
Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համագործակցության շրջանակում այս տարի «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում:
Հունիսի 6-ին եվրոպական 10 երկրների պատվիրակություններ ժամանելու են Հայաստան և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեծ բեմում փայլելու են իրենց տաղանդով:
Հունիսի 6-ի ընտրությունը խորհրդանշական է. այդ օրը հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։
Մրցույթի կարգախոսն է՝ «Հայաստան. Վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է»։ Այս ուղերձով Հայաստանը ներկայանում է որպես մշակույթի, արվեստի և դասական երաժշտության միավորման հարթակ։
Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո։
Մասնակից երկրներն են Հայաստանը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Գերմանիան, Լատվիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Շվեդիան և Շվեյցարիան:





