ԿարևորՄիջազգային

Հաղթանակը միշտ եղել է և միշտ մերը կլինի․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթի ընթացքում ունեցած ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է իր նախորդ սերունդների ավանդույթները՝ օգտագործելով ժամանակակից մարտական փորձը, ստեղծելով առաջադեմ ու եզակի զինատեսակներ և զարգացնելով դրանց զանգվածային արտադրությունը։

Նրա խոսքով՝ թեև փոխվում են տեխնոլոգիաներն ու պատերազմի մեթոդները, անփոփոխ է մնում գլխավոր սկզբունքը՝ երկրի ճակատագիրը որոշում է ժողովուրդը։

Պուտինը հատուկ ընդգծել է զինվորների, գործարանային աշխատողների, գյուղատնտեսների, բժիշկների, ուսուցիչների, ռազմական թղթակիցների, կամավորների, մշակույթի գործիչների և բարերարների դերը՝ նշելով, որ հաղթանակը կերտվում է ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում։

ՌԴ նախագահը նշել է, որ հաջողության հիմքում ընկած են ժողովրդի բարոյական ուժը, քաջությունը, միասնականությունն ու ցանկացած մարտահրավեր հաղթահարելու կարողությունը։

«Մենք ունենք ընդհանուր նպատակ, և մեզանից յուրաքանչյուրն անձնական ներդրում ունի հաղթանակի գործում»,- ասել է նա։

Ելույթի ավարտին Պուտինը հայտարարել է, որ վստահ է Ռուսաստանի արդարության և միասնականության մեջ՝ շեշտելով. «Մենք միասին ենք։ Հաղթանակը միշտ եղել է և միշտ մերը կլինի»։ Նա նաև փառաբանել է վետերաններին և Ռուսաստանի զինված ուժերին՝ շնորհավորելով Հաղթանակի օրվա կապակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button