
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Այգեշատ գյուղում տարիներ առաջ բանջարեղենի ցանքատարածքը գրեթե հավասար էր պտղատու և խաղողի այգիների տարածքին: Հիմա այն զգալիորեն կրճատվել է՝ տեղը զիջելով այգիներին ու ջերմոցներին: Գյուղում ոռոգման ջուր ունեն, սակայն ներքին ցանցն անբարեկարգ է, ջրի կորուստը՝ մեծ: Դժվարանցանելի դաշտամիջյան ճանապարհների պատճառով հողերի մի մասը չի մշակվում:
10 տարի առաջ Այգեշատի բաց դաշտերում լոլիկ ավելի շատ էին աճեցնում, քան հիմա։ Տարիների հետ, չգիտես՝ ինչու, բերքի որակն ընկել է, ու բանջարաբույծներն աստիճանաբար հրաժարվել են լոլիկից: Գյուղի բնակիչներից Տիգրանն ասում է, որ ցանկանում է լոլիկ աճեցնել, սակայն բերքն արագ փչանում է:

«Այստեղ առաջ լավ լոլիկ ու սմբուկ էր լինում, գյուղացիները լավ մշակում էին, բայց հիմա ոչ մի բան չի լինում, ինչ սածիլ դնում ենք հողի մեջ՝ չի լինում: Չգիտենք՝ ինչից է, հողի որակից է, ո՞վ է իմանում: Ախր գյուղնախարարություն չունենք, որ գան մի բուռ հող վերցնեն, տանեն լաբորատոր հետազոտեն, տեսնեն՝ այստեղ ինչու էլ լոլիկ չի աճում: Այն ժամանակ այստեղ միշտ լավ լոլիկ ենք ունեցել, բայց հիմա էլ չի լինում: Չեն գալիս, վերահսկողություն չկա»:

Գյուղացիները ենթադրում են, որ պատճառը նաև ցեցն է, որը տարածված է լոլիկի դաշտերում: Իսկ անորակ բերքն իրացնելը դժվար է: Շատերն էլ վարկեր ունեն:
«Բոլորը վարկերի տակ են ու չի ծախվում պոմիդորը, ինչ մշակեն: Չի ծախվում պոմիդորը, լրիվ ծակեր են բերքի վրա»:

Հիմա լոլիկ սկսել են աճեցնել ջերմոցներում, իսկ բաց դաշտում կարտոֆիլ են ցանում: Գյուղացիները վարելահողերում այգիներ են հիմնել։ Տիգրանն էլ է հրաժարվել բանջարեղեն մշակելուց ու իր 1 հա տարածքում խաղողի այգի է տնկել: Տեխնիկական կանգուն սորտն է մշակում: Այգեշատում գյուղատնտեսական նշանակության շուրջ 250 հա-ից 45-ը խաղողի այգիներ են: Գյուղում խաղողի վերամշակման գործարան կա, բայց ասում են՝ սահմանափակ քանակությամբ են մթերում:

«Խաղողը տարբեր տեղեր են տանում, հանձնում: Տեղ չկա հանձնելու, էժան են հանձնում: Ով պայմանագիր ունի 140-150 դրամով է հանձնում, ով էլ չունի՝ չի հանձնում: Օրինակ՝ խաղողը, որ 150 դրամով են հանձնում, մեր վրա նստում է 100-130 դրամ: Արդեն աշխատուժը թանկացել է, եթե խաղող քաղողին բերում ես, որ մի օր քաղի՝ 8000 դրամ փող են ուզում: Բուժանյութը թանկ է, պարարտանյութը թանկ է, ամեն ինչն էլ թանկ է»:

Ավելանում են նաև պտղատու ծառերը։ Դեղձի, սալորի, ծիրանի, սերկևիլի այգիներն արդեն գրեթե 17 հեկտար են: Այգեշատում ոռոգման ջրի պակաս չկա՝ գյուղը Քասախ գետի ափին է, սակայն ջրատարների վիճակն է անբարեկարգ: Ոռոգման ներքին ցանցը նորոգման կարիք ունի՝ ասում է գյուղի վարչական ղեկավար Լիպարիտ Հարությունյանը:

«Մոտ 2800 գծամետր ոռոգման ջրատարի հիմնանորոգման անհրաժեշտություն կա: Կեսը հողային հունով է և պետք է նոր բետոնե կիսախողովակներ տեղադրվի, կեսն էլ՝ ջարդված կիսախողովակներ են՝ շատ անմխիթար վիճակում: Ոռոգման ջրի կորուստը մեծ է: Դրանք շուրջ 2000 մ են, խորհրդային տարիներից մեզ են հասել ու օգտագործման ենթակա չեն»:
Հույս կա, որ Այգեշատի ոռոգման ցանցը կնորոգեն հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրով: Գյուղում հիմնականում 3-րդ կարգի հողեր են, բայց մի մասը չի մշակվում, ասում է Լիպարիտ Հարությունյանը:

«Կան հողամասեր, որոնք մի քիչ գյուղից հեռու են գտնվում և ճանապարհների, չի կարելի ասել անանցանելի, բայց ոչ բարվոք վիճակի պատճառով չեն մշակվում: Նաև՝ բաց դաշտերում ոչ ձեռնտու մշակաբույսերի պատճառով կան ցանքատարածքներ, որոնք չեն մշակվում: Փոքր հողակտորները մեծ մշակությունների համար արդյունավետ չեն»:

Վարչական ղեկավարի խոսքով՝ այդ հողակտորները 2000-2500 քմ են: Այդ տարածքում ոռոգման ջրի խնդիր չկա, պարզապես դաշտամիջյան ճանապարհները պետք է հարթեցնել:





