ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Աճ բոլոր ոլորտներում, բացի գյուղատնտեսությունից․ ՎԿ-ն ամփոփել է եռամսյակը

Եռամսյակի կտրվածքով մակրոտնտեսական ցուցանիշները հուսադրող են։ Բոլոր ոլորտներում՝ բացառությամբ գյուղատնտեսության, աճ է գրանցվել։ Պատասխանատուները կարծում են, որ առաջիկա ամիսներին  դրական դինամիկան կշարունակվի։ Փորձագիտական դաշտում էլ արձանագրում են, որ նախորդ տարվա տնտեսական միտումները շարունակվում են նաև այս տարի։

7․1  տոկոս տնտեսական աճ՝ տարվա առաջին եռամսյակում։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝  երկնիշ աճ է գրանցվել շինարարության, արդյունաբերության ոլորտներում։ Ծառայությունների և առևտրի ոլորտում աճը բարձր է, բայց ոչ երկնիշ՝ մոտ 7․5 տոկոս։ Արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 4․5 տոկոսով։ ՖՆ մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է․

«Գրեթե բոլոր ճյուղերում աճ կա բացառությամբ գյուղատնտեսության ոլորտի։ Այստեղ գրանցվելէ 5.2 % թողարկման անկում,իսկ արդյունաբերության ճյուղում շուրջ 13.4 % աճ, շինարարության ոլորտում աճը 20 % –ից բարձր է։ Ծառայությունների ոլորտը նույնպես բարձր աճ ունի` շուրջ 7.4 %։ Նաև առևտրում աճ կա, բայց մի փոքր ավելի համեստ»։

Թե ինչով է պայմանավորված անկումը գյուղատնտեսության ոլորտում, Արշալույս Հարությունյանն այսպես է բացատրում։

«Գյուղատնտեսության անկումը 2 հիմնական պատճառ ունի։ Առաջինը որոշակի բազային էֆեկտն է․ անցած տարվա հունվար–մարտ ամիսներին բարձր աճ էր գրանցվել՝ 10.5 %, և այդ բազայի վրա այս տարի որոշակի ճշգրտումներ են եղել։ Բացի դրանից՝ այս տարի գյուղատնտեսության ոլորտը, եղանակով պայմանավորված, ավելի հետ է ընկել, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշի հիմքում գյուղատնտեսության թողարկումն է։ Գյուղատնտեսության մեջ գրանցում են նաև այն միջանկյալ աշխատանքները, որոնք գյուղատնտեսության ոլորտում իրականացվում են»։

Շինարարության դեպքում  կարևորվում է այն հանգամանքը, որ աճն արձանագրվել է  ոչ միայն Երևանում է, այլև՝ մարզերում։  Պատճառն, ըստ մասնագետների, այն է, որ եկամտային հարկի վերադարձի դրույթը մայրաքաղաքում արդեն չի գործում, փոխարենը ակտուալ է մարզերում։

«Եվ բնակչության միջոցներով, և կազմակերպության միջոցներով իրականացվող շինարարություններն աճում են, ինչը, կարծում եմ, նկատելի է նաև անզեն աչքով։ Երևանում և որոշակի մարզերում շինարարության ակտիվությունը բավականին բարձր է։ Շատ կարևոր է նշել, որ օրինակ, անցած տարի շինարարության ոլորտում էլի բարձր աճեր էին գրանցվել՝ 20 տոկոսի շուրջ, բայց անվանական աճն ավելի համեստ էր»։

Արդյունաբերության ոլորտի բոլոր ենթաճյուղերում աճն ակնհայտ է։ Բայց էական  նշանակություն ունի հանքարդյունաբերությունը։

«Պատկերը լավն է մշակող արդյունաբերության ոլորտում։ Հունվար–փետրվարը դիտարկելիս մոտ 14.5% աճ է արձանագրվել։ Այստեղ նաև խմիչքների և պատրաստի սննդի արտահանումն է աճ գրանցել, որը նաև արտահայտվել է արդեն մշակող արդյունաբերության ցուցանիշներում։ Մասնավորապես կոնյակի արտադրությունը և արտահանումը այս տարի, ինչպես նաև նախորդ տարվա դեկտեմբերին բարձր աճեր ունեին։ Քիմիական արտադրատեսակներն են աճեր գրանցել։ Այսինքն՝ մշակող արդյունաբերության մեջ մի շարք ոլորտներում կան դրական զարգացումներ։ Բացի այդ, արդյունաբերության մեջ նաև դրական զարգացում կա՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը»։

«Աքսես»  վերլուծական կենտրոնի ավագ հետազոտող Արմինե  Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ ընդհանուր առմամբ տարեսկզբից դիտվող միտումները պահպանվում են

«Մենք տեսնում ենք, որ անցյալ տարի մեր տնտեսության աճին հիմնականում նպաստում էին շինարարության և ծառայությունների ոլորտը, այս տարի ևս այդ միտումը պահպանվում է։ Այս տարեսկզբից մենք նկատում ենք նաև դրական միտումներ արդյունաբերության ոլորտում»։

2026 թ. մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 6.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 11.6%:  2026 թ. մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 6.8%-ով. արտահանումը նվազել է 12.6%-ով, իսկ ներմուծումը՝ 3.2%-ով: Առևտրաշրջանառության  ընդհանուր միտումները վերլուծելիս Արմինե Պետրոսյանն ընդգծում է․

«Տարեսկզբից ընդհանուր առմամբ արտաքին առևտրաշրջանառության տեմպերը նվազել են։ Երբ համեմատում ենք հունվար–փետրվարը նախորդ տարվա հետ (առաջին եռամսյակի տվյալները չկան), տեսնում ենք, որ նախորդ տարվա առաջին ամիսներին հատկապես կարևոր ապրանքներից արտահանում էինք կիսամշակ ոսկի, որը բավականին նշանակալի կշիռ ուներ մեր արտահանման մեջ։ Այս տարի արդեն այդ կիսամշակ ոսկու արտահանումը զգալիորեն նվազել է։ Հենց այդ նվազմամբ էլ պայմանավորված է ընդհանուր այդ ապրանքաշրջանառության արտահանման անկումը»։

Իրանում տեղի ունեցող իրադարձություններն առայժմ վիճակագրական տվայլների վրա շատ չեն ազդել։ Հայ–իրանական սահմանով արտահանումն ու ներմուծումն իրականացվում է  ոչ միայն Իրանի հետ ՝  հիշեցնում է  տնտեսագետը։ «Աքսես» վերլուծական կենտրոնի տվյալներով՝ 2025թվականին  ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառության շուրջ 9 տոկոսն անցել է  հայ–իրանական սահմանով։

«Որո՞նք են ամենազգայուն ապրանքները։ Եթե մենք շրջանցենք էլեկտրաէներգիան և գազը, որոնք բարտերային պայմանագրի սկզբունքներով են արտահանվում և ներմուծվում, ապա հիմնականում ներմուծում ենք շինարարության ոլորտում օգտագործվող տարբեր ապրանքներ, որը շինարարության ոլորտը բավականին զգայուն է դարձնում Իրանում տեղի ունեցող պատերազմի նկատմամբ, և արտահանում ենք հիմնականում ծխախոտ»։

Ֆինանսերի նախարարության ներկայացուցչի գնահատմամբ՝  իրանական պատերազմի ազդեցությունն առայժմ տնտեսական ցուցանիշների մեջ չի արտացոլվում։

Կարդացեք նաև

Back to top button