ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Տոկոսադրույքը նվազում է բարեխիղճ ՓՄՁ–ի համար․ ոլորտի հիմնական խնդիրներն ու մարտահրավերները

Երկխոսություն՝ բիզնեսի ու ֆինանսական հատվածի միջև․ այս նախաձեռնության գաղափարը ծնվել է 2025 թ–ին։ Անացած տարի հանդիպումների շարք կազմակերպվեց երեք մարզում՝ Արագածատոնում, Սյունիքում ու Լոռիում։ Հերթական հանդիպումն այսօր էր՝ Երևանում։ ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և Գերմանահայկական հիմնադրամի կազմակերպված «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» համաժողովի մասնակիցները քննարկել են փոքր ու միջին բիզնեսին խնդիրները։  

Մատչելի հասանելիություն ֆինանսական միջոցներին, ցածր տոկոսադրույքով բիզնես վարկեր՝ սրանք ՓՄՁ ոլորտի խնդիրներից են։ Բայց այլ խնդիրներ նույնպես առաջացան,հատկապես, երբ անկանխիկ փոխանցումները պարտադիր դարձան։

Արմեն Խաչատրյանը մանրամեծածախ ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող ընկերության ղեկավար է։ Պատմում է, թե այս պահին ինչ խնդիրների են առնչվում իրենց բիզնեսում․

 «Անկանխիկ, քարտային գործարքների համար փոխանցվող գումարը մի քանի օրից է նստում մեր հաշվին, կարևոր է, որ գումարը արագ նստի մեր հաշվին։ Բացի այդ, երբեմն հաճախորդները փոխանցումներ անելիս մերժում է տալիս, բայց գումարը քարտից դուրս է գալիս ու մեր հաշվին չի նստում։ Մենք չենք կարողանում ապացուցել որ մեր խնդիրը չէ դա»։

ՓՄՁ–ին վերաբերող այս ու մյուս խնդիրները քննարկվում են «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» համաժողովում։ ՓՄՁ–ների ֆինանսական հասանելիության հիմնական գործիքը վարկերն են։ Ապրիլին ԿԲ–ն որոշեց նվազեցնել ռիսկի կշիռը այն ՓՄՁ– ների համար, որոնք լավ վարկային պատմություն ունեն։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մանրամասնում է․

 «Բացառապես այն ՓՄՁ–ներին է վերաբերում այս որոշումը, ովքեր պարտաճանաչ են, այսինքն՝ չունեն որևէ վարկային պարտավորություն և չունեն որևէ հարկային պարտավորություն, այսինքն՝ մենք այս ծրագրով փորձել ենք խթանել և օժանդակել լավերին»։

 ՓՄՁ–ն պետք է ավելի թափանցիկ դառնա, տվյալները պետք է ավելի հասանելի դառնան՝ կարծում է Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։ Արձանագրում է՝ աշնանը կրկին կհանդիպեն ՓՄՁ–ների հետ։ Բանկերում մեծ ներուժ կա, ՓՄՁ–ում՝ չիրացված ներուժ՝ ընդգծում է․

 «Վարկավորման մասով, ֆինանսական հասանելիության մասով և ընդհանրապես բանկային ծառայությունից օգտվելու մասով՝ կա չիրացված ներուժ։ Բանկերը արդեն մրցակցային  միջավայրում սկսել են աջակցություն են ցուցաբերել և բարենպաստ պայմաններով ֆինանսական միջոցներ են սկսել հատկացնել հատկապես պարտաճանաչ բիզնեսին, որովհետև փոքր և միջին բիզնեսի հատկապես պարտաճանաչ բիզնեսները պետք է կարողանան օգտվել»։

Բանկային համակարգը, միջագային ֆինանսական կազմակերություններն ու պետությունը աշխատել են ֆինանսական միջոցների մատչելիության ուղղությամբ՝ ամփոփում է Բանկերի միության նախագահը։

Կարդացեք նաև

Back to top button