ՀասարակությունՌեպորտաժներ

ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազում է միգրացիոն քաղաքականության խստացմանը զուգահեռ

Միգրացիոն քաղաքականության խստացումը Ռուսասատնում բացատրում են անվտանգային խնդիրներով։ Նոր կանոնները  վերաբերում են բոլոր օտարերկրացիներին, նաև Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին։  Միգրացիոն խստացումներից տուժում  են նաև բեռնատարների հայ վարորդները, եթե նրանք օրացուցային տարվա ընթացքում ՌԴ-ում անցկացրել են 90–ից ավելի օր: Ապրիլի 27-ին, սակայն,  ՌԴ կառավարությունը որոշել է այս ժամկետը երկարաձգել՝ դարձնելով 180 օր: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից:

Տավուշի մարզի գյուղերի մեծ մասում լռություն է։ Փողոցները կիսադատարկ են։ Գյուղացիներից քչերն են համաձայնում իրենց առօրյայի ու հոգսերի մասին խոսափողների առաջ պատմելու։ Խաթուն Գասպարյանը 45 տարի է, ինչ Ենոքավանից Ներքին Ծաղկավան հարս է եկել։ Վաղուց արդեն հարմարվել է․

 «Դե որ ստեղ եմ ապրում, արդեն լավ է»։

Տավուշի մարզն ավանդաբար առաջատար է եղել  արտագնա աշխատանքի մեկնողների թվով։  Զրուցակցիս կարծիքով, սակայն, այդ նպատակով Ռուսաստան գնացողների թիվը տարեցտարի նվազում է․

«Դա վաղուց էր, բայց  հիմի էդքան չեն գնում, ստեղից էդքան չկան, հա ապրող մի կան, ասենք, որ շուտ տեղափոխվել են Ռուսաստան, ընդեղ հիմնական ապրում են, բայց որ  գնան, աշխատեն գան,  չկա։  Գյուղից էդքան չեն գնում արդեն։ Գյուղում հիմնականում գաջ են քսում, նրանք գործը հիմա շատ է։ Գյուղում 50 հատ տուն են սարքել»։

Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թվի նվազմանը զուգահեռ՝ այդ երկրում խստացվում է միգրացիոն քաղաքականությունը։ Գործընթացը սկսվել է 2022 թ․ փետրվարին՝  ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված։  Խստացումները բացատրվում են անվտանգային նկատառումներով՝ ասում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Կազմակերպությունը խորհրդատվական աջակցություն է տրամադրում  ՌԴ մեկնած քաղաքացիներին, մասնավորապես աշխատանքային միգրանտներին․  

«2025 թ. փետրվարի 5-ից եթե ՌԴ ոստիկանները նույնիսկ փոքր կասկած են ունենում, որ օտարերկրացին կարող է ինչ-որ խախտում արած լիի, այդ թվում՝ վարչական, ունեն լիազորություն իրենց հայեցողությամբ 48 ժամով կալանավորելու օտարերկրացուն եւ ստուգելու։ Եթե պարզվի, որ խախտում եղել է, ապա ոստիկանությունն իրավունք ունի ՌԴ-ից արտաքսել օտարերկրացուն առանց դատարանի որոշման»:

Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ ՌԴ ոստիկանությունն օտարերկրացիներին արտաքսել է զուտ վարչական խախտման հիմքով․

«Արտաքսման վտանգը վերաբերում էր նաեւ բեռնափոխադրող վարորդներին, որոնք մեկ օրացուցային տարվա ընթացքում ՌԴ-ում գտնվում են 90 օրից ավելի: Սակայն ապրիլի 27-ին ՌԴ կառավարությունը որոշել է այս ժամկետը կրկնապատկել՝ դարձնելով 180 օր: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից։ Ես ունեմ  առնվազն 65 մարդու գործ, որոնց մուտքը ՌԴ արգելվել է 5 տարով միայն այն պատճառով, որ այնտեղ գտնվելու 90-օրյա ժամկետը գերազանցել են մի քանի օրով»:      

Ռուսաստանում ստեղծվել է նաև վերահսկվող անձանց ռեեստր, որտեղ հայտնվելու դեպքում անձի իրավունքները խստագույնս սահմանափակվում են․արգելանք է դրվում բանկային հաշիվների վրա, սահմանափակվում է պետական գրեթե բոլոր  ծառայություններից օգտվելու հնարավորությունը։ Այսինքն՝ բոլոր համակարգերը փակվում են, եթե անձի անունը  հայտնվում է վերահսկվող անձանց ռեեստրում՝ ասում է փորձագետը․

