Քաղաքական

ԵՏՄ- ն բաց է ԱՊՀ երկրների համար, ասում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարը

Եվրասիական ինտեգրումը  բաց է ԱՊՀ երկրների համար, հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը Մոսկվայում կայացած «Հասարակական դիվանագիտությունը հանուն եվրասիական ինտեգրման» միջազգային խորհրդաժողովի ժամանակ։

Ըստ նրա՝ դա փոխշահավետ գործընթաց է, որը հաշվի է առնում մասնակից երկրների քաղաքացիների շահերը: «Մեր նպատակն է համախմբել ջանքերը, որպեսզի նորաստեղծ կառույցը  զարգանա արագ տեմպերով»,-ասել է Կոսաչովը՝ հույս հայտնելով, որ  2015-ի հունվարի 1-ից միության լիիրավ անդամ կդառնա Հայաստանը, ապա նաև՝ Ղրղզստանը։

Միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի  հղած ողջույնի խոսքում նշվում է, որ  հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացների հետևողական խորացումը իրավահավասար փոխշահավետ հիմքի վրա Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է:

«Միր 24»- ի փոխանցմամբ՝ Հունաստանի փոխարտգոծնախարար Սպիրոս Կուվելիսը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև Աթենքը: «Հունաստանում այժմ տնտեսական բարդ շրջան է: Մենք գտնում ենք, որ հույն ձեռներեցները շատ բան ունեն առաջարկելու և շատ բան կարող են ստանալ ԵՏՄ բոլոր անդամ երկրների հետ համագործակցությունից»,- ասել է Հունաստանի փոխարտգործնախարարը։

Back to top button