
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելի ու ավելի է ընդլայնվում ֆինանսական զեղծարարությունը։ Կենտրոնական բանկը կոչ է անում լինել առավել զգոն, քանի որ խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է։ 2026 թվականի հուլիսի1-ից քաղաքացիները կկարողանան մեկ հպումով արգելափակել առցանց իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգի և կազմակերպության կայքի միջոցով։ Գլխավոր դատախազությունում էլ առանձին ստորաբաժանում է ստեղծվել, որը զբաղվում է բացառապես կիբեռհանցագործություններով։
Ինչպես չդառնալ զեղծարարության զոհ․ մասնագետները հորդորում են անձնական տվյալներ չտրամադրել որևէ մեկին։ Ընդգծում են՝ ոչ մեկին չվտսահել հատկապես բանկային քարտի դարձերեսի երեք թվերը։ Հակառակ դեպքում քարտում եղած գումարը կորցնելն ու ակամա վարկառու դառնալը մի քանի րոպեի գործ է։ Հայաստանում, հատկապես վերջին շրջանում, բազմաթիվ քաղաքացիներ բանկային զեղծարարությունների զոհ են դառնում։
Զրուցակիցս բանկերից մեկի հաճախորդ Աստղիկ Անթանյանն է։ Սոցիալական կայքերից մեկում ապրանք վաճառելով զեղծարարության զոհ է դարձել։
«Ինձ գրեցին, փոստային հղում ուղարկեցին։ Լրացրի, բանկից կոդ ստացա։ Idram-ից էլ կոդ ստացա, որևէ մեկին դրանք չեմ տրամադրել։ Հինգ րոպե հետո հաղորդագրություն ստացա վարկի մասին։ Վազեցի բանկ, բայց էլ ոչինչ չկարողացան անել։ Վարկս հինգ րոպեում հաստատվել էր, ու գումարը հանել էին»։
Աստղիկ Անթանյանի երեք քարտերի գումարը, ներառյալ խնայողական հաշվինը, արդեն իր տնօրինության տակ չեն։
Խարդախների երևակայությունը սահման չունի, պատմում է զեղծարարության ևս մեկ զոհ՝ Կարինե Պողոսյանը․
«Զանգահարել են ու ներկայացել՝ որպես բանկի աշխատող։ Բանկային կարգուկանոնը պահպանել են․ անհնար էր տարբերել։ Աշխատակիցն ասել է, որ 600 հազար դրամի վարկի հայտ է ստացվել։ Ես ասել եմ, որ դա ես չեմ։ Խնդրեցի չեղարկել, բայց չչեղարկվեց։ Ինձ ծանուցվել է անգլերեն․ ես ՀՀ-ում եմ ապրում։ Ես անգլերեն չգիտեմ, այդտեղ նշված է եղել, որ կոդը որևէ մեկին չտամ։ Եթե դա հայերեն գրված լիներ, ես խնդիր չէի ունենա»։
Գլխավոր դրամատանը հետևում են իրավիճակին։ ԿԲ նախագահն արձանագրում է՝ անընդհատ միջոցառումներ են ձեռնարկում, բայց երբեմն աշխատակիցների ստորագրություններն էլ են կեղծում ու փորձում ծուղակը գցել։
Մարտին Գալստյանը հորդորում է զգոն լինել․ «Մեր համար շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները ամեն անգամ հիգիենայի պայմանները պահեն, զանգ է գալիս՝ եղեք կասկածամիտ, այդ հարցով մի վստահեք, անջատեք, հետ զանգեք»։
Հայաստանի քաղաքացիները երբեմն վերահսկողական թույլ մեխանիզմների առկայության պատճառով են զրկվել իրենց գումարներից․ արձանագրում է Հայաստանի գլխավոր դատախազը։ Աննա Վարդապետյանն ընդգծում է՝ որոշ դեպքեր կապված են եղել բանկերում վերահսկողական մեխանիզմների անբավարարության հետ։
«Օրինակ, նախկինում նույնիսկ վարկ ստանալու հնարավորություն չեն ունեցել, սակայն մեքենայությունների և թվային գործիքների ոչ պատշաճ պաշտպանվածության հետևանքով նրանց անուններով վարկեր են ձևակերպվել»։
Վարդապետյանը շեշտում է՝ քաղաքացիները որևէ գործողություն չեն կատարել, որը կարող էր նպաստել խարդախությանը։ «Այս անձինք որևէ ազդեցություն չեն ունեցել, որևէ տվյալ որևէ մեկին չեն փոխանցել, որևէ հղումով չեն անցել»,-արձանագրում է դատախազը։
Այդ հանգամանքները հաշվի առնելով՝ միջնորդագիր է ուղարկվել Կենտրոնական բանկի նախագահին, ինչպես նաև քննարկումներ են անցկացրել Բանկերի միության հետ։ Վարույթներով տուժող են ճանաչվել բանկերը, թեև բանկային համակարգը սկզբնական շրջանում համաձայն չի եղել այդ մոտեցման հետ։
«Քաղաքացիների իրավունքների պաշտպանության նկատառումներից ելնելով մենք բանկերին միջնորդագրեր ուղարկեցինք պահանջելով, որպեսզի իրենց անվտանգության սիստեմները կարգի բերեն, և դրա արդյունքով մի քանի ամիս հետո բոլոր այն անվտանգության խոցելի կետերը, որոնք կային այս բանկերում, կարծես թե վերացվեցին։ Առնվազն գոնե մեզ է՛լ չի հանդիպել նմանատիպ սխեմայով կատարված մեքենայություն կամ խարդախություն։ Մի քանի ամիս հետո բոլոր այն անվտանգության խոցելի կետերը, որոնք կային այդ բանկերում, կարծես, վերացվեցին»։
Գլխավոր դատախազի տեղեկացմամբ, բանկերին առաջարկվել է ներգրավել լրացուցիչ աշխատակիցների, որոնք հեռախոսազանգերով կկարողանան ճշտել կասկածելի տրանզակցիաները, սակայն բոլոր գործարքների պարագայում դա գործնականում դժվար է իրականացնել։
Աննա Վարդապետյանն ասում է, որ Գլխավոր դատախազությունում առանձին ստորաբաժանում է ստեղծվել, որը զբաղվում է բացառապես կիբեռհանցագործություններով։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ միայն 2025 թ. առաջին եռամսյակում զեղծարարության զոհ է դարձել ավելի քան 400 քաղաքացի։ Գլխավոր դրամատունը նոր գործիք է մշակել, որի օգնությամբ 2026 թվականի հուլիսի 1-ից քաղաքացիները կկարողանան մեկ հպումով արգելափակել առցանց ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգի և կազմակերպության կայքի միջոցով։
«Օրինակ՝ հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, ինչպես նաև այլ առցանց գործառնություններ։ Ապաարգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո»։
Ըստ ֆինանսական ոլորտի պատասխանատուների՝ այսպիսով քաղաքացիները կկարողանան ավելի արդյունավետ կառավարել իրենց անունից կատարվող ֆինանսական գործառնությունները և ավելի պաշտպանված լինել զեղծարարությունից։
Հուլիսի 1-ից ֆինանսական գործարքների արգելման գործիքը պարտադիր կլինի նաև ֆինանսական կազմակերպությունների համար, որոնք հեռավար ծառայություններ են տրամադրում, այդ թվում՝ առևտրային բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային ընկերությունների համար։




