ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Գունագեղ արարողություն, աշխարհաքաղաքական արձագանքներ․ միջազգային մամուլը՝ Երևանում ԵՔՀ հավաքի մասին

Միջազգային առաջադեմ լրատվամիջոցների գլխագրերում այսօր Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն է։ «Գունագեղ արարողություն Երևանում», «Աշխարհի կարևորագույն հարցերի քննարկում Հայաստանում»․ այս և նման բնորոշումները շատ են, երբեմն՝ բարձր գնահատականներով, երբեմն անգամ՝ հիացական։ Երևանյան գագաթնաժողովին անդրադարձը որոշ լրատվամիջոցներում համադրվել է ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին հայտարարությունների ու Եվրոպայի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հետ։ 

Ավանդական պարը՝ համադրված ժամանակակից երաժշտության հետ, որն ուղեկցվում էր Հայաստանի բնապատկերների ու պատմության ներկայացմամբ, գրավեց Եվրոպական Միության երկրների և տարածաշրջանային գործընկերների առաջնորդների ուշադրությունը՝ գրում է AP-ն։

Իսկ գերմանական DW-ն շեշտում է, որ 40-ից ավելի առաջնորդներ հավաքվել են Հայաստանի մայրաքաղաքում՝ քննարկելու, մասնավորապես, Ուկրաինայում և Իրանում տեղի ունեցող պատերազմները և դրանց գլոբալ հետևանքները։ Պարբերականը նկատում է, որ հանդիպման առանցքային ասելիքը որոշակիորեն ստվերել են Թրամփի վերջին հայտարարությունները նոր մաքսատուրքերի սահմանման և Եվրոպայում ռազմական ներկայության կրճատման վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը օրեր առաջ է հայտարարել ԵՄ-ից մեքենաների ներկրման համար նոր մաքսատուրքեր սահմանելու մասին, նաև  հայտարարել, որ ԱՄՆ-ն զգալիորեն կնվազեցնի իր զորքերը Գերմանիայում, ավելի շատ, քան նախապես Պենտագոնի կողմից հայտարարված կրճատումը 5000-ով։  

Ի պատասխան՝ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Ստյորեն հորդորել է չչափազանցել  ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում կատարվող փոփոխությունները, քանի որ, նրա ձևակերպմամբ, Եվրոպան արդեն աշխատում է սեփական անվտանգության ապահովման ուղղությամբ։

«Ես չէի չափազանցի դա, քանի որ կարծում եմ, որ ԵՄ անդամներն  ավելի շատ են հոգ տանում իրենց սեփական անվտանգության մասին: Ես Գերմանիայից 5000 զինվոր դուրս բերելու լուրերը դրամատիկ չեմ համարում, բայց կարծում եմ, որ դրանք պետք է ներդաշնակ ձևով կարգավորվեն ՆԱՏՕ-ի շրջանակներում: Եվ եթե մենք այդպես անենք  կնշանակի, որ Եվրոպան ավելի շատ է հոգ տանում սեփական անվտանգության մասին՝ դեռևս սերտորեն համագործակցելով ԱՄՆ-ի հետ»:

Թրամփը բազմիցս է քննադատել եվրոպացի դաշնակիցներին՝ Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգներին իրենց ակնկալածի չափով չաջակցելու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Երևանում հայտարարեց, որ եվրոպացիները «լսեցին» Թրամփի ուղերձը և արդեն ակտիվացնում են ջանքերը՝ պատերազմի «հաջորդ փուլին» պատրաստ լինելու համար։

«Ինչպես գիտեք՝ ԱՄՆ-ի կողմից որոշակի հիասթափություն է եղել Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի և Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող արշավի նկատմամբ եվրոպական արձագանքից: Բայց ես եվրոպացի առաջնորդների հետ իմ բոլոր շփումներից լսում եմ, որ նրանք լսել են ԱՄՆ-ի ուղերձը հստակ և բարձրաձայն: Եվ մենք տեսել ենք, որ այս բոլոր երկրները այժմ պատրաստ են լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հստակեցրել է, որ չեն մասնակցի որևէ ռազմական գործողության, հատկապես, որ դրա շրջանակն, իր ձևակերպմամբ, անհասկանալի է։ Մակրոնը հիշեցրել է, որ Ֆրանսիան Միացյալ Թագավորության հետ ստեղծում է միջազգային կոալիցիա, որը ռազմական գործողությունների դադարեցումից հետո նեղուցում չեզոք ծովային առաքելություն կստանձնի։  

«Այսօր ես հետևում եմ իրավիճակին։ Եթե Միացյալ Նահանգները պատրաստ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն Հորմուզի նեղուցի վերաբացմանը, դա հիանալի է։ Դա այն է, ինչ մենք խնդրել ենք սկզբից։ Այնուամենայնիվ, մենք չենք մասնակցի որևէ ուժային գործողության, որը իմ կարծիքով պարզ չէ»։

Ավելի ուշ պանելային քննարկումների ժամանակ Մակրոնը նկատել է, որ եթե Կանադայի վարչապետը նույնպես Երևանում է, նշանակում է՝ նա իրեն ավելի մոտ է զգում եվրոպացիներին։

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն էլ խոստովանել է, որ Գերմանիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին Թրամփի հայտարարությունն իր համար անակնկալ էր՝

«Սա երկար ժամանակ քննարկվել է, բայց այս հայտարարության ժամանակը, անշուշտ, անսպասելի էր։ Այս իրադարձությունը ևս մեկ անգամ հաստատում է ՆԱՏՕ-ի շրջանակում Եվրոպայի աջակցությունը ամրապնդելու անհրաժեշտությունը»։

Վերադառնալով Երևանում անցկացվող բարձր ներկայացուցչական հանդիպմանը․ AP-ն հիշեցնում է, որ ԵՔՀ-ն հիմնադրվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո՝ 2022 թվականին՝ առավելապես ընդգծելու Մոսկվայի քաղաքական մեկուսացումը։ Ի տարբերություն Եվրոպայի խորհրդի, որն ունի 46 մշտական ​​անդամ, ԵՔՀ-ն աշխարհառազմավարական հարցերի, էներգետիկայի ևկլիմայի քննարկումների ոչ պաշտոնական հարթակ է։ Այս գագաթնաժողովներում փակ դռների հետևում բանակցությունները որոշիչ նշանակություն են ունենում։

Միջազգային մամուլը նկատում է, որ առաջին անգամ գագաթնաժողովին մասնակցում է ոչ եվրոպական երկրի ներկայացուցիչ՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին: Նաև շեշտվում է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չեղարկել է իր մասնակցությունը Երևանում ընթացող գագաթնաժողովին, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին առանձնակի կարևորություն է վերագրվում։

Euronews-ն էլ  Երևանում անցկացվող գագաթնաժողովը աննախադեպ է գնահատել՝ նկատելով, որ այն անկացվում է Մոսկվա-Երևան տարաձայնությունների ֆոնին։

Հստակեցվում է, որ Երևանում ընթացող գագաթնաժողովին մասնակցում են տասնյակ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը և ՆԱՏՕ-ն, նաև՝ Ադրբեջանը՝ հեռավար, ինչպես նաև Ալբանիան, Անդորրան, Ադրբեջանը՝ հեռավար, Բոսնիան և Հերցեգովինան, Կանադան, Վրաստանը, Իսլանդիան, Կոսովոն, Լիխտենշտայնը, Մոլդովան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Սան Մարինոն, Սերբիան, Շվեյցարիան։

Կարդացեք նաև

Back to top button