
Առաջիկա օրերին խոշոր իրադարձություններ են սպասվում ՀՀ-ում, ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասին։
Նա տեղեկացրել է, որ երեկվանից արդեն հյուրեր են ժամանում: Մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ են լինելու ՀՀ-ում: Հաջորդ օրը տեղի է ունենալու Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն:
«Ինչպես արդեն տեղյակ եք, մենք նախագահ Մակրոնի հետ նաև այցելելու ենք Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում ժամը 18.00-ից տեղի է ունենալու համերգ ֆրանսիացի և հայ աստղերի մասնակցությամբ»,- հայտնել է նա:
Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ տեղի է ունենալու Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, և ճանապարհների փակ լինելն ու անվտանգության միջոցառումները քաղաքացիներին անհարմարություններ են պատճառելու: Այդ պատճառով մայիսի 4-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր:




