ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

«Լավ» և «վատ» անդամներ․ Սպիտակ տունը դասակարգում է ՆԱՏՕ-ի երկրները. միջազգային մամուլի անդրադարձը

Հերթական լարվածությունն է նկատվում Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի միջև։ Դաշինքի ղեկավարությունը քննարկում է տարեկան գագաթնաժողովները չեղարկելու հարցը։ Այս մասին գրում է Reuters-ը վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները:

Նաև տեղեկություններ կան Հյուսիսատլանտյան դաշինքին Իսպանիայի անդամակցությունը կասեցնելու հավանականության մասին։ Սպիտակ տունը ՆԱՏՕ-ի «լավ» ու «վատ» անդամների ցանկ է կազմել և մտադիր է պատժելու Հորմուզի նեղուցը բացելու հարցում Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի անդամ երկրներին։

ՆԱՏՕ-ն կարող է չեղարկել ամենամյա գագաթնաժողովները կառույցի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման պատճառով։ Այսպիսի տեղեկություններ է հրապարակում միջազգային մամուլը։

Գագաթնաժողովների ժամանակ ԱՄՆ  նախագահի հետ շփումներից խուսափելու համար դաշինքի ղեկավարությունը քննարկում է 2028 թվականի հանդիպումը չեղարկելու հարցը։ Reuters-ը վստահեցնում է, որ գործակալությանն այս լուրը հայտնել են իր հավաստի աղբյուրները՝ եվրոպացի բարձրաստիճան մի պաշտոնյա ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների հինգ դիվանագետներ: Ամենայն հավանականությամբ  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները այսուհետև տարեկան չեն լինի: Ենթադրվում է, որ այդ կերպ փորձ է արվում  խուսափելու լարվածությունից, որը կարող է առաջանալ ԱՄՆ նախագահի հետ  հանդիպման ժամանակ։

Դոնալդ Թրամփը բազմիցս սուր քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարությանը՝ Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնին էական աջակցություն չցուցաբերելու համար։

2001 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի դիվանագետների հանդիպումները տեղի են ունենում ամեն տարի, սակայն դաշինքի որոշ անդամներ կարծում են, որ անհրաժեշտ է պակասեցնել գագաթնաժողովները։

Այս տարի դաշինքի անդամների հանդիպումը նախատեսված է 2026 թվականի հուլիսի 7-8-ը՝ Անկարայում։ 2027 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը պետք է լինի Ալբանիայում, իսկ 2028 թվականին արդեն կարող է հանդիպում տեղի չունենալ։

Reuters-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի պաշտոնյաներից մեկն այսպես է պարզաբանել իրավիճակը․

«ՆԱՏՕ-ն կշարունակի պետությունների և կառավարությունների ղեկավարների կանոնավոր հանդիպումները, իսկ գագաթնաժողովների միջև ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի դաշնակիցները կշարունակեն խորհրդակցել և որոշումներ կայացնել  համատեղ անվտանգության վերաբերյալ»։

AP-ը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է եվրոպացի որոշ առաջնորդների՝ սպառնալով դուրս գալ ՆԱՏՕ-ից։ Թրամփին զայրացնում է Իրանի դեմ պատերազմի շուրջ Հյուսիսատլանտյան դաշինքում խորացող պառակտումը։

Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի կարծիքով, սակայն, չնայած ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերություններում առկա լարվածությանը, երկու կողմերը դեռ հավատարիմ են միմյանց։

«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջև առկա ներկայիս անկայունությունը կվերանա, և մենք կանենք հնարավոր ամեն բան կողմերի միջև գործընկերությունն ամրապնդելու համար:

Ես հատկապես ուրախ եմ, որ ԱՄՆ-ի այդքան ուժեղ ներկայացուցչությունը եկավ Դուբրովնիկի գագաթնաժողովին՝ ցույց տալու իրենց նվիրվածությունը Կենտրոնական Եվրոպային և ընդհանուր առմամբ Եվրոպային: Կարծում եմ, որ մենք պետք է ամրապնդենք մեր ռազմավարական ինքնավարությունը: Մենք բոլորս ամրապնդում ենք մեր ռազմական կարողությունները, բայց միևնույն ժամանակ մենք պահպանել ենք մեր գործընկերային և բարեկամական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ»:

Սրան զուգահեռ Պենտագոնը քննարկում է ՆԱՏՕ-ին Իսպանիայի անդամակցությունը կասեցնելու հարցը։ DW գրում է, որ Իսպանիան ԱՄՆ վարչակազմին զայրացրել է հատկապես այն բանի համար, որ արգելել է օգտագործել իր բազաներն ու օդային տարածքը Իրանին հարվածելու  համար:

«ՆԱՏՕ-ին անդամակցության կասեցումը սահմանափակ ազդեցություն կունենա ԱՄՆ ռազմական գործողությունների վրա, բայց կունենա նշանակալի խորհրդանշական ազդեցություն», — գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Պենտագոնի ներքին էլեկտրոնային նամակը:

Պենտագոնի աղբյուրը գործակալությանը չի մանրամասնել, թե ինչպես է Վաշինգտոնը մտադիր հասնելու դրան: Բանն այն է, որ նման որոշումների համար անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների, այդ թվում՝ հենց Իսպանիայի համաձայնությունը:

ԱՄՆ-ի այս ենթադրյալ ծրագրերի մասին հաղորդագրությունների հրապարակումից հետո Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը վերահաստատել է իր երկրի հավատարմությունը դաշինքին:

«Իսպանիայի կառավարության դիրքորոշումը հստակ է՝ բացարձակ համագործակցություն մեր դաշնակիցների հետ, և այդ համագործակցությունը կարող է տեղի ունենալ միայն միջազգային իրավունքի շրջանակներում»:

Գերմանիայի իշխանությունները նույնպես մեկնաբանել են դաշինքին Իսպանիայի անդամակցությունը կասեցնելու առաջարկը:

«Իսպանիան ՆԱՏՕ-ի անդամ է, և դա փոխելու որևէ պատճառ չենք տեսնում»,— ասվում է Գերմանիայի կառավարության հաղորդագրության մեջ։

Չնայած Դոնալդ Թրամփը սպառնում է, որ ԱՄՆ-ն կարող է  դուրս գալ ՆԱՏՕ–ի կազմից, Պենտագոնի վերը նշված փաստաթղթում այդ տարբերակը չի քննարկվում, նշում է Reuters-ը: Նաև չի դիտարկվում Եվրոպայում ամերիկյան բազաները փակելու հարցը, սակայն չի բացառվում ամերիկյան ռազմական ներկայության կրճատումը:

Նախօրեին Politico-ն հաղորդել էր, որ Սպիտակ տունը ՆԱՏՕ-ի «լավ» և «վատ» դաշնակիցների ցանկ է կազմել։ Այսպես կոչված «վատերի» թվում այն երկրներն են, որոնք հրաժարվել են ռազմածովային ուժեր ուղարկել Հորմուզի նեղուցը բացելու համար:

Կարդացեք նաև

Back to top button