
Իրանը «Նավի տեղեկատվական հայտարարագիր» է մշակել, որը անհրաժեշտ է լրացնել՝ Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվություն ստանալու համար։ Փաստաթուղթը ավելի քան 40 հարց է պարունակում , որոնց պետք է պատասխանեն ընկերություններն իրենց տանկերների անցման համար։ Միևնույն ժամանակ Թեհրանը մտադիր չէ թույլատրելու ամերիկյան նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մինչդեռ, հայտարարում է, որ բանակցությունները շարունակվում են և, եթե լավ արդյունք չլինի՝ վատ կլինի Իրանի համար։
Իրանը Հորմուզի նեղուցով անվտանգ անցնելու համար տանկերների սեփականատերերից պահանջելու է «Նավի տեղեկատվական հայտարարագիր» լրացնել։ Իրանի «Պարսից ծոցի նեղուցների վարչության» մշակած հայտարարագիրը բաղկացած է ավելի քան 40 հարցից։ Այդ վարչությունը Իրանի իշխանությունները հիմնել են երեք օր առաջ։
Փաստաթուղթը, ի թիվս այլ տվյալների, պահանջում է նավի անվանումը և նույնականացման համարը, անգամ նախկին անվանումը, ինչպես նաև նավի գրանցման երկիրը և թե որ երկր է ուղևորվում։ Պետք է լրացնել նաև տեղեկություններ նավի սեփականատերերի, օպերատորների և անձնակազմի անդամների քաղաքացիության մասին։ Պահանջվում է նաև մանրամասն տեղեկատվություն տեղափոխվող բեռի մասին ։
Այս ամբողջ տեղեկատվությունը պետք է ուղարկվի Իրանի «Պարսից ծոցի նեղուցների վարչության» էլեկտրոնային հասցեին՝ նախքան նավի նեղուցով անցնելը։ «Սխալ կամ թերի տեղեկատվության պատասխանատվությունը կրում է միայն դիմորդը, նա էլ պատասխանատու կլինի դրանից բխող հետևանքների համար», — ասվում է կազմակերպության էլեկտրոնային նամակում, որը հրապարակել է CNN–ը։
Հստակ չէ, թե արդյոք Իրանը մտադիր է վճար գանձելու Հորմուզի նեղուցով տարանցման համար։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Թեհրանի իշխանությունները նախկինում սա համարում էին եկամտի պոտենցիալ աղբյուր, որից ստացված միջոցները կարող էին օգտագործվել երկիրը վերականգնելու համար ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծություններից հետո։ CNN-ի տվյալներով՝ Իրանը մեկ նավի համար հնարավոր է գանձի մինչև 2 միլիոն դոլար։
Նշվում է նաև, որ եթե նույնիսկ նման վճարումներ հաստատվեն, միևնույնն է , ԱՄՆ քաղաքացիներին և ամերիկյան ընկերություններին կարգելվի անցնել Հորմուզի նեղուցով։
«ԱՄՆ քաղաքացիների, այդ թվում՝ ԱՄՆ ֆինանսական հաստատությունների, կամ ԱՄՆ-ի սեփականության կամ վերահսկողության տակ գտնվող օտարերկրյա կազմակերպությունների համար Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը թույլատրելի չի լինի»,— հստակեցրել է Իրանի ֆինանսների նախարարությունը։
Միացյալ Նահանգները, մինչդեռ ,ըստ AP գործակալության, մտադիր էր խաթարել Իրանի վերահսկողությունը նեղուցի նկատմամբ՝ «Ազատություն» նախագծով։
Ըստ այդմ՝ ամերիկյան ուժերը ծրագրում են ուղեկցել առևտրային նավերը Հորմուզի նեղուցում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին սպառնում է համարժեք պատասխանով՝ եթե ամերիկյան նավերի վրա հարձակումներ տեղի ունենան: Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ դա «ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական գործողություն է»: «Կրակոցներ չեն լինի, եթե նախ՝ նրանք մեզ վրա չկրակեն», — հստակեցրել է Ռուբիոն։
Մայիսի 6-ի գիշերը Թրամփը TruthSocial հարթակում գրել էր, որ «Ազատություն» գործողությունը կարճ ժամանակով կդադարեցվի՝ որոշելու համար, թե արդյո՞ք Իրանի հետ կարող է համաձայնագիր կնքվել և ստորագրվել, թե՝ ոչ:
Որքա՞ն մոտ են կողմերը համաձայնություն ստորագրելուն՝
«Կարող է ցանկացած օր տեղի ունենալ։ Կարող է… և կարող է տեղի չունենալ, բայց կարող է տեղի ունենալ ցանկացած օր։ Ես կարծում եմ, որ նրանք ավելի շատ են ցանկանում համաձայնագիրը, քան ես»։
ԱՄՆ–ի զինված ուժերը հայտարարում են, որ մայիսի 7-ին Հորմուզի նեղուցում կասեցրել են ամերիկյան ռազմական նավերի վրա Իրանի հարձակումները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը սոցիալական ցանցերում գրել է, որ կասեցրել են չհրահրված իրանական հարձակումներ և ինքնապաշտպանական հարվածներով պատասխանել։
Թրամփը հաստատել է այդ տեղեկությունը․
«Այո, այդպես է։ Նրանք մեզ հետ խաղացին։ Մենք նրանց ջախջախեցինք։ Նրանք խաղացին։ Ես դա անվանում եմ խաղ։ Եթե հրադադար չլինի, դուք պարզապես կտեսնեք Իրանից եկող մի մեծ լույս։ Եվ նրանք ավելի լավ է արագ ստորագրեն իրենց համաձայնագիրը»։
ԱՄՆ նախագահը Վաշինգտոնում լրագրողներին ասել է, որ հրադադարը պահպանվում է՝ չնայած բռնությանը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը ընդհանուր առմամբ պահպանվում է ապրիլի 8-ից ի վեր։ Երկու երկրների միջև Պակիստանի միջնորդությամբ անցյալ ամիս տեղի ունեցած բանակցությունները որևէ համաձայնության չեն հանգեցրել։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարում են, որ չեն ձգտում իրավիճակի սրման։
Չնայած այդ հայտարարություններին Հորմուզի նեղուցում տեղի ունեցած ամերիկա-իրանական փոխհրաձգությունից հետո թիրախում է հայտնվել ԱՄԷ–ն։ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը X-ում գրել է, որ «երկրում լսվող հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ձայները վկայում են ռազմական գործողությունների մասին։ Հանրությանը կոչ է արվում պահպանել հանգստություն ու հետևել տրվող անվտանգության հրահանգներին»։