«Ամբողջ խնդիրն այն է, որ մարդը կարող է որեւէ խախտում չունենա ու էլի հայտնվի այդ ռեեստրում։ Ցավոք, այդպիսի դեպքերը քիչ չեն։ Ինձ դիմած անձանց 40 %-ը որեւէ խախտում չուներ, բայց հայտնվել էր ռեեստրում: Նրանց կյանքն այդ պահին դառնում է անտանելի»։

Ռեեստրում մարդիկ  կարող են հայտնվել, օրինակ,այն պատճառով, որ աշխատավարձի չափի մասին տվյալները  ճիշտ չեն ներկայացրել, նշել են 20 հզր ռուբլի, բայց բանկային քարտին փոխանցվել է 30 կամ 40 հզր: Բեժանյանը նկատում է, որ բանկերը  տվյալները փոխանցում են իրավապահներին․

«Երբ շահառուն զանգահարում է, ասում է՝ ես որեւէ խախտում չունեմ, իմ ռեգիստրացիան ժամկետի մեջ է, բուժզննում անցել եմ եւ այլն, իմ հաջորդ հարցն է՝ որքան աշխատավարձ է նշված Ձեր պայմանագրում, եւ որքան է նստում Ձեր քարտին։ Որպես կանոն, սա այն հիմնական հիմքն է, ինչի համար իրենք հայտնվում են վերահսկվող անձանց ռեեստրում, ավելին՝ սա կարող է նաեւ բերել քրեական գործի հարուցման: Ես միշտ ասում եմ՝ եկեք Հայաստան, քանի դեռ ռեեստրում եք, բայց Ձեր հանդեպ մուտքի արգելք չեն ընտրել: Մի որոշ ժամանակ անց վերադարձեք ճշգրիտ աշխատավարձով պայմանագիր կնքեք, սկսեք աշխատել»։

Եթե անձը փոխանցումներ է կատարում Հայաստան, որոնց չափը, ենթադրենք, գերազանցում է աշխատավարձի՝  պայմանագարում նշված չափը, կրկին կարող է հայտնվել ռեեստրում: Բայց  ռեեստրից դուրս գալու հնարավորություններ ևս կան: Դրանցից մեկը ՌԴ սահմանը հատելն է, ինչի դեպքում նա դուրս է մնում ռեեստրից։ Դրանից հետո անձը կարող է կրկին մուտք գործել ՌԴ և փորձել օրինականացնել իր այնտեղ լինելը:

Հակառակ խստացումներին՝ Ռուսաստանը շարունակում է մնալ արտագնա աշխատանքի  հիմնական ուղղություններից մեկը, բայց միգրանտների թիվը նվազում է․

«Մարդիկ, որոնք նախորդ տարիներին գնում էին, արդեն որոշել են չգնալ։  Մեր դիտարկումներով  30 տոկոս նվազում կա՝  խստացումներով պայմանավորված։ Տարեկան կտրվածքով  միշտ ունեցել ենք շուրջ 100․000 աշխատանքային միգրանտ, ովքեր գնացել են ՌԴ աշխատել ու վերադարձել ։ Նրանք այնտեղ օրինական աշխատողներ են,  ունեցել են  աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրեր։ Այժմ նրանց թիվը  բավականին նվազել է, նույնիսկ 70․000–ից էլ պակաս է   պայմանագրերով աշխատողների թիվը»։

Վիճակագրությունը փոխվել է ոչ միայն արտաքին, այլև ներքին պատճառներով։  Մարզերում կատարվող մեծածավալ շինարարությունն աստիճանաբար լուծում է Հայաստանում աշխատանք ունենալու խնդիրը։ Զրուցակիցներս, օրինակ, մի քանի տարի դրսում լինելուց հետո այժմ իրենց մարզում են աշխատում․

«Աշխատանք կա, աշխատում ենք, գյուղում շինարարություն են անում։ Աշխատում են նաև մարզում։ եթե մարդը ցանկություն ունի ինչ որ բան անելու, անում է»։

Հակառակ արտագնա աշխատանքի մեկնողների թվի նվազմանը՝ դեռ դեպի Հայաստան ամենաշատը փոխանցումներ գալիս են ՌԴ–ից։ Այս տարվա առաջին եռամսյակում (2026 հունվար-մարտ) բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտերկրից Հայաստան են ուղարկել մոտ 1 մլրդ 472 մլն դոլարին համարժեք գումար։  Այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ–ից Հայաստան է փոխանցվել  945 մլն դոլար։ Ցուցանիշը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 126 մլն դոլարով։ Տավուշի մարզ այցը կազմակերպվել էր «Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագի շրջանակում։

Կարդացեք նաև

Back to top button