ԿարևորՄիջազգային

Youtube-ը գումար աշխատելու հնարավորություն տվեց նաև ՀՀ քաղաքացիներին․ հարթակում վաստակելու որոշակի կանոններ կան

Նոր հնարավորություններ՝ ՀՀ քաղաքացիների համար։ Youtube-ը մեր երկրի համար ակտիվացրել է դրամայնացման՝ մոնետիզացիայի գործիքը։ Այսուհետև հետաքրքիր գաղափարներ ունեցող, կամ կոնկրետ ոլորտներում մասնագիտացած ՀՀ քաղաքացիները կարող են տեսանյութեր հրապարակել հարթակում և, եթե անհրաժեշտ քանակի դիտումներ ապահովեն, ապա կարող են գումար վաստակել, ինչպես աշխարհի շատ այլ երկրներում։  

ՀՀ քաղաքացիների մեծ մասը վաղուց հետևում է youtube-ում հրապարակվող՝ իրեն հետաքրքրող տեսանյութերին։  Այս հարթակում կարելի է գտնել քննարկումներ ու ֆիլմեր գիտության, քաղաքականության ու արվեստի մասին, ձեռք բերել խոհարարական հմտություններ, ուշագրավ բացահայտումներ անել,  պարեր ու լեզուներ սովորել և  այլն։ Այդ տեսանյութերի հեղինակները շատ տարբեր են՝ իսկական պրոֆեսիոնալներից մինչև սկսնակ սիրողներ։ Ընդ որում՝ աշխարհի շատ երկրներից տեսանյութեր հրապարակող հեղինակները  դիտումների որոշակի քանակ ապահովելու դեպքում կարող են շոշափելի գումարներ վաստակել։

Հայաստանի քաղաքացիները մինչև այսօր զուրկ էին այդ հնարավորությունից։ Սակայն մայիսի 11-ի YouTube ընկերությունը պաշտոնապես հայտարարեց Հայաստանում Գործընկերային ծրագրի՝ YouTube Partner Program-ի մեկնարկի մասին։ Սա Հայաստանում գործող հեղինակներին հնարավորություն կտա լիարժեք օգտվելու հարթակի դրամայնացման, այսինքն մոնետիզացիայի գործիքակազմից։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը  ծրագրի գործարկումը կարևոր առաջընթաց է համարում Հայաստանի ստեղծարար և թվային տնտեսության համար։

 Ըստ նրա՝ սա երկար սպասված փոփոխություն է, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում դրամայնացման համար և ուղի է ներկայացնելու Հայաստանի ստեղծարար ներուժը միջազգային հարթակներում և ամրապնդելու Հայաստանի ներկայությունը համաշխարհային թվային միջավայրում։

«Այն բացառիկ հնարավորություն է ստեղծում  եկամուտ գեներացնելու, ստանալու՝ մեր ստեղծագործողներին։ Շնորհավորում եմ բոլորիս։ Այս ծառայությունն այլևս Հայաստանում ակտիվ է»։   

YouTube-ի Գործընկերային ծրագրի միջոցով ստեղծագործողները, արտիստները, լրատվամիջոցները կարողանում են եկամուտ ստանալ հարթակում իրենց հրապարակած բովանդակությունից։

Ծրագրի գործարկման մասին հայտարարվել էր փետրվարի 10-ին՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ժամանակ  ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:

Այսուհետև YouTube –ի չափանիշներին համապատասխանող՝ Հայաստանից բովանդակություն հրապարակող հեղինակները, որոնք ունեն առնվազն 1000 բաժանորդ և նախորդ 365 օրում հիմնական տեսանյութերի 4000 ժամ, կամ նախորդ 90 օրվա ընթացքում կարճ տեսանյութերի 10 միլիոն դիտում են ունեցել, կարող են դիմել YouTube-ի Գործընկերային ծրագրին և սկսել դրամայնացնել իրենց ալիքները՝ գովազդից ստացվող եկամուտներից:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը շարունակական համագործակցություն է ակնկալում YouTube-ի և այլ հարթակների հետ։

«Քննարկումների մեջ ենք YouTube-ի գործընկերների հետ, որպեսզի նորանոր YouTube-յան ծառայություններ ակտիվացվեն ու հասանելի դառնան Հայաստանում, այդ թվում և YouTube Premium-ը: Հաշվի առնելով բանակցությունների դրական դինամիկան, լիահույս եմ, որ մոտ ժամանակներս այդ ծառայությունը հասանելի կլինի, և բոլոր նրանք, որ ցանկանում են շրջանցել այդ գովազդները, կկարողանան օգտվել այդ ծառայությունից»։

Կառավարության հետ կապերի և հանրային քաղաքականության հարցերով YouTube-ի փոխնախագահ Լեսլի Միլլերը ևս անդրադարձել է Հայաստանում YouTube-ը հարթակի հասանելիությանը՝

«YouTube-ը հարթակ է տրամադրում բազմազան ձայների համար՝ սկսած անկախ լրատվամիջոցներից, մինչև արվեստագետներ և ձեռնարկատերեր։ Մենք պարտավորվում ենք աջակցել խոսքի ազատությանը և ձևավորել նոր տնտեսական հնարավորություններ Հայաստանում ստեղծագործողների ընդլայնվող համայնքի համար։ Գործարկելով YouTube-ի Գործընկերային ծրագիրը՝ հույս ունենք առավել հզորացնել բովանդակություն ստեղծողներին և անհամբեր սպասում ենք նրանց նոր ձեռքբերումներին»։

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը նշել է․

«Հայաստանում YouTube-ի Գործընկերային ծրագրի ընդլայնման նախաձեռնության հիմքում Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիական համագործակցության առավել ընդարձակ օրակարգն է, այդ թվում արհեստական բանականության և կիսահաղորդչային նորարարությունների վերաբերյալ նախորդ տարի ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։ Ծրագրի շնորհիվ անհատ ստեղծագործողները և ձեռնարկատերերը կկարողանան զարգացնել իրենց գործունեությունը, հնչեցնել ստեղծարար ձայնը, ձևավորել նոր տնտեսական հնարավորություններ ու ստեղծել աշխատատեղեր»:

Ըստ մոտավոր հաշվարկների՝ ողջ աշխարհում ավելի քան 3 միլիոն ստեղծագործողներ YouTube-ի Գործընկերային ծրագրի անդամ են։ Անցած չորս տարում YouTube-ը նրանց վճարել է ավելի քան 100 միլիարդ դոլար:

Ընկերությունը վստահեցնում է, որ իր եկամուտների բաշխման մոդելը հիմնված է այն պարզ գաղափարի վրա, ըստ որի YouTube-ի հաջողությունը ուղիղ համեմատական է բովանդակություն ստեղծողների հաջողությանը:

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը սոցիալական ցանցերում անդրադարձել է Հայաստանում YouTube-ի մոնետիզացիայի պաշտոնական մեկնարկին։ Մասնագետը հուշում է՝ որպեսզի ալիքը համարվի իրավասու  մոնետիզացիայի առաջին մակարդակի համար,  անհրաժեշտ է ապահովել հետևյալ նվազագույն պայմաններ, այն է՝ ունենալ 500 բաժանորդ, հանրային երեք վերբեռնում 90 օրվա ընթացքում։ Բացի այդ պետք է ապահովել 3000 ժամ հանրային վավեր դիտում՝ վերջին մեկ տարվա ընթացքում կամ 3 միլիոն Shorts–ի դիտում ՝վերջին 90 օրում։

Կարդացեք նաև

Back to top button