ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Խոստումներ` ընդդեմ ընտրակաշառքի․ Փաշինյանը պարզաբանել է, թե որտեղով է անցնում սահմանը

Ընտրակաշառք, վարչական ռեսուրս, բարեգործություն․ որտեղով է անցնում թույլատրելիի ու խախտման սահմանը՝ նախընտրական փուլում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում առանցքային են եղել նաև այս հարցերը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվում են՝ ինչու է մի դեպքում քաղաքացիներին տրված խոստումը դիտարկվում որպես ընտրակաշառք, իսկ այլ դեպքում անտեսվում է։

Վերջին օրերին Հակակոռուպցիոն կոմիտեն մի քանի հաղորդագրություններ է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին մեղադրելով նախընտրական շրջանում ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու կամ նյութապես շահագրգռելու համար։ Այս համատեքստում լրագրողները վարչապետին հիշեցնում են քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում հնչող խոստումները։ Օրինակ՝ քաղաքացիներից մեկին վարչապետը խոստացել էր աշխատանքի տեղավորել օրական 14 հազար դրամ աշխատավարձով։

«Եթե Դուք նկատի ունեք, օրինակ, Շենգավիթի մետրոյում քաղաքացու հետ խոսակցությունը, ես գիտեմ, որ նրան աշխատանք է առաջարկվել համապատասխան պետական մարմինների կողմից, և նա հրաժարվել է աշխատանքից, և այդտեղ խոսքը մարդու, անհատի աշխատանքի մասին չէր, այլ երկրում տնտեսական իրավիճակի, աշխատատեղերի և այլնի մասին»։

Վարչապետը հիշեցնում է, որ Միասնական սոցիալական ծառայության գործառույթներից է քաղաքացիներին աշխատանք առաջարկելը և սոցիալական խնդիրներին արձագանքելը՝ ընդգծելով, որ պետական ինստիտուտների գործունեությունը չի կարող կասեցվել նույնիսկ նախընտրական փուլում։

«Այսինքն՝ երբ մարդիկ դիմում են պետական ինստիտուտներին, պետական ինստիտուտները գործում են, թոշակներ են բաժանվում, նպաստներ և այլն, և այլն, այսինքն՝ չենք կարող կանգնեցնել, և օրենքը չի էլ նախատեսում, և անտրամաբանական էլ կլիներ՝ դա կանգնեցնել»։

Ենթադրյալ ընտրակաշառքի մեղադրանքով հարուցվող գործերը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում անհիմն են համարում և նախընտրական շրջանում քաղաքական ուժի բնականոն գործունեությունը խաթարելուն ուղղված ճնշում որակում։ Կուսակցությունը մեղադրվում է նաև մարդկանց հարկադրաբար հավաքների բերելու համար։

Լրագրողները վարչապետին հիշեցնում են «Ականատես» դիտորդական առաքելության ահազանգը, թե Գյումրիում կազմակերպված համերգին տեղական իշխանություններն անգամ նախադպրոցականների ու դպրոցականների մասնակցությունն են ապահովել։

Վարչապետն ասում է, եթե պարտադրանքի կասկածը հաստատվի, պատասխանատուները կպատժվեն։ Բայց առանց հիմնավորված փաստերի ծառայողական քննություն չի նախաձեռնվի։

«Ես ասում եմ՝ այնտեղ, որտեղ կլինի հիմնավորում, կլինի հետևանք։ Այսինքն՝ ես հիմա ծառայողական հետաքննություն չեմ անելու. որտեղ կլինի փաստ, կլինի հետևանք։ Եվ էլի եմ ասում՝ երկու կողմից. կլինի վարչական ռեսուրս օգտագործել մարդկանց տանելու համար և վարչական ռեսուրս օգտագործել մարդկանց արգելելու համար, երկու դեպքում էլ կլինի հետևանք»։

Ինչ վերաբերում է նախընտրական միջոցառումներին պետական աշխատողների մասնակցությանը, ապա վարչապետի խոսքով՝ օրենքով սահմանված կարգով նրանք բոլոր քաղաքացիների նման  կարող են մասնակցել հանրային միջոցառումների։

Ասուլիսում անդրադարձ եղավ նաև «Իմ քայլը» հիմնադրամի բարեգործական նախաձեռնություններին։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը 5 դրվագով հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանին պատասխանատվության կանչելու հայց է ներկայացրել դատարան։ Ի պատասխան Աննա Հակոբյանն Իոաննիսյանի դեմ երկու հայց ներկայացնելու մտադրության մասին է խոսել։ Իոաննիսյանի պնդմամբ՝ հիմնադրամն ասոցացվում է իշխող ուժի հետ, և դրա գործունեությունը պետք է դիտարկվի նախընտրական սահմանափակումների շրջանակում։ Վարչապետ Փաշինյանն այս տեսակետը չի կիսում։

««Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը ընդհանրապես որևէ կապ չունի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և ընդհանրապես քաղաքականության հետ»։   

Վարչապետն արձագանքեց նաև հարցին, թե ինչու Հանրապետության հրապարակում կազմակերպված համերգին «Վարչաբենդը» ելույթ չունեցավ, մինչդեռ նախապես խոստացվել էր։

Փաշինյանն անկեղծացավ. «Մեր Գյումրիի ելույթը լսել եմ նորից, ես կարծում եմ, որ մենք դեռ պիտի «աճենք»՝ այդպիսի բեմերից ելույթ ունենալու համար»։

Կարդացեք նաև

Back to top button