
Ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանն արձագանքել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ իր դիմում-խնդրանքի պատասխանին։
«Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա։ Մեր երկրում ո՞վ է պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է նշանակվել այդ անձը։ Ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ հասարակությունը»,- հայտարարել է նա։
Ռուբեն Վարդանյանը նշում է, որ բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։
«Եթե օգնություն ընդհանրապես հասնում է, այն կազմակերպվում է ոչ պաշտոնական, ոչ թափանցիկ եղանակով՝ առանց հաշվի առնելու բանտարկյալների իրական կարիքները»,- իր ընտանիքի միջոցով փոխանցել է նա:
Նա կոչ է արել ազնվորեն խոստովանել, որ հայ գերիների հարցով այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելն անիմաստ է:




