ԿարևորՔաղաքական

ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը կողմ են ԵՏՄ-ին. այսօր կավարտվի ԱԺ աշնանային նստաշրջանը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Աժ-ն այսօր ավարտելու է աշնանային նստաշրջանը: Այլ կերպ ասած՝ այսօր վերջին քառօրյայի վերջին աշխատանքային օրն է: Պատգամավորները, գրեթե, ամբողջ քառօրյան տրամադրեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկմանը: Այսօր էլ են պատգամավորները շարունակում ելույթները այդ թեմայի շուրջ: Սակայն, այսօր արդեն 17.00-ին հայտնի է դառնալու այս առնչությամբ ԱԺ-ի քվեարկության պատկերը: Աժ-ի նախագահ Գալուստ Սահակյանն արդեն զգուշացրել է պատգամավորներին՝ չհեռանալ շենքից, քանի որ օրվա վերջում կազմակերպվելու է քվեարկություն:

ԵՏՄ-ին մեր անդամակցության պայմանագրի քննարկումից հետո օրակարգով նախատսվում է անցնել 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը: Արդեն հիմա պարզ է. խորհրդարանը չի հասցրել ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկել մի քանի ծավալուն հարցեր՝ դրանցից է, թե հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, որի քննարկումը հավանաբար, այսօր չի ավարտվի, Վերահսկիչ Պալատի նախորդ տարվա հաշվետվությունը նույնպես դեռ ներկայացված չէ: Ըստ որոշ տեղեկությունների մինչեւ դեկտեմբերի ավարտը խորհրդարանը դեռ կաշխատի՝ գումարելով, հավանաբար, երկու արտահերթ նիստ:

Պատմությունից սիրողական մեջբերումներ չանելու եւ պարզ խոսելու կոչերով է այսօր իր գործընկերներին դիմել Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու պայմանագրի քննարկման ժամանակ: Նա ցանկացել է հիշեցնել, թե ինչ միջավայրում է տեղի ունեցել տնտեսական նոր միությանը անդամակցելու հայտը, բայց մինչ այդ նաեւ ձեւակերպեց. ինչքան էլ ասվում է, որ միությունը տնտեսական է, ակնհայտ է, որ սա աշխարհաքաղաքական եւ քաղաքական նախաձեռնություն է:

«Այս համակարգին անդամակցությունը նաև անվտանգության գործոնով է պայմանավորված, եկեք չմոռանանք, որ այս նախաձեռնությանը նախորդեց հայ-թուրքական արձանագրությունները, նախաձեռնություն, որը Հայաստանի ապաշրջափակման նպատակ էր հետապնդում: Եվ ցավոք, պետք է ընդունել, որ միջազգային հանրությանը չհաջողվեց Թուրքիայի վրա ճնշում գործադրել ՝ բացելու այդ սահմանը, ինչը առավել մեծ մանևրելու հնարավորություն կտար Հայաստանի Հանրապետությանը»:

Սա այն հարցն էր, որ պետք է ներկայացվեր առնվազն վարչապետի եւ ֆինանսների նախարարի մակարդակով, այսօր Աժ-ում դժգոհեց Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ ԵՏՄ պայմանագրի քննարկման ժամանակ: Ստեղծված իրավիճակում պատգամավորը ավելի հասկացել է Ռուսաստանի դիրքորոշումը եւ հենց այդ կենցաղային մակարդակով էլ տվեց բնորոշումը:

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստմայնի ներկայացմամբ պետք չէ վերլուծել, թե ինչ է եղել մինչեւ հիմա, կարծում է, որ այո, կարելի էր ավելի լավ բանակցել, բայց ստեղծված իրավիճակից ելնելով դաշնակցականները կարծում են, որ պայմանագրին կողմ քվեարկելը ճիշտ է:

Ի դեպ՝ առավոտվանից Աժ-ի Դեմիրճյան մուտքի մոտ պատգամավորներին դիմավորում են մի խումբ մարդիկ, որոնք կոչ են անում դեմ քվեարկել պայմանագրին:

Աժ-ի մյուս խմբակցությունների դիրքորոշումները քվեարկության մասով պարզ կդառնան ընդմիջումից հետո:

Back to top button