
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես վերակենդանացման կարիք ուներ, իսկ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ոչ թե իշխանափոխություն են ուզում, այլ իշխանափոխանցում»,-ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի, այսպես ասած, հեղափոխական գործողություններն այսպես է մեկնաբանում Սասուն ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը: Այսօր նա անդրադարձել է նաև Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը՝ նշելով, որ դա մեզ ոչ մի լավ բան չի խոստանում:
«ԵՏՄ-ի կազմում Հայաստանը մեկուսանում է արտաքին աշխարհից: Ինչպես կարող է Հայաստանի անվտանգության երաշխավոր դառնալ մի պետություն, որը հսկայական թվով զենք է վաճառում Ադրբեջանին»:
«Ինչ անվտանգության մասին է խոսքը, երբ Ռուսաստանում արդեն խոսում են Ուկրաինայում պատերազմ սկսելու մասին: Մենք չափազանց վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել»,-Սասուն ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն այսպես է հակադարձում այն պնդումներին, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը երկրի անվտանգության բարձրացմանն ուղղված կարևոր քայլ է: Ըստ նրա Հայաստանի անվտանգության բարձրացմանը կարող է նպաստել միայն երկրի տնտեսական ու քաղաքական զարգացումը, ինչն անհնար է, քանի դեռ ասպարեզից չեն հեռացել Հայաստանի երեք նահագահները:
Եռյակի՝ այսինքն ԱԺ –ի ոչ իշխանական երեք ուժերի գործունեությունն այսպես է մեկնաբանում ԱԺ նախկին պատգամավորը, մեջբերենք. «Նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես վերակենդանացման կարիք ուներ, իսկ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ոչ թե իշխանափոխություն են ուզում, այլ իշխանափոխանցում: Օրակարգում Ռուսաստանի թագաժառանգի հարցն է»:
Այդուհանեդերձ, նա նշում է, որ իշխանափոխության պահանջ դնելու դեպքում կգնա Գագիկ Ծառուկյանի ետևից, որովհետև նա, ինչպես ասում է, չարյաց փոքրագույնն է :




