
Կոռուպցիայի դեմ պայքարի առաջնային օղակներից մեկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, որն առավելապես խորհրդատվական մարմնի լիազորություն ունի։ Կառույցի արձանագրած խնդիրները, սակայն, հետագայում կարող են Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում հայտնվել՝ ավելի լուրջ հետևանքներ ենթադրելով։
Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովի կարևոր լիազորություններից մեկը պաշտոնյաների բարեվարքության և շահերի բախման ստուգումն է։ Վերջին շրջանում հենց շահերի բախմանն առնչվող խախտումներով են կառույցի ուշադրության կենտրոնում հայտնվել մի շարք համայնքապետեր։
Առաջիկայում սահմանափակվելու է բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությունը գնումների գործընթացին։ «Գնումների մասին» օրենքում ֆինանսների նախարարության մշակած փոփոխությունների փաթեթն արդեն խորհրդարանում է։ Փոփոխություններով շահերի բախման դեմ պայքարի առավել արդյունավետ գործիքակազմ է առաջարկվում։ Կանոններին հետևող մարմինը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է։ Փոփոխությունների փաթեթը ֆինանսների նախարարությունը մշակել է կառույցի վեր հանած խնդիրների հիման վրա՝ ասում Հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը։
«Նախատեսվում են գնումների մասնակցության սահմանափակման մի քանի մակարդակներ` կախված անձանց զբաղեցրած պաշտոնից։ Հստակեցվում է, թե որ դեպքում որ ընկերությունները որ գերատեսչությունների գնումներին կարող են կամ չեն կարող մասնակցել։ Սա գործնականում լուծելու է այս պահին առկա բացը, օրինակ` համայնքի ղեկավարի ընտանիքի անդամների, կազմակերպությունների` նույն համայնքային գնման գործընթացների մասնակցության և պայմանագրերի կնքման առնչությամբ։ Թե որքանով սա հետագայում կսահմանափակի ընդհանուր պրոցեսի մրցակցությունը կամ կազդի, որ ընկերությունները կամ փոխկապակցված անձինք փորձեն շրջանցել գործող կամ պլանավորվող օրենսդրական կարգավորումները, այս փուլում դժվար է ասել»։
Հարուցված վարույթների վերլուծությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փաստում է, որ շահերի բախման հիմնական ուղղություններն են գնումներն ու շինթույլտվությունները։ Հանձնաժողովը 2024–ին 6 համայնքապետի նկատմամբ էր վարչական վարույթ նախաձեռնել, 2025–ին՝ 13։ Բացահայտված խախտումներն առնչվել են Կապանի, Թալինի, Չարենցավանի, Գորիսի և մի շարք այլ համայնքների ղեկավարներին։
Վարույթ նախաձեռնելու համար հանձնաժողովին անհրաժեշտ է կա՛մ դիմում, կա՛մ մեդիահրապարակում ենթադրյալ խախտման մասին։ Օրինակ, Թալինի համայնքապետի դեպքում վարույթ սկսելու հիմք են դարձել մամուլի հրապարակումները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետը վերջին երեք տարում կոռուպցիոն հստակ սխեմա է կառուցել՝ համայնքային բյուջեից միլիոնավոր դրամներ ուղղելով իրեն և իր մերձավորներին պատկանող ընկերություններին։ Գործն առնչվել է գազալցակայաններին։
Օրենսդրական կարգավորումները, սակայն, չեն ենթադրում, որ տարբեր պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք՝ ընկերները, հարազատները և ընտանիքի անդամները լիովին զրկվելու են բիզնեսով զբաղվելու հնարավորությունից։ Այստեղ կարևորը գործող անձանց ազնվությունն ու բաց աշխատելու պատրաստակամությունն է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչը հաստատում է, որ համայնքների փոքր լինելը որոշակի խնդիրներ առաջացնում է շահերի բախման տեսանկյունից․
