ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Տելեգրամ»-ով թմրամիջոց իրացնելու համար՝ մինչև 10, անչափահասին թմրանյութ վաճառելու համար՝ մինչև 15 տարվա ազատազրկում․ նախագիծն ԱԺ-ում է

ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին առընչվող օրենսդրական նախագիծը։ Նախաձեռնության հեղինակն առաջարկում է խստացնել պատիժն ինչպես թմրանյութ իրացնողների, այնպես էլ արտադրողների կամ աճեցնողների համար։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն գտնում  է, որ ավելի խիստ պատիժ պետք է սահմանել ապօրինի թմրաշրջանառությամբ զվաղվողների համար։ Նա, մասնավորապես, առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրանյութեր իրացնելու դեպքում սահմանել մինչև 10 տարվա ազատազրկում, առանձնապես խոշոր չափերի, անչափահասների ներգրավմամբ, անչափահասին թմրամիջոց փոխանցելու կամ վաճառելու դեպքում՝ մինչև 15 տարվա պատիժ․

«Եթե գործող օրենքով «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է ընդամենը 3-ից 6 տարվա պատիժ, ապա այս նախագծով պատիժը խստացվում է՝ դառնալով 5-ից 10 տարվա պատիժ։ Եթե գործող օրենքով անչափահասին թմրամիջոց վաճառելու համար սահմանվում է ընդամենը 3-ից 6 տարվա պատիժ, ապա այս նախագծով խստացվում է՝ դառնալով 8-ից 15 տարվա պատիժ»։

Սարգսյանն առաջարկում է խստացնել պատիժը նաև ոչ իրացման նպատակով, այսինքն՝ սեփական օգտագործման համար թմրամիջոց աճեցնողների կամ արտադրողների համար․

«Պատիժ տուգանքը առավելագույնը 10-ապատիկի փոխարեն առաջարկում եմ սահմանել 20-ապատիկի չափով։ Ազատազրկման ձևով պատիժը 1 տարվա փոխարեն առաջարկում եմ սահմանել 2 տարի ժամկետով և 2-րդ՝ խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում պատիժ տուգանքը 10-ապատիկից 30-ապատիկը դարձնել, 20-ապատիկից՝ 40-ապատիկ»։

Այս պատժաչափերը չափազանց խոստումնալից են թվում՝ ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը, բայց պատգամավորը մտահոգություններ ևս ունի․

«Ինձ մոտ հարց է ծագում․ իսկ նախկին պատժաչափով քանի՞ հոգի է դատապարտվել մինչև հիմա, քանի՞ գործ է հարուցվել, պարոն Սարգսյան, դուք ունե՞ք վիճակագրություն։ Այսինքն, արդյո՞ք իրավիճակը այնպիսին է, որ 3-ից 6 տարի մարդիկ դատվում են և չեն խրատվում, և շարունակում են զբաղվել էդ գործով։ Այսինքն՝ 3 տարին քիչ է, խելքները գլուխները չեն հավաքում, իրավակիրառ պրակտիկայի՞ց է գալիս էս նախաձեռնությունը»։

Հայկ Սարգսյանը հրապարակում է 2023 թվականի վիճակագրությունը․

«Տարվա ընթացքում գրանցվել է հանցագործության 4556 դեպք, որոնցից դատարան է գնացել մեղադրական եզրակացությամբ 940-ը, այսինքն՝ մոտ 20 %-ն է գործերի, որոնք մեղադրականով գնացել են դատարան, բայց քանիսն են դատվել արդյունքում, մենք չգիտենք»։

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդգծում է․

«Պատժի խստությունը միտված է կանխարգելմանը, այսինքն՝ երբ  անձը գիտի մի դեպքում 3-ից 6 տարի է իր արարքի համար նախատեսված պատիժը, մյուս դեպքում՝ 8-ից 15 տարի, բնականաբար, մի քանի անգամ ավելի երկար պետք է մտածի էդ արարքը կատարելուց առաջ, սա է տրամաբանությունը»։

Խորհրդարանական ընդդիմությունը նախագծին առաջին ընթերման ժամանակ կողմ էր քվեարկել։ Այս անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Համբարձումյանը խմբակցության անունից հայտարարեց, որ չեն մասնակցի քվեարկությանը։ Պատճառն այն է, որ առաջինից երկրորդ ընթերցման փուլում կառավարությունն առաջարկել է փոխել ոչ միայն քրեական, այլև վարչական օրենսդրության համապատասխան հոդվածները․

«Անակնկալ կերպով այս դրական ֆոն պարունակող հարցի քննարկման նախօրյակին անմիջապես միացնել մի հարց, որը առնվազն վիճարկելի է, ես կարծում եմ, դա ոչ ճիշտ և ոչ թույլատրելի մոտեցում է, հետևաբար, նման միավորում պարունակող հարցի քննարկմանը, երևի թե, մենք քվեարկությանը չենք մասնակցի»։

Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը բացատրում է․

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2 հոդվածներում 2 իրավախախտումների համար ներկայումս նախատեսված է, որ վարույթը իրականացնում է Ներքին գործերի նախարարությունը, և կարող է բողոքարկվել վարչական դատարան, նախագծով առաջարկվում է, որպեսզի Ներքին գործերի նախարարության և ոստիկանության գործառույթների հստակ տարանջատման տրամաբանության մեջ այդ վարույթները իրականացվեն ոստիկանության կողմից և դրանք կարող են հետագայում «վերադարձության կոդ» կարգով բողոքարկվել նաև Ներքին գործերի նախարարությունում և, բնականաբար, հետագայում նաև վարչական դատարանում»։

Թմրաշրջանառության դեմ պայքարը գործադիրի առաջնահերթություններից է՝ վստահեցնում է փոխնախարարը և այդ տեսանկյունից կարևորում նախագծի ընդունումը։ Այս քննարկումը լսում էր նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նա խորհրդարանի դահլիճում էր՝ այլ նախագիծ ներկայացնելու համար։ Նախարարը օրեր առաջ պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին, ընդգծել էր, որ այդ հանցատեսակը ոչ միայն հանրային անվտանգության, այլև հանրային առողջապահության տիրույթում է․

«Եթե որևէ մեկը օգտագործում է թմրամիջոց, մենք չենք կարող ասել՝ իրավապահ համակարգ, դե՛ բացահայտեք այդ դեպքը և այդքանով դեպքը փակվի։ Այդ անձի բուժման ցիկլը պիտի սկսվի, մենք պիտի կարողանանք հասնել նրան, որ համայնքում պիտակավորման, խտրական վերաբերմունքի հարցերը նաև կարողանանք կարգավորել, բազմաթիվ շերտեր կան այստեղ»։

Ներքին գործերի նախարարը նաև հրապարակել էր անցած տարի առգրավված թմրամիջոցների քանակը․

«Անցած տարվա կտրվածքով 768 կգ թմրամիջոց է առգրավվել, դուրս բերվել ընդհանուր ապօրինի շրջանառությունից, որը, պատկերացրեք, թե որքան միլիոնավոր դեպքերի կարող է բերել, եթե դրանք մասնատվեին ավելի փոքր խմբաքանակների և տարածվեին»։

Հանցագործությունների կանխարգելման 2 հիմնական սկզբունք կա՝ պատժի անխուսափելիությունը և պատժի խստությունը։ Առաջինը՝ ոստիկանության տիրույթում է, երկրորդը կարող է լուծվել առաջարկվող օրենսդրական նախագծով՝ ամփոփում է նախաձեռնության հեղինակ պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Կարդացեք նաև

Back to top button