
Երևանում անցկացված «Հարավային Կովկասը բեկումնային փուլում․ խաղաղության և համագործակցության հեռանկարները» պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և սահմանի բացման հարցին։ Պանելային քննարկմանը մասնակցել են ադրբեջանցի և թուրք փորձագետներ, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Նա իր հայ պաշտոնակցի՝ Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ մասնակցել է «Հարավային Կովկասը բեկումնային փուլում․ խաղաղության և համագործակցության հեռանկարները» խորագրով պանելային քննարկմանը։
Բանախոսները խոսել են հայ-թուրքական սահմանի բացման և գործընթացի այս փուլի մասին։ Սահմանը դեռևս փակ է, թեև հակառակի մասին պաշտոնական տարբեր հայտարարություններ են հնչել։
Սերդար Քըլըչը, արձագանքելով հայ-թուրքական սահմանը բացելու լրագրողների հարցերին, հստակեցրել է, որ սահմանի փակ լինելը հիմնականում տեխնիկական խնդիրներով է պայմանավորված։ Ասել է նաև, որ սահմանի բացման հարցը երևանյան հանդիպումների ընթացքում չի քննարկվել:
«Որոշել ենք, որ երբ ճիշտ ժամանակը գա, երբ հստակեցվեն ու վերջնական տեսքի բերվեն ձևակերպումները, կբացենք սահմանը: Շինարարությունը գրեթե պատրաստ է, բայց կան որոշ հարցեր, որոնք պետք է ավարտին հասցվեն, օրինակ՝ ինտերնետ կապ պետք է լինի։ Տեխնիկական ու բյուրոկրատական բնույթի որոշ խնդիրներ, աշխատանքներ կան»։
Թուրքիայի բանագնացը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը։
Այս արտահայտությունը, ի դեպ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը կրկնել է նաև պանելային քննարկման ժամանակ։
Նա անհավանական է համարել այսօրվա ձեռքբերումները, ասել է, որ հնարավոր չէր հավատալ, որ գործընթացը կարող էր հասնել այս փուլին։
Թուրքական լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե Հայաստանի հետ սահմանի բացումը նախատեսված է հունիսի 4-ին՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ։
Թուրքական մամուլը հիշեցրել էր նաև, որ Օսմանյան կայսրության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1918 թվականի հունիսի 4-ին, և անցակետի բացումը կարող է համընկնել այդ տարեդարձի հետ։
Թուրքիայի արտգործնախարարությունը, սակայն, այսօր հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ «Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման ճշգրիտ ամսաթիվը դեռևս որոշված չէ»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պանելային քննարկման ժամանակ տեսակետ է հայտնել, որ այսօր ճիշտ ժամանակն է մեծ քայլերով առաջ գնալու Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում։ Նա առաջընթաց է համարել այն, որ Երևանում հայը, վրացին, թուրքը, ադրբեջանցին և ԵՄ ներկայացուցիչը միասին տարածաշրջանային հարցեր են քննարկում: Սա, ըստ Ռուբինյանի, նշանակում է, որ գործընթացը ճիշտ հունով է գնում։
Հարաբերությունների հաստատման գործում կարևոր է վստահության գործոնը՝ պարզաբանեց Ռուբինյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես են ոգևորում կամ համոզում հանրությանը համաձայնելու, չառարկելու այս մեծ փոփոխություններին․
Բոլորը տեսնում են, որ Ադրբեջանի տարածքով բեռները գնացքով հասնում են Հայաստան և այս փաստը, ըստ Ռուբինյանի, արդեն հիմք է Հայաստանի բնակչության համար տեսնելու շոշափելի արդյունքներ։
Մի ուշագրավ դիտարկում էլ․ ադրբեջանցի և թուրք փորձագետները ընդմիջման ժամին ընդհանուր հյուրասիրությանը չմասնակցեին ու ճաշեցին առանձին՝ լրագրողներից ու համաժողովի մյուս մասնակիցներից առանձնացված հատվածում, անվտանգության աշխատակիցների ընկերակցությամբ։