«Իրականում Հայաստանում խնդիրը բարդ է այն առումով, որ փոխկապակցվածությունը պաշտոնյաների և գործընթացների մասնակիցների միջև հաճախ ազգակցական, սերտ անձնական կամ այլ հարաբերությունների ուժով բավականին տարածված է։ Սա նաև պրակտիկայում խնդիր է դեպքերի մեծ թվի առումով։ Բայց շահերի բախման ընդհանուր ինստիտուտի և կառուցակարգերի նպատակը շահերի բախման հնարավոր ռիսկերը կառավարելի դարձնելն է։ Տվյալ դեպքում, եթե խոսում ենք գնումների մասին, գործնականում ունենք համայնքներ, որտեղ, օրինակ, որևէ ապրանքի մատակարարումը մշտապես իրականացվել է համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված առևտրային կազմակերպության կողմից։ Մյուս տեսանկյունից, այստեղ նաև խնդիր կա մրցակցության ապահովման, որովհետև դիցուկ տվյալ ապրանքի կամ ծառայության մատակարարը Հայաստանում մեկն է կամ մի քանիսն են, ուստի նաև շուկան բավարար մեծ չէ, որպեսզի այլ ընկերություններ հնարավորություն ունենան մասնակցելու։ Բայց նաև պաշտոնատար անձանց շահերի բախման ռիսկերի կառավարման տեսանկյունից չափազանց կարևոր է, որպեսզի տվյալ դեպքերը արձանագրվեն և համապատասխան հետևանքի հանգեցնեն` բացառելով ցանկացած պարագայում շահերի բախման որոշումների կայացումը»։
Բոլոր դեպքերում, եթե գնման ընթացակարգերը պահպանված են և առերևույթ խնդիրներ չկան, հանձնաժողովը ոչ թե արգելում է պայմանագրի կնքումը, այլ առաջարկում է համայնքի ղեկավարներին շահերի բախման մասին հայտարարություն տալ։ Այսինքն, եթե գնման ընթացակարգերը պահպանված են, համայնքի ղեկավարները պայմանագիր կնքելու հնարավորություն, այնուամենայնիվ, ունեն` նախապես շահերի բախման մասին հայտնելով։ Այդ դեպքում անհրաժեշտ կլինի ստանալ կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկությունը։ Տիգրանուհի Խալաֆյանի վկայակոչած վիճակագրությամբ ապացուցվում է, որ շահերի բախման ռիսկային խմբում հարմարվում են բաց և թափանցիկ աշխատելու սկզբունքին։
«Շահերի բախման վերաբերյալ հանձնաժողովի գործունեության առաջին երկու տարիներին թե՛ դիմումները, թե՛ մեդիա հրապարակումները շատ քիչ էին։ Օրինակ` 23 թ.–ին շահերի բախման վերաբերյալ հանձնաժողովն ունեցել էր 6 ուսումնասիրություն` դիմումների և մեդիա հրապարակումների հիման վրա։ 2024 թ.–ին դրանց թիվը կազմել էր մոտավորապես 50, 2025–ին՝ ավելի քան 120։ 2026 թվականի առաջին եռամսյակում միայն մոտավորապես 40 ուսումնասիրություն արդեն իսկ ունեցել ենք։ Այսինքն` ընդհանուր դիմելիությունն ավելանում է։ Սա կարևոր արձանագրում է այն առումով, որ նաև դիմող սուբյեկտների իրազեկվածությունն է բարձրանում։ Այսինքն նաև վերջիններս տեղյակ են շահերի բախման իրավիճակների վերաբերյալ հանձնաժողովի լիազորություններին, գիտեն, թե որ դեպքում պիտի հանձնաժողով դիմեն։ Սա ցույց է տալիս, որ պաշտոնատար անձինք նաև իրենք են փորձում կանխարգելել հնարավոր շահերի բախման ռիսկերը և նախապես հայցել հանձնաժողովի առաջարկությունը»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիշեցնում է, որ շահերի բախման դեպքում կառույցի առաջարկությունները ստանալու համար չդիմելը հանգեցնում է պաշտոնյաների վարչական պատասխանատվության։




