
Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ «Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում Դաշինքն ընդգծում է, որ բարձրաստիճան պատվիրակությունների այցը Երևան լուրջ իրադարձություն է, սակայն քննադատում է միջոցառումների անցկացումը համապետական ընտրություններից ընդամենը շաբաթներ առաջ։
Ըստ դաշինքի՝ իշխանությունները սա ներկայացնելու են որպես արտաքին աջակցություն իրենց քաղաքական ուժին։ Նշվում է, որ եվրոպական կառույցները կամա թե ակամա ներգրավվում են Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում։
«Հայաստանյան քաղաքական գործընթացներում մենք չենք ակնկալում արտաքին քաղաքական որևէ դերակատարի, այդ թվում՝ Եվրոպական միության միջամտությունը։ Սակայն ՀՀ արտաքին գործընկերների շրջանում Եվրոպական միությունն այն եզակիներից է, որն ունի իրավապայմանագրային պարտավորություններ՝ հետևելու Հայաստանում օրենքի գերակայությանը և ժողովրդավարական գործընթացներին։ Այս համատեքստում մենք ակնկալում ենք, որ Հայաստանում տեղակայվելիք երկրորդ քաղաքացիական առաքելությունը ամբողջությամբ հավատարիմ կմնա իր մանդատին և կառաջնորդվի քաղաքական ներառականության սկզբունքով՝ իր աշխատանքներում երաշխավորելով ընդդիմության լսելիությունը»,- ասված է հայտարարությունում։
Հայտարարությունը ընդգծում է նաև այն օրակարգային հարցերը, որոնք «Հայաստան» դաշինքը համարում է առաջնահերթ՝ օգտագործելով միջազգային բարձր մակարդակի հարթակները։
«Հայաստանում նախատեսված ներկայացուցչական միջոցառումները, լավ առիթ և հնարավորություն են բարձրաձայնելու մեր ժողովրդի ու պետության համար այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսին Բաքվում պահվող մեր գերիների ազատությունն ու Հայաստանի տարածքների դեօկուպացիան են։
Այս համատեքստում ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից ապրիլի 30-ին ընդունված՝ «Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցման» վերաբերյալ բանաձևի առանձին դրույթներ, որոնք վերաբերում են արցախահայության վերադարձի իրավունքին, Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը, հայ գերիների ազատությանը և Հայաստանում ընդդիմադիր բոլոր դերակատարների համար հավասար և մրցակցային պայմանների երաշխավորման անհրաժեշտությանը։ Ակնկալում ենք, որ Եվրոպական խորհրդարանի այս սկզբունքային դիրքորոշումը ուղենշային կլինի Եվրոպական միության գործադիր իշխանության համար»,- նշված է հայտարարությունում։
Հայտարարվել է նաև, որ մայիսի 4-ին՝ ժամը 14:00-ին, դաշինքը նախատեսում է իրականացնել բողոքի ակցիա՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու երկրի ներքին և արտաքին խնդիրների վրա:




