
ԱԺ-ում Արտաքին հետախուզության ծառայությանն առնչվող օրենսդրական փաթեթի քննարկումը վերածվել է քաղաքական բանավեճի՝ ծառայության լիազորությունների, հնարավորությունների և գործունեության արդյունավետության շուրջ։ Առաջարկվող փոփոխություններից մեկով սահմանվում է, որ ծառայության պետի և տեղակալի պաշտոնում կարող են նշանակվել միայն ՀՀ քաղաքացիները:
Գործող կարգավորմամբ այդ հնարավորությունն ունեն նաև երկքաղաքացիները: Փոփոխություններից մյուսով առաջարկվում է Արտաքին հետախուզության ծառայությանն ինքնուրույն գաղտնալսելու հնարավորություն տալ։ Ընդդիմադիր պատգամավորներին առաջարկը մտահոգում է։ Կարծում են՝ գաղտնալսող կառույցները Հայաստանում քիչ չեն։
Օրենքով սահմանվում է, որ արտաքին հետախուզության ծառայողներն իրավունք ունեն նախատեսված դեպքերում և կարգով զենք կիրառելու, սակայն չի սահմանվում, թե որոնք են այդ դեպքերը:
«Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկով առաջարկվում է կարգավորել այս հարցը։
Կառույցի աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար կա զենքի և հատուկ միջոցների կարիք՝ նկատում է արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։
Արդյոք ծառայության երեք տարվա գործունեությունից հետո՞ է ի հայտ եկել այդ անհրաժեշտությունը՝ հարցնում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։
«Այո՛, անհրաժեշտությունն առաջացել է, որովհետև մենք ենք ապահովում մեր իսկ ենթակառուցվածքների անվտանգությունը 24/7 ռեժիմով»։
Նախագծով առաջարկվող փոփոխություններից մյուսն էլ վերաբերում է կառույցի օպերատիվ-հետախուզական գործունեությանը։ Առաջարկվում է կառույցի իրավասություններն այս դաշտում ընդլայնել։ Գործող կարգավորումներով ծառայությունն իրականացնում է «Հեռախոսային հաղորդակցության վերահսկում» միջոցառումը: Առաջարկվում է օրենքով թույլատրել թվային և հեռախոսային հաղորդակցությունը ինքնուրույն և սեփական ենթակառուցվածքներով վերահսկելու հնարավորություն: Սա, ըստ հիմնավորման, թույլ կտա ապահովել միջոցառման օպերատիվությունը և ծառայության արդյունավետությունը:
Պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ Արտաքին հետախուզության ծառայության գործունեությունն առավելապես պետք է որ առնչվի Հայաստանից դուրս տեղեկությունների հավաքմանն ու մշակմանը։ Այդ դեպքում ինչու է անհրաժեշտ կառույցին ինքնուրույն գաղտնալսելու հնարավորություն տալ։
«Այդ դեպքում ավելի ճիշտ չէր լինի՞ ԱԱԾ-ի հետ գործակցել՝ օպերատիվ տվյալներ հավաքելու համար։ Հիմա ես չգիտեմ՝ Հայաստանում քանի՞ հաստատություն է գաղտնալսում իրականացնում, բայց կասկած ունեմ, որ համատիրություններից բացի մնացած բոլորն այդ գործով զբաղվում են»։
Քրիստինե Գրիգորյանի պարզաբանմամբ՝ ծառայության մանդատը չի սահմանափակվում միայն արտաքին իրավազորություններով։ Կառույցն իր գործառույթներն իրականացնելու համար կարող է կիրառել նաև ներքին իրավազորության գործիքներ, և առաջարկը ներկայացվում է հենց այս տրամաբանության շրջանակում։
Արտաքին հետախուզության ծառայության պետը խորհրդարանականներին վստահեցնում է՝ իր ղեկավարած կառույցը շատ սերտ համագործակցում է ԱԱԾ-ի հետ։
«Խոսքն այլ բանի մասին է, խոսքը սեփական պատասխանատվությամբ նման զգայուն միջոցառումը կիրառելու կարգ ունենալու մասին է»։
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ նման գործիքների բազմազանությունը մեծացնում է քաղաքացիների անհանգստությունը։ Ասում է՝ մարդիկ կարող են երկմտել՝ պատասխանե՞լ հեռախոսազանգին, թե՞ ոչ։ Այդ պատճառով առաջարկում է մշակել ընդհանուր, միասնական մոտեցում և ապահովել ավելի համակարգված գերատեսչական գործակցություն։
Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արմենուհի Կյուրեղյանը, Արտաքին հետախուզության ծառայության պետին հիշեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտին արած հայտարարությունը, ըստ որի, եթե առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին կարող է սկսվել, վարչապետի ձևակերպմամբ, աղետաբեր պատերազմ։
Արմենուհի Կյուրեղյանը հարցնոմ է՝ վարչապետի հայտարարությունը հիմնված էր Արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ տվյալների՞ վրա, թե՞ ծառայությունը տեղյակ չէ այդ հայտարարության հիմքերի մասին։ Քրիստինե Գրիգորյանը վարչապետի դիտարկումը տրամաբանական է գնահատում և բացատրում․
«Կարծում եմ` շատ տրամաբանական բան է ասել պարոն վարչապետը։ Իր ասածը հետևյալն էր, որ եթե նախընտրական փուլում, մրցակցող քաղաքական ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է։ Վարչապետի ասածն այս տրամաբանությունն է։ Ինչ վերաբերում է ծառայությանը, մենք ինչպես ասեցի անդադար, բոլոր հնարավոր դերակատարներից սպասվող, կանխատեսվող, գնահատված ռիսկերը` հիմնված հետախուզական տեղեկությունների անկողմնակալ վերլուծության վրա, զեկուցում ենք ըստ սահմանված կարգի»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Քրիստինե Գրիգորյանի պատասխանից եզրակացնում է․
«Այսինքն` փաստվեց, որ Արտաքին հետախուզության ծառայությունը որևէ նման տվյալ չունի։ Դա ընդամենը վարչապետի քաղաքական հայտարարություն էր, որին մենք սովոր ենք։ Մեր երկիրը գիտի, որ հայտարարությունն արվում է այն պահին և այնպես, ինչպես իրեն ձեռք է տալիս, և դա որևէ տրամաբանական հիմք չունի»։
Արտաքին հետախուզության ծառայության պետը հակադարձում է․
«Տիկին Կյուրեղյա՛ն, ձեր լոգիկայի պայմաններում կարող ենք նաև շատ բան փաստել ձեր ասածից, կամ ինչը այդպես չէ օբյեկտիվ իրականության մեջ»։
Այս կետից օրենսդրական քննարկումը վերածվում է քաղաքական բանավեճի։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցնում է ընդդիմության ներկայացուցիչների այն հայտարարությունը, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի իր 29 743 կմ² տարածքով, և որ սահմանազատման հիմքում չպետք է լինի Ալմա-Աթայի հռչակագիրը։
Նույն ուժերի ներկայացուցիչները, ըստ Ռուբինյանի, հստակ չեն հայտարարում՝ արդյո՞ք պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիր։
«Եթե այսպիսի ուժը գա իշխանության և անի այն, ինչ խոստանում է, որ պիտի անի, այսինքն` այս իմ նշածներն ընդունի որպես Հայաստանի քաղաքականություն։ Արդյո՞ք լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա՞ կփոքրանա՞ թե՞ կմնա նույնը»։
Խորհրդանաի փոխխոսնակի հարցին ի պատասխան Արտաքին հետախուզության ծառայության պետն արձագանքում է հակիրճ։
«Կմեծանա»։
Ռուբեն Ռուբինյանի հարցին նաև «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանն է արձագանքում՝ հիշեցնելով օրերս Աղվերանում Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունը։
«Կողմերը փոխանակել են փաստաթուղթ՝ սահմանազատման քարտեզները որոշելու ընթացակարգի վերաբերյալ։ Բա սովետի գենշտաբի 1975 թվականի քարտեզները, որ այդպես թմբկահարում էիք, ի՞նչ եղան, եթե պետք է կողմերն իրենք որոշեն»։
Սահմանազատման վերաբերյալ Արթուր Խաչատրյանի դիտարկումներին նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանն է արձագանքում։
«Ասել ենք եկեք դելիմիտացիա ու դեմարկացիա անենք Ադրբեջանի հետ։ Գնացել եք այն «գառ գրկող» կար, որ հիմա նստած է տեռորիզմի մեղադրանքով։ Դրա հետ փողոցներն ընկած միտինգ էին անում․ սա կործանում է, սա Հայաստանի վերջն է։ Այսինք ձեր անցյալի հետագիծը նայելով ստացվում է, որ գալու եք ասեք, որ տարածքների դեմարկացիան ու դելիմիտացիան չարիք է, պետք է կանգնացնել»։
Քաղաքական սուր բանավեճի ավարտին եզրափակիչ խոսքի իրավունքով ԱԺ ամբիոնին մոտեցած Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը շեշտում է՝ ծառայությունը շարունակելու է անխոնջ, հանդարտ և առանց լարվելու հավաքել, վերլուծել տեղեկություններ Հայաստանի Հանրապետության պետականությանը, անկախությանը, ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին և զեկուցել վարչապետին ու Անվտանգության խորհրդին։




