
Մեկ աշխարհ, մեկ ընտանիք» կարգախոսով անցկացվող «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլն ավարտվել է ամփոփիչ հանդիսավոր միջոցառմամբ։ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված այս ստուգատեսը միտված է հայ երիտասարդների շրջանում չինարենի ուսուցման խթանմանը և երկկողմ կրթամշակութային կապերի ամրապնդմանը:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ միջոցառումը խորհրդանշում է հայ-չինական բարեկամությունը:
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի միջև կրթամշակութային, գիտական, երիտասարդության ոլորտներում համագործակցության, կապերի զարգացման ու խորացման ուղղությամբ շոշափելի աճ կա՝ ի դեմս Կոնֆուցիոսի ինստիտուտի, Հայ-չինական բարեկամության դպրոցի, Չինաստանի կառավարության տրամադրած կրթաթոշակային ծրագրի, փոխադարձության հիմունքներով կազմակերպվող թարգմանչական ծրագրի և այլն: Եվ այս միջոցառումը ևս մեկ առիթ է ամրապնդելու այդ կապերը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ վերահաստատելով պետության պատրաստակամությունը խորացնելու Հայաստան-Չինաստան հարաբերությունները տարբեր ոլորտներում:
Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և հաջողություն մաղթել մրցույթի մասնակիցներին՝ նշելով, որ «Չինարենի կամուրջ» (Chinese Bridge) համաշխարհային մրցույթի 2026 թվականի հայաստանյան փուլը խորհրդանշական է, քանի որ համընկնում է մրցույթի հիմնադրման 25-ամյակի հետ:

ՀՀ-ում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը ևս ողջունել է ներկաներին՝ շեշտելով, որ օտար լեզուների ուսուցումն աշխարհագրական և մշակութային սահմանները հաղթահարելու, տարբեր երկրների մարդկանց հետ շփվելու և բարեկամություն հաստատելու ամենահարմար միջոցն է, և չինարենն այն կամուրջն է, որը տանում է դեպի մեծ աշխարհ: Կարևորելով հայոց լեզվի դերն ազգային ինքնության պահպանման գործում՝ դեսպանն ընդգծել է՝ հայերենի շնորհիվ հայկական քաղաքակրթությունը զարգացել է հազարամյակներ շարունակ՝ չնայած բազմաթիվ մարտահրավերներին:
«Ես հատկապես հպարտ եմ ձեզնով. դուք արդեն իսկ տիրապետում եք աշխարհի ամենաբարդ լեզուներից երկուսին՝ հայերենին և չինարենին: Ես հույս ունեմ, որ դուք կդառնաք այն մարդիկ, որոնք կնպաստեն Չինաստան-Հայաստան բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու հայկական մշակույթի տարածմանն ամբողջ աշխարհում»,- դիմելով մրցույթի մասնակիցներին՝ ասել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան դեսպան Լի Սինվեյը։
«Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան փուլին մասնակցում են ուսանողներ և դպրոցականներ՝ ըստ տարիքային խմբերի: Մրցույթը ներառում է չինարենի գիտելիքի ստուգում, ելույթ/ներկայացում, մշակութային ցուցադրություն: Միջոցառումը Հայաստանում անցկացվում է 2013 թվականից: Այն անցկացվում է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի անվան կենտրոնի համակարգմամբ:




