ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Մոսկվան Երևանին հիշեցրել է Կիևի օրինակը․ Հայաստանն «ապահարզանի» հարցում չի շտապում

Հայ–ռուսական հարաբերություններում լարվածության նոր փուլը սկսվեց մայիսի սկզբին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում հնչած հայտարարություններից հետո։ Որպես հետևանք, Կրեմլը դժգոհել է նաև Հայաստան–ԵՄ մերձեցումից։ Հեռակա հայտարարություններին հաջորդեց Մոսկվայի գործնական քայլը․ ԱԳՆ հրավիրվեց Հայաստանի դեսպանը, և նրան հայտագիր փոխանցվեց։

Թեև մամուլում տեղեկություններ են տարածվում, թե Ռուսաստանում Հայաստանի դեսպանը վերադառնալու է Երևան քաղաքական խորհրդատվությունների նպատակով, սակայն  Հայաստանի արտգործնախարարությունում այդ լուրը չեն հաստատել։ Պաշտոնական Երևանը ամենաբարձր մակարդակով է պատասխանել Կրեմլին, քանի որ ՌԴ նախագահը իրավիճակին նոր զարգացում է տվել և հորդորել Հայաստանին՝ ընտրություն կատարել։

Երևանն ու Բրյուսելն արձագանքել են Մոսկվային, որտեղ սուր են ընկալել եվրոպական «հավաքները» Հայաստանում և որտեղից, ըստ էության, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու ակնարկ է հնչել։  Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն Կրեմլից հնչած հայտարարություններին ի պատասխան ասել է․

«Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել  իր ապագան։ Եվրոպական քաղաքական համայնքի վերջին հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-ի և Հայաստանի գագաթնաժողովը ցույց տվեցին, թե ինչպիսի ճանապարհով են նրանք ուզում գնալ: Եւ Եւրոպան կաջակցի նրանց»։

Կոսը նշել է, որ տեղյակ են տարածաշրջանում, իր ձևակերպմամբ, «աշխարհաքաղաքական դինամիկայի» մասին և որ «շատ ուշադիր» կհետևեն իրավիճակին։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքացիների համար ճիշտ կլինի, որ Երևանն արագ կողմնորոշվի ԵՄ-ին միանալու հարցում։ Որպես օրինակ, Ռուսաստանի նախագահը առաջարկել է հանրաքվե անցկացնելու և Հայաստանի քաղաքացիներին հարցնելու տարբերակը։ Նա կարծում է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ որոշի՝ միանալ ԵՄ-ին, թե՞ մնալ ԵԱՏՄ կազմում, ինչը թույլ կտա «նուրբ և խելացի բաժանում կատարել»։

«Ի վերջո, հասկանո՞ւմ եք, մենք հիմա ապրում ենք այն ամենը, ինչ կատարվում էր ուկրաինական ուղղությամբ։ Իսկ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ։ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելուց կամ անդամակցելու փորձից»։

Պուտինը հավելել է, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը «առանձնահատուկ քննարկում են պահանջում» և հաստատել է, որ պաշտոնական Երևանի հետ այդ թեմայով քննարկումներ  բազմիցս եղել են։

Այս ամենին պաշտոնական Երևանի պատասխանն է, որ հանրաքվե կանցկացնեն, երբ լինի դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը։ Իսկ քանի դեռ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի՝ դե յուրե և դե ֆակտո նման հարց Հայաստանի օրակարգում չկա։ Հայաստանի կառավարությունում համաձայն չեն «ապահարզան» կամ «բաժանություն» ձևակերպման հետ՝ հիմնավորելով, որ միջպետական հարաբերությունները ամուսնություն չեն։ Երևանը Մոսկվային վստահեցնում է՝ Հայաստանի քաղաքականությունն ամբողջովին հրապարակային է և դրա տակ որևէ դավադրություն չկա։

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը, սակայն, օրեր առաջ կանչվել էր արտգործնախարարություն։ Ռուսական կողմը նրան հայտագիր՝ բողոքի նոտա էր հանձնել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևանից հնչած հայտարարությունների առնչությամբ։ Խոսքն Ուկրաինայի նախագահի՝ Ռուսաստանի մասին արված հայտարարությունների մասին է։   

Հայաստանի պաշտոնյաները չեն շտապում հայ–ռուսական ներկա հարաբերությունները գնահատել  «ճգնաժամային», թեև փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն ընդունում է, որ այդ հարաբերություններում այս պահին խնդիրներ կան։ Նա չի ցանկանում մեկնաբանել Ռուսաստանի  հանձնած հայտագրի փաստը։  

«Այս պահի դրությամբ մենք նորմալ կոնտակտի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, և այդպիսի գնահատական ես չէի տա։ Հայ–ռուսական հարաբերությունները ունեն երկար պատմություն։ Ներկա դրությամբ որոշ խնդիրներ կան, որոշ հարցեր կան, որոնք մենք քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ։ Ես չէի անվանի դա ճգնաժամ։ Բոլոր այսպիսի իրավիճակներում, երբ աշխարհում կան այսպիսի զարգացումներ, նորմալ է, երբ առաջանում են հարցեր միմյանց նկատմամբ, և մենք փորձում ենք երկխոսության միջոցով հասցեագրել այդ բոլոր հարցերը»։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանը չի կարող պատասխանատու լինել այլոց արած հայտարարությունների համար։

«Եկեք հաշվի առնենք, որ մենք չենք կարող հետևել` ով ինչ հայտարարություն է անում։ Այս մասով ես կարծում եմ կարևորը Հայաստանը ինչպիսի հայտարարություններ է անում և Հայաստանը ինչպիսի դիրքորոշումներ է հայտնում։ Այդ մասով ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Խնդիր չեմ տեսնում, որ մենք միջազգային մակարդակի համաժողով ենք Հայաստանում կազմակերպում և հետևում ենք այդ համաժողովի ձևաչափին համապատասխան բոլոր գործընթացներին»։

Հայաստանի կառավարությունում հարցը չեն ընկալում որպես սուր խնդիր և օրակարգային  հարց։ Արտգործնախարարությունից փաստում են՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք այդ կազմից։ Դա ուժի մեջ է։ Իսկ երբ պահը գա, ընտրությունը կկատարվի։

Այս հարցի առնչությամբ Հայաստանի վերլուծական դաշտում հակասական կարծիքներ կան։ «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի կարծիքով՝ Եվրոպայի լիդերների այցը Հայաստան, ինչն ինքնին էական նշանակություն ուներ, կարող է փոքր երկիրը դարձնել հակառուսական պլացդարմ, մինչդեռ այստեղից բոլորը վերադարձան իրենց երկրներ ու սկսեցին Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը։ Ըստ քաղաքագետի՝ այդ պրոցեսը թեև վտանգավոր էր, բայց նաև դրական։ Մարդիկ իրենց աչքով տեսան թե´ եվրոպական լիդերների ֆորումը, թե´ Մոսկվայի անմիջական արձագանքը։

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այլ լույսի ներքո է դիտարկում երևանյան եվրոպական հավաքը։ Դեպի ԵՄ ճանապարհը նա իրատեսական է համարում, բայց ոչ հիմա։

«Մենք չենք կարող խոսել ո՛չ ժամկետների, ո՛չ պարամետրերի մասին, որովհետև դա պայմանավորված է հանգամանքներից, որոնք գրեթե Հայաստանի հետ կապված չեն։ Դա աշխարհաքաղաքական գործընթացներ են, ընդհանրապես ԵՄ ներքին տրանսֆորմացիան է, դա գլոբալ աշխարհակարգի փոփոխությունն է, որտեղ Եվրոպան նույնպես փորձում է գտնել իր նոր տեղը և նշանակությունը։ Նաև եվրոպական հասարակության ընկալումը արդյոք իրենք պատրաստ են ներգրավել Հայաստանին։ Պետք է նշեմ, որ գործընթացը ավելի արագ է տեղի ունենում, քան, օրինակ, ժամանակին դա տեղի ունեցավ, ասենք, Վրաստանի կամ Մոլդովայի դեպքում։ Արդեն այստեղ մենք ունենք լուրջ առաջխաղացում։ Երկրորդը՝ այս պահին Հայաստանը հանդիսանում է ԵՄ միակ գործընկեր երկիրը, որի հետ ԵՄ–ն նաև վիզաների ազատականացման գործընթացն է վարում, և երրորդը․ ես չեմ տեսնում իրականում որևէ քաղաքական խնդիր»։

Մայիսի 28-29-ը պաշտոնական Երևանը ներկայացված չի լինի ԵԱՏՄ գագաթնաժողովին, վարչապետը չի մեկնելու նիստին։ Որոշումն արդեն փոխանցվել է Ղազախստանի նախագահին։ Հիմնավորումը կապված է  նախընտրական իրավիճակի հետ, գործադիր իշխանության ղեկավարի՝ երկրից բացակայելու անհնարինությամբ պայմանավորված։  

Կարդացեք նաև

Back to top button