
Կառավարության որոշմամբ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին թույլատրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ Ընկերությունը մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսում է տրոլեյբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող 45 տրոլեյբուսով։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներկրել YUTONG BUS ZK6128BEVG մակնիշի՝ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, 25+3 փափուկ նստատեղերի առկայությամբ և ոչ պակաս, քան 85 ուղևորի տեղափոխման հնարավորությամբ, ինքնավար վազքով, սրահի տաքացման և սառեցման համակարգով օժտված 45 անռելս տրոլեյբուս, ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի 5 երթուղին համալրել նոր շարժակազմով և էականորեն ավելացնել վերգետնյա էլեկտրատրանսպորտի որակյալ ծառայություններից օգտվողների քանակը։
Տրոլեյբուսային ցանցի հնարավոր զարգացումը կբեռնաթափի նաև հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ՝ իրականացնելով բնակչության ապահով ու անվտանգ տեղափոխումն էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4․3 մլրդ դրամի ներդրում տրոլեյբուսների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 245 աշխատատեղ՝ 375 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 280-ի՝ 391 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 432 մլն դրամ:
«Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն ևս կօգտվի արտոնությունից. ներմուծվող բեռնատարներով նախատեսվում է իրականացնել բեռնափոխադրումներ՝ իրականացնելով 160 մլն դրամի ներդրում։ Ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի մարզում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 160 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 24 մլն դրամ։
Գործադիրի որոշմամբ «Բելիսսիմո գրուպ» ՍՊԸ-ն ևս կօգտվի ներմուծման արտոնությունից ՝ ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել մսային և խմորային կիսաֆաբրիկատների և երշիկների արտադրության համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․7 մլրդ դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 58 աշխատատեղ՝ 120 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը նախատեսում է հասցնել մինչև 65-ի՝ 130 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 728․6 մլն դրամ։




