
Մուսալեռի հերոսամարտի հուշարձանի բարձունքի ձախ կողմում գտնվող թաղամասում Անդրեաս Անդրեասյանն իր փոքրիկ հողամասը դարձրել է Միչուրինի այգի: Շուրջ 700 քմ տարածքի վրա մի քանի տասնյակ տեսակի ծառեր, թփեր ու վազեր է տնկել: Տնկիները ձեռք է բերել տարբեր վայրերից ու փորձարկել իր հողամասում: Անհաջողություններից չի հուսահատվել, հետաքրքրվել, գտել է մշակության ճիշտ տարբերակը:
Մուսալեռ գյուղից Անդրեաս Անդրեասյանն աշխատանքային օրվա ծանրաբեռնվածությունից լիցքաթափվում է միայն իր տնամերձ այգում, որտեղ բազմատեսակ ծառեր ու խաղողի վազեր է մշակում: Հողամասն այդքան էլ ընդարձակ չէ՝ շուրջ 700 քմ, սակայն փոքր տարածքում բազմաթիվ ծառեր են աճում: Ասում է՝ փորձել է հողի ամեն թիզը նպատակային օգտագործել:

«Մոտիկ-մոտիկ եմ ծառերը տնկել: Այսքան ծառ չպետք է լիներ այստեղ, մոտ 60-70 ծառ կա, բայց ընդամենը պետք է լիներ 15-20 հատ: Չափից շատ մոտիկ եմ տնկել՝ մի 2մ-2.5 մ հեռավորության վրա, բայց 4-5 մետր հեռավորության վրա պիտի լինեին: Ուղղակի ծառերը կարճ ու փոքր եմ պահում, որ տեսականին շատ լինի, և ինչքան հնարավոր է բոլոր տեսակից ունենամ»:
Այգեգործը տեղական ծառապտուղների, հատապտուղների ու խաղողի տեղական տեսակների մշակությամբ չի սահմանափակվում, հետաքրքվում է այլ սորտերով, ուսումնասիրում դրանց մշակության ձևն ու պատվիրում: Սկզբում աճեցնում է ծաղկամաններում, հետո տեղափոխում հողի մեջ:

«Ցախակեռասն է, պտուղն արդեն կա, այս տարի առաջին անգամ ծաղկել է: Հատապտուղ է, մեկը Լեհաստանից եմ բերել, մյուսը՝ Արշալույս գյուղից գնել, հապալաս աճեցնողից»:
Ցախակեռասի աճեցման առաջին փորձը հաջող չի եղել, իսկ երկրորդն արդեն ամուր կպել է հողին: Դեռ չգիտի պտուղն ինչ համ ունի, բայց վստահ է, որ բարձրարժեք բույս է: Ասում է՝ շուկայում քիչ կա: Հապալաս էլ է տնկել, բայց ոչ սովորական հողում, այլ՝ ծաղկամանում, թթվային տորֆի մեջ:

«Ընդամենը պիտի մեծացվի ամանը, մոտ 25լիտրանոց տարայի մեջ դրվի։ Միայն թթու տորֆի մեջ է աճում: Այդ տորֆը մենք չունենք: Հողում կարող ենք դնել, բայց էլի թթու տորֆի մեջ, այսինքն՝ մեկուսացնենք մայր հողից ու թթու տորֆ օգտագործենք»:
Իր փորձից ելնելով՝ Անդրեասը վստահեցնում է՝ հապալասը կարելի է տնկել տարվա ցանկացած եղանակին: Այգում նոր տնկիներ շատ կան, որոնք դեռ պտուղ չեն տվել:
«Սա մոշաթութ է ՝ թթի ու մոշի խառնուրդ: Համով է, այսինքն՝ թութ ես ուտում, բայց մոշի համ է տալիս, մի քիչ թթվաշ: Ավելի նուրբ է, շատ համով: Արդեն երկրորդ տարին է, որ դրել եմ»:
Խաղողի տարբեր սորտեր էլ է աճեցրել, որոնց մի մասը ստացել է պատվաստումներով: Այս տարի նոր տեսակ է փորձարկել:

«Ավատար սորտն եմ դրել, անկորիզ սև քիշմիշն է: Ամերիկայից են մատերը բերել: Հիմա շատացրել եմ, պատվաստել եմ «իծան պտուկ» խաղողի վրա: Ավատարի պատվաստն արդեն սկսել է աշխատել: Վազերի վրա էլ տարբեր սորտեր են՝ մի ճյուղի վրա կլինի մի խաղողի տեսակ, մյուս ճյուղին՝ ուրիշ»:
Հողամասի փոքր հատվածում կողք-կողքի շարված վազերի վրա 30-ից 40 տեսակի խաղող կա: Թե՛ ծառերից, և թե՛ վազերից Անդրեասը տարբեր տեսակի պտուղներ է ստանում , բայց՝ ոչ վաճառքի համար:
Մուսալեռի հերոսամարտի հուշարձանի բարձունքի մոտ գտնվող տնամերձ հողամասում ազատ տեղ գրեթե չկա, փոխարենը սեփականաշնորհված կես հեկտար վարելահողը ոռոգման ջրի պատճառով արդեն երկու տարի չի մշակում:
«Ջուրը տալիս են հունիս ամսին, կտրում օգոստոսին: Այնտեղ ինչ մշակես, ավելի շատ վնաս ենք կրում ու ժամանակի կորուստ»:
Նախկինում այդ տարածքում խաղողի այգի է եղել, որի մշակությունից եկամուտ գրեթե չի ստացել ու 3-4 տարի հետո քանդել է, վերածել հացահատիկի ու կերային մշակաբույսերի ցանքատարածքի:
Անդրեաս Անդրեասյանը կահույքագործ է, այլ բնակավայրում է աշխատում, սակայն այգին խնամելու համար միշտ ժամանակ գտնում է՝ կլինի վաղ առավոտյան, թե երեկոյան՝ աշխատանքից հետո:




