալ ներկրվող էներգապաշարներից մեծ կախվածություն ունեցող երկիր։ 20 24 թվականի էներգետիկ հաշվեկշռով սահմանվել էր, որ մենք ունենք 72.3 % առաջնային էներգիայի մատակարարման նկատմամբ կախվածություն ներկրվող էներգապաշարներից։ Ցուցանիշը ավելացել է 20 23 թվականի համեմատ։ Եթե մենք ունենանք պահեստավորում, ապա արդեն կարող ենք օգտագործել մեր տեղական ներքին ռեսուրսը` արևը։ Այսպիսով, կնվազեցնենք կախվածությունը վառելիքի ներկրումից և կունենանք ավելի կայուն ու անկախ համակարգ»։
Ինքնավար կայանների հզորություններն ավելանում են ամեն օր՝ արձանագրում է ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետի ժ/պ Հովհաննես Աբրահամյանը․
«Ես բազմիցս խոսել եմ անհանգստացնող տենդենցների մասին։ Արդեն իսկ քայլեր ձեռնարկում ենք մեր համակարգում ունեցած խնդիրների կարգավորման շրջանակներում»։
Իրականացվող քաղաքականության արդյունքում ավելցուկային էներգիան կօտագործվի երեկոյան ու գիշերային ժամերին՝ հնարավորինս կրճատելով կախվածությունը էներգակիրներից։




