ԿարևորՔաղաքական

Հայերը չեն կարող ծառայել Կոնգրեսում, հայտարարել է կոնգրեսական Ռենդի Ֆայնը

Ֆլորիդայից հանրապետական կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ  Ռանդի Ֆայնը հայտարարել է, որ ամերիկահայերը Կոնգրեսում չպետք է ծառայեն։ Նա այսպես է արձագանքել Հանրապետական փրայմերիում` նախնական ընտրություններում, իր մրցակից Դեն Բիլզերյանի թեկնածությանը` թիրախավորելով նրա ծագումը։

Ֆայնը այդ հայտարարությունն արել է «The Jenny Beth Show» հաղորդման ընթացքում՝ այնուհետեւ ընդլայնելով ամերիկահայության դեմ իր հարձակումները` ասել է. «Մենք չենք ուզում, որ սա արմատավորվի մեր կուսակցությունում։ Մենք չենք ուզում, որ հայերը կարողանան ծառայել Կոնգրեսում»։

«Ռենդի Ֆայնի ռասիստական արտահայտությունները, ուղղված հայերի դեմ, զարմանալի չեն. նա աջակցում է մի օրինագծի, որը զինում եւ խրախուսում է Ադրբեջանին՝ ցեղասպան քաղաքականություն վարող բռնապետությանը, որը վերջերս իրականացրել է 150,000 հայ քրիստոնյաների էթնիկ զտումը»,- ի պատասխան հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Կոնգրեսական Ֆայնը դրանից հետո էլ ավելի է կոշտացրել իր հայտարարությունները։ X սոցիալական ցանցում նա գրել է. «Հայերը չպետք է ծառայեն Կոնգրեսում։ Նաեւ՝ սոմալիները։ Կամ գվատեմալացիները։ Կամ, սպասեք՝ իսրայելցիները»։

Այս գրառումից հետո նրա քննադատները նշել են, որ իսրայելցիների ընդգրկումը փորձ է շեղելու ուշադրությունը իր սկզբնական թիրախից։

Ֆայնի ռասիստական հայտարարություններին արձագանքել են այլ կոնգրեսականներ, հայտնում է ANCA-ն։

Բրեդ Շերմանը գրել է. «Ֆայնի հայտարարությունները, ըստ որոնց ամերիկահայերը չպետք է ծառայեն Կոնգրեսում, նույնքան անընդունելի են, որքան անհեթեթ։ Կոնգրեսը շահել է բազմաթիվ ամերիկահայերի ծառայությունից։ Սա Ամերիկան է. մենք մարդկանց չենք արգելում ծառայել՝ նրանց էթնիկ պատկանելության հիմքով»։

«Յուրաքանչյուր ամերիկացի պետք է վրդովվի այս հայտարարություններից։ Ամերիկահայերը ծառայում են մեր բանակում, ստեղծում բիզնեսներ, աջակցում իրենց հարեւաններին եւ մեծ ներդրում ունեն երկրի զարգացման մեջ։ Ես ներկայացնում եմ երկրում ամերիկահայ ամենամեծ համայնքներից մեկը եւ չեմ լռի, երբ նրանց հավատարմությունը կասկածի տակ է դրվում»,- արձագանքել է կոնգրեսական Լորա Ֆրիդմանը։

Կոնգրեսական Դելիա Ռամիրեսն էլ  հրապարակել է Ֆայնի լուսանկարը՝ գրելով. «Սա՞ եք դուք։ Խտրականություն քարոզողները չպետք է ծառայեն Կոնգրեսում»։

Կարդացեք նաև

Back to top button